Չենք հիշում, որ Հայաստանի առողջապահության նախկին նախարարներից որեւէ մեկն այսպիսի ակտիվություն դրսեւորեր նախընտրական քարոզարշավների ընթացքում, չնայած այն իրողությանը, որ նախարարի պաշտոնը քաղաքական է, բայց ելնելով ոլորտի առանձնահատկություններից, առողջապահության նախարարները մշտապես ավելի բարձր դիրքերում են մնացել։
2012-ին առողջապահության ոլորտը 2 տարի ղեկավարած Դերենիկ Դումանյանը չի հիշում որեւէ առողջապահության նախարարի, որն ակտիվ ներգրավված լիներ նախընտրական քարոզարշավին։ Նա եւս ընդգծեց, որ թեեւ նախարարի պաշտոնը քաղաքական է, բայց ցանկացած նախարարի անձնական նախընտրության հարցն է։ «Մեկն ավելի շատ իր աշխատանքն է սիրում, մեկը՝ քաղաքական դիրքը։ Իհարկե, նախարարները կարող են մասնակցել քարոզարշավին, բայց նախընտրության հարց է, եւ կարծում եմ՝ ակտիվ մասնակցողներին է պետք հարցնել իրենց մասնակցության մոտիվի մասին, գուցե նաեւ քաղաքական թիմն է այդպես պահանջում»,- ասաց Դումանյանը։
Եթե անգամ պահանջում են մասնակցել քարոզարշավին, կարելի՞ է արդյոք անխտիր հավանության արժանացնել բռնության, վիրավորանքի բոլոր խոսքերը, որ հնչեցնում է Փաշինյանը։ «Առողջապահության նախարարը, իմ կարծիքով, ավելի գթասիրտ մարդ պետք է լինի եւ դեմ` ցանկացած բռնության, ես այսքանը կարող եմ ասել»։
Խոսելով 16-րդ պոլիկլինիկայի բժշկուհի Արփինե Սողոյանին պատժելու մասին՝ Դումանյանն ասաց, որ այդ միջադեպը չի կարող պատճառ դառնալ նրան հեռացնելու համար, տիկինն իր քաղաքական, քաղաքացիական դիրքորոշումն է հայտնել, եւ դա չի խանգարում իր աշխատանքային գործունեությանը։
Կարդացեք նաև
Հարցրինք՝ ժամանակին ՀՀԿ-ի ցուցումով քանի՞ անհնազանդ, ընդդիմադիր աշխատակցի է հրահանգել ազատել աշխատանքից։ Դումանյանը վստահեցրեց. «Ոչ մի։ Մեր ժամանակ էլ կային ընդդիմադիրներ, հենց մեր դիմաց հայտնում էին այդ մասին, բայց դրա համար հո չէի՞նք ազատելու մարդուն։ Մարդուն աշխատանքի ընդունում եւ ազատում են իր պրոֆեսիոնալ, մասնագիտական կարողությունների, ոչ թե քաղաքական հայացքների համար։ Ես ճիշտ չեմ համարում, որ մարդուն պետք է ազատեն այդ միջադեպի համար։ Նույնն էլ՝ նկատողություն տալը։ Եթե նա աշխատանքում թերացել է, իհարկե, կարող են նկատողություն հայտնել ու հեռացնել, բայց եթե պետք է քաղաքական հայացքների համար նկատողություն տան, իրավաբաններն էլ կասեն, որ դա չի կարելի»:
Հիմա հիմնավորում են, որ աշխատանքից բացակայել է։ «Աշխատանքից անհարգելի բացակայություն, իհարկե, չի կարելի, բայց չեմ էլ կարծում, որ դա նկատողության հարց է, հատկապես որ առաջին անգամ է նման բան տեղի ունենում։ Եթե կրկնվում է, այո, կարելի է նկատողություն տալ, զգուշացնել, որ չի կարելի, առավել եւս՝ եթե որեւէ հիվանդ դրա պատճառով տուժել է»,- ասաց նախկին նախարարը։
Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում


















































