Լրահոս
Օրվա լրահոսը

Ստյոպա Սաֆարյան. Ռոբերտ Քոչարյանը չի համարձակվի մասնակցել ընտրություններին

Դեկտեմբեր 14,2012 18:20

«Ես կարող է սխալվեմ, բայց չեմ հավատում նախագահական ընտրություններում Ռոբերտ Քոչարյանի առաջադրվելուն: Նա երբեք չի եղել հրապարակային քաղաքական գործիչ, որ հիմա հրապարակային ձեւով մտնի քաղաքական դաշտ: Բացի այդ, նրա հնարավոր հենարաններից մեկը կարող էր լինել ԲՀԿ-ն, իսկ հիմա ո՞ւմ միջոցով պետք է նա մտնի խաղի մեջ, ինքնաառաջադրո՞ւմ»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց «Ժառանգություն» կուսակցության գլխավոր քարտուղար Ստյոպա Սաֆարյանը, նշելով, որ Ռոբերտ Քոչարյանը խաղի մեջ երբեք միայնակ չի մտնի:

Սաֆարյանը ՀՀ երկրորդ նախագահի վերադարձին ու գալիք նախագահական ընտրություններում մասնակցությանը չի հավատում, չնայած կարծում է, եւ փորձն էլ ցույց է տվել, որ քաղաքականության մեջ շատերն են վերադառնում: «Չեմ կարծում, որ նա կհամարձակվի մասնակցել այս ընտրություններին: Բացի այդ՝ մեր երեք նախագահներն էլ ունեն բնավորության մի գիծ, որը նրանց չափից դուրս ինքնասիրությունն է, ինչն էլ չեն թողնի, որ խոցվի նման կարգի պարտություններով: Այն, որ Քոչարյանի մասնակցությունը միանշանակ պարտություն է խոստանում՝ դրանում կասկած չունեմ: Ճիշտ նույն տրամաբանությամբ՝ բազմիցս հայտարարել եմ, որ օրինակ ես Լեւոն Տեր-Պետրոսյանի փոխարեն չէի ցանկանա քաղաքական կյանք վերադառնալ չափազանց շռնդալից ու հեռանալ 5-10 տոկոսով, կամ՝ Ռոբերտ Քոչարյանի նման անձնավորությունը չի կարող երկու անգամ նախագահ դառնալուց հետո մասնակցել ու պարտված դուրս գալ: Սրանք բաներ են որոնք նրանց բնավորություններին բացարձակ հակացուցված է».- համոզված է Սաֆարյանը: Նա նախագահական ընտրություններում պայքարը տեսնում է Սերժ Սարգսյանի ու Րաֆֆի Հովհաննիսյանի միջեւ:

Այն, որ պայքարը անսանձ է լինելու, դա հաստատ է, շեշտում է Սաֆարյանը, համոզմունք հայտնելով, որ նախագահական ընտրություններում երկրորդ փուլ է լինելու. «Սերժ Սարգսյանը էապես թուլացել է: Եվ եթե նույնիսկ ամբողջ երկրի ռեսուրսներն ու ֆինանսական միջոցներն էլ օգտագործվի, դա բավարար չէ մարդկանց բոլորին իրենց օգտին տնից հանելու: Այդ ամենն օգտագործելով, գուցե Սերժ Սարգսյանը հավաքի ձայների 30 տոկոսը, բայց միեւնույն է, դա հաղթանակ չէ, ոչ էլ առաջին փուլով ավարտելու արդյունք»:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31