
Սաֆարյանը ՀՀ երկրորդ նախագահի վերադարձին ու գալիք նախագահական ընտրություններում մասնակցությանը չի հավատում, չնայած կարծում է, եւ փորձն էլ ցույց է տվել, որ քաղաքականության մեջ շատերն են վերադառնում: «Չեմ կարծում, որ նա կհամարձակվի մասնակցել այս ընտրություններին: Բացի այդ՝ մեր երեք նախագահներն էլ ունեն բնավորության մի գիծ, որը նրանց չափից դուրս ինքնասիրությունն է, ինչն էլ չեն թողնի, որ խոցվի նման կարգի պարտություններով: Այն, որ Քոչարյանի մասնակցությունը միանշանակ պարտություն է խոստանում՝ դրանում կասկած չունեմ: Ճիշտ նույն տրամաբանությամբ՝ բազմիցս հայտարարել եմ, որ օրինակ ես Լեւոն Տեր-Պետրոսյանի փոխարեն չէի ցանկանա քաղաքական կյանք վերադառնալ չափազանց շռնդալից ու հեռանալ 5-10 տոկոսով, կամ՝ Ռոբերտ Քոչարյանի նման անձնավորությունը չի կարող երկու անգամ նախագահ դառնալուց հետո մասնակցել ու պարտված դուրս գալ: Սրանք բաներ են որոնք նրանց բնավորություններին բացարձակ հակացուցված է».- համոզված է Սաֆարյանը: Նա նախագահական ընտրություններում պայքարը տեսնում է Սերժ Սարգսյանի ու Րաֆֆի Հովհաննիսյանի միջեւ:
Այն, որ պայքարը անսանձ է լինելու, դա հաստատ է, շեշտում է Սաֆարյանը, համոզմունք հայտնելով, որ նախագահական ընտրություններում երկրորդ փուլ է լինելու. «Սերժ Սարգսյանը էապես թուլացել է: Եվ եթե նույնիսկ ամբողջ երկրի ռեսուրսներն ու ֆինանսական միջոցներն էլ օգտագործվի, դա բավարար չէ մարդկանց բոլորին իրենց օգտին տնից հանելու: Այդ ամենն օգտագործելով, գուցե Սերժ Սարգսյանը հավաքի ձայների 30 տոկոսը, բայց միեւնույն է, դա հաղթանակ չէ, ոչ էլ առաջին փուլով ավարտելու արդյունք»:
Եվա ՀԱԿՈԲՅԱՆ


















































