ԱԺ նախկին փոխխոսնակ Կարապետ Ռուբինյանը՝ ԲՀԿ-ի որոշման եւ հետագա քաղաքական զարգացումների մասին
– Հայաստանյան քաղաքական դաշտում դերակատար որոշ ուժեր առաջիկա նախագահական ընտրություններում իրենց մասնակցությունը պայմանավորում էին ԲՀԿ առաջնորդի կողմնորոշմամբ: Այդքան երկար սպասված որոշումն արդեն կա: Կարծում եք դա հստակությո՞ւն մտցրեց քաղաքական դաշտում:
– Ինչ որ չափով՝ այո: Բայց հստակություն մտցրեց նրանց համար, ովքեր իրենց գործողությունները պայմանավորում էին ԲՀԿ-ի գործողություններով: Իսկ ընդհանրապես, այդ գործընթացները դժվար է քաղաքական անվանել: Կլանի ներսում ինչ-որ փորձեր արվեցին՝ կշիռ ավելացնելու, իշխանություն կիսելու, անհամաձայնություն եղավ, հետո հարթվեց: Սա է ամբողջը, որը ոչ միայն դժվար է քաղաքական անվանել, ավելին՝ այդ գործընթացը շատ հեռու է ժողովրդին հուզող խնդիրներից, նրա սպասումներից:
– Տեւական ժամանակ հետեւելով ԲՀԿ-ական տարբեր դեմքերի հայտարարություններին, ԲՀԿ պատվիրակության վերջերս կատարած բրյուսելյան այցին, այնտեղից հնչած դիրքորոշումներին՝ տպավորություն էր, որ Գագիկ Ծառուկյանը պետք է հայտարարի իր առաջադրման մասին: Ձեր կարծիքով՝ ի՞նչը ստիպեց Գագիկ Ծառուկյանին փոխել դիրքորոշումը:
– Դժվարանում եմ ասել: Ճիշտ եք, որ դեպքերի զարգացման տրամաբանությունն այն էր, որ Ծառուկյանը պետք է դներ թեկնածությունը եւ այդպիսով, այնուամենայնիվ, այլընտրանքից վերածվեր ընդդիմության: Ինչպես տեսանք, այդ վերջին քայլը չհաջողվեց կատարել: Պատճառը ո՞րն է` համարձակության պակա՞սը, թե՞ վերահաս վտանգը սկզբում թերագնահատելը, չեմ կարող ասել: Համենայնդեպս, ճիշտ եղավ, լավ եղավ, որ այդպես եղավ: Որովհետեւ արհեստական, անծրագիր եւ անգաղափար նոր ընդդիմության գոյացումը որեւէ օգուտ չէր կարող տալ հասարակությանը:
– ԲՀԿ-ի որոշման առիթով հնչած վերլուծություններում նաեւ կարծիք կար, որ այսպիսով առավել անհրաժեշտություն է առաջանում ՀՀ առաջին նախագահի առաջադրման համար: Նման դիտարկում, մասնավորաբար, արել էր ՀՀՇ վարչության անդամ Երջանիկ Աբգարյանը: Կիսո՞ւմ եք այդ մոտեցումը: Կարծում եք` կառաջադրվի՞ առաջին նախագահը:
– Քիչ հավանական է, որ կառաջադրվի, եւ ցավալի է, որ առաջադրվել-չառաջադրվելը պայմանավորում են Ծառուկյանի առաջադրվել-չառաջադրվելու հանգամանքով:
Ինչ վերաբերում է առաջադրվելու դեպքում Տեր-Պետրոսյանի շանսերին, ապա, հաշվի առնելով, որ ըստ էության ոչ մի ընտրություն էլ տեղի չի ունենալու, իսկ հերթական կեղծված ընտրություններին հակազդելու ռեսուրս այլեւս չկա, կարելի է ենթադրել տխուր վերջաբան:
– Մեծ հաշվով՝ կարելի՞ է արդեն արձանագրել, որ ընդդիմությանը չհաջողվեց միավորվել եւ գործոն դառնալ:
– Ոչ, ինչո՞ւ: Դեռ պետք չէ արագ եզրակացություններ անել, դեռ բավական ժամանակ կա: Ըստ էության, ես չէի էլ դիտարկում ԲՀԿ-ին որպես սուբյեկտ` միասնական թեկնածու առաջադրելու կամ պաշտպանելու առումով: Մնացած ուժերը, իրենց բարի կամքի եւ վճռականության դեպքում, դեռ ժամանակ ունեն ինչ-որ մի համաձայնեցված քաղաքականություն մշակելու եւ կիրառելու:
– ՀՅԴ-ն նախաձեռնությամբ հանդես եկավ, որին ընդդիմադիր եւ այլընտրանք ուժերը սկզբունքորեն համաձայնություն տվեցին: Դրան հետեւեց դաշնակցական վերնախավի հանդիպումը ՀՀԿ եւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ, ինչը վերլուծությունների տեղիք տվեց, որ ՀՅԴ-ն «երթական խաղերն է խաղում», «Սերժ Սարգսյանի երգն է երգում»: Դուք նման տպավորություն ունե՞ք:
– Այդպիսի տպավորություն, իհարկե, ստեղծվեց, բայց հետո դրան ՀՅԴ ղեկավար կազմից հետեւեցին հավաստիացումներ, որ նման բան չկա: Այնքան էլ համոզիչ չեն: Եթե բացառում եք Սարգսյանին սատարելը, ապա ի՞նչ իմաստ ուներ այդ անպտուղ հանդիպումը: Դժվար է նաեւ հավատալ, որ ՀՅԴ-ն իսկապես հույս ունի այդ հանդիպումների շնորհիվ դարձի բերել, «բարեփոխել» Սերժ Սարգսյանին ու փոխել նրա մոտեցումները:
– Ամեն դեպքում՝ ՀՅԴ-ի մասով հույսերը դեռ պետք չէ՞ վերջնականապես կորած համարել:
– Հույսը վերջինն է մահանում: Դեռ ժամանակ կա: Միգուցե ինչ-որ բան հաջողվի: Բայց դրա հավանականությունը շատ փոքր է, եւ մինչեւ այս վերջին դեպքերն էլ, երբ պարզ չէր թե ինչով կավարտվի Ծառուկյանի էպոպեան, դարձյալ հավանականությունը շատ փոքր էր, որ կկարողանան միավորվել:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ