
Արտակ Շաբոյանը, ներկայացնելով իր աշխատանքը տարեկան կտրվածքով, հայտարարեց, որ նախորդ տարիներին տուգանքի մեծությունը չի գերազանցել 10 միլիոն դրամը: Aravot.am-ի ճշտող հարցին, թե պետբյուջե մուծված գումարի մասի՞ն է խոսքը, եւ եթե այո, ապա նախորդ տարիներին էլ է եղել միլիոնների տուգանքներ, պարոն Շաբոյանն ասաց` չի եղել: Նկատենք, որ Արտակ Շաբոյանը հանձնաժողովի նախագահի պաշտոնը ստանձնել է 2010-ի մարտին: Մինչդեռ հանձնաժողովի կայքում տեղադրված հաշվետվությունների համաձայն՝ 2007 թվականին հանձնաժողովը գումարել է 21 նիստ եւ ընդունած 111 որոշումների արդյունքում տնտեսվարող սուբյեկտներից պետբյուջե է գանձվել 15 221 792 դրամ:
2008 թվականին հանձնաժողովի կողմից ընդունված տուգանք սահմանող 14 որոշումների հիման վրա տնտեսվարող սուբյետներից պետբյուջե է գանձվել 105 682 379 դրամ: 2010 թվականին հանձնաժողովի կողմից ընդունված տուգանք սահմանող որոշումների հիման վրա պետական բյուջե է գանձվել 22 439 180 դրամ:
Նշենք, որ մինչ պարոն Շաբոյանի` ՏՄՊՊՀ-ի նախագահ նշանակվելը, տուգանքի չափը որոշվում էր այլ սկզբունքով եւ այլ չափով. եթե այժմ տնտեսվարողին տուգանում են նախորդ տարվա շրջանառության 1 %-ի չափով, ինչը մեծ շրջանառություն ունեցող ընկերությունների դեպքում բավականին մեծ գումարի է հասնում` ընդհուպ`հարյուրավոր միլիոնների, ապա նախկինում հստակ թիվ էր սահմանված` մինչեւ 5 միլիոն դրամ:
Ա. Շաբոյանի տվյալներով՝ 2011 թվականին պետական բյուջե մուծված
տուգանքները կազմել են 229 միլիոն դրամ: Հանձնաժողովը խախտումները հայտնաբերել է ուսումնասիրելով բենզինի, դիզվառելիքի, պարարտանյութերի, երշիկի արտադության, տրանսպորտի, հեռահաղորդակցության դեղորայքի եւ այլ շուկաներում: Խոշոր ընկերություններից տուգանվել են բենզին ներկրող CPS ընկերությունը, «Հարավկովկասյան երկաթուղիները», «Հայաստանի էլեկտրացանցերը», «ԱրմենՏելը», «Հայփոստը»: Արտակ Շաբոյանի խոսքերով, ամենաուշագրավը պետգնումների ոլորտն է եղել, որտեղ ուսումնասիրությունները պարզել են, որ բուժհաստատությունները, դեղեր վաճառող տնտեսվարողները հակամրցակցային համագործակցության են եկել եւ պետությանը վնասներ տվել:
Կարդացեք նաև
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ


















































