Լրահոս
Օրվա լրահոսը

Առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը «մեծ ձկներին» դեռ փնտրում է

Դեկտեմբեր 26,2012 14:56

Aravot.am-ը առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանից հետաքրքրվեց, թե որպես ոլորտի մասնագետ, ի՞նչ կարծիք ունի տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի այն որոշման մասին, որով տասնյակ բուժհիմնարկների տնօրեններ տուգանվեցին մեծ գումարներով` դեղերը պետգնումներով թանկ գներով ձեռք բերելու համար, մինչդեռ բուժհիմնարկների ղեկավարները պնդում են, որ եթե հանձնաժողովի տրամաբանությամբ առաջնորդվեին եւ էժան դեղեր գնեին, ապա դրանք կլինեին անորակ եւ անարդյունավետ:

«Այդ խնդիրն իսկապես կա եւ դեղորայքի ոլորտում, եւ վիրահատական շատ պարագաների ոլորտում: Մեր մասնագետները դժգոհում են, որ եթե մենք մրցույթ ենք հայտարարում եւ մրցույթի արդյունքում շահում է մի կազմակերպություն, որը բերում է ավելի էժան գնով եւ դեղորայք, եւ պարագաներ, դրանց արդյունավետությունը շատ ցածր է, ասենք` վիրահատական ձեռնոցները, չինական ձեռնոցները, ինձ մասնագետները բացատրել են, որ 10 հատ օգտագործելուց, մեկը հաջողվում է, որ չպատռվի եւ ինքը մտնի վիրահատարան, կամ վիրահատական թելերը, շատ դեպքերում, վիրահատության ժամանակ կտրվում են, անորակ լինելու պատճառով: Ամբողջ աշխատակազմով համապատասխան կառույցները նստած չափորոշիչներ են որոշում, թե ինչպիսի պարամետրեր նկարագրեն մրցույթի արդյունքում, որ ուղղորդում չլինի, այսինքն` չասեն այս ֆիրմայի դեղը պետք է լինի, ինչը բոլորիս մոտ էլ կասկածներ կարող է առաջացնել, որը նաեւ որակյալ լինի, որպեսզի արդյունքում մեր միջամտություններն ավելի արդյունավետ լինեն»:

Այսօր կառավարության մամուլի կենտրոնում նախարարն ամփոփեց անցնող տարին: Ըստ նրա, կշարունակեն մարզային հիվանդանոցները արդիականացնել։ 2013-ին կսկսվեն Մեղրու տարածաշրջանային բժշկական կենտրոնի նոր շենքի կառուցման եւ Կապանի բժշկական կենտրոնի մասնաշենքերի վերանորոգման աշխատանքները։ Վանաձորում կկառուցվի 190 մահճակալ ունեցող, 3-րդ մակարդակի բազմաֆունկցիոնալ բժշկական նոր կենտրոն։

Պարոն Դումանյանի խոսքերով, այս պահին մարզերում 259 բուժաշխատողի` գինեկոլոգ-մանկաբարձի, անեսթեզիոլոգի, վիրաբույժի, էնդոկրինոլոգի թափուր հաստիքներ կան: Խոսելով դեղերի շուկայից, նախարարը վստահեցրեց, որ դեղերի մասին օրենքը բարեփոխելուց հետո ունենալու ենք որակյալ դեղեր, իսկ կեղծ, չգրանցված, անօրինական դեղերի մուտքը մեր երկիր` կկանխվի: Այս ոլորտում մրցակցություն եւ գների իջեցում ապահովելու համար արդեն գործում է դեղերի գների մշտադիտարկման կարգ եւ շտեմարան: Նախարարը նաեւ հայտնեց, որ ծրագրել են 10 %-ով բարձրացնել պոլիկլինիկ ծառայության աշխատակիցների աշխատավարձերը: Ոլորտի պատասխանատուն մտադիր է նաեւ պարտադիր բժշկական ապահովագրության ինստիտուտը ներդնել` 2014-ից այն աստիճանաբար ուժի մեջ կմտնի:

Հարցին, թե Դերենիկ Դումանյանը հետեւե՞լ է ՀՀ նախագահի` հայտնի խորհրդակցությանը հնչած այն հորդորին, թե «մեծ ձկներին պետք է գլխից բռնել» եւ գտե՞լ է, արդյոք, նախարարությունում մեծ ձկներ, նախարարը պատասխանեց.
«Առողջապահության համակարգում ուզում ենք հայտնաբերել այդ մեծ ձկներին, որպեսզի գլխից բռնենք: Բայց ես որեւէ խնդիր չունեմ, եւ եթե այս աշխատանքի ընթացքում կհայտնվեն մարդիկ, որոնք պարտաճանաչ չեն լինի իրենց գործառույթները կատարելիս, անկախ նրանից՝ մեծ է, փոքր է պաշտոնով, որեւէ ներում չի լինելու նրանց նկատմամբ»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Տեսանյութը՝ «Ա1+»-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31