Լրահոս
Օրվա լրահոսը

Մարգար Օհանյանով սկսեցինք, ավարտեցինք «Մատաղիսի գործով» արդարացմամբ

Դեկտեմբեր 28,2012 15:07

 Տարին հարուստ էր դատական գործընթացներով

«Առավոտի» տեսախցիկներն ու ձայնագրիչներն անպակաս են եղել ինչպես մարզերի դատական ատյաններում, այնպես էլ մայրաքաղաքի տարբեր ատյաններում ընթացող դատավարությունները լուսաբանելիս:

Տարին սկսվեց ՀՀ Ճանապարհային ոստիկանության նախկին պետ Մարգար Օհանյանի, սպայական գումարտակի հրամանատար Ստեփան Կարախանյանի եւ ՃՈ աշխատակիցների դեմ հարուցված քրեական գործով:

Տարին ավարտվում է «Հարսնաքար» ռեստորանային համալիրում այս տարվա հունիսի 17-ին ծեծի արդյունքում սպանված ՊՆ ռազմական բժիշկ Վահե Ավետյանի գործի դատաքննությունը չավարտված, զինվորներ Արտակ Նազարյանի, Հայկ Խաչատրյանի մահվան հանգամանքները դեռ չպարզած, մի շարք պաշտոնատար անձանց առանձնատների եւ նրանց ինչքի գողության համար մեղադրվող Արտուշ Հակոբյանի, Քյարամ Ամոյանի եւ մյուսների («Բանդայի») գործերը գալիք տարվան «ձգած»:

Տարվա քաղաքական դատավարությունը կարող ենք համարել ՀԱԿ ակտիվիստների՝ Տիգրան Առաքելյանի, Դավիթ Քիրամիջյանի, Սարգիս Գեւորգյանի…գործը, նաեւ ՀԱԿ ակտիվիստ Վարգես Գասպարիի՝ իշխանության ներկայացուցչի դեմ ոտնձգությունների համար ընթացած մի քանի դատավարությունները:

Շատ դատարաններում թերթը եղել է միայնակ:

Մեզ համար չկան հնչեղ գործեր. մեզ համար եղել են դատարանների վարույթում գտնվող գործեր, որոնք հետաքրքրել են մեր ընթերցողներին:

Այդպիսի դատաքննություններից էին Հայաստանի, թերեւս, միակ մասնավոր խուզարկու Վլադիմիր Թուրաբյանի, համակարգչային հակեր, հատուկ հարուցիչների ստեղծող, միլիոնավոր համակարգիչներ վնասած Գեորգի Ավանեսովի, Վրաստանում 10 գիրք գնած, բայց հայ ժողովրդի «զգացումները» խաթարած Սպարտակ Ակոջյանի դեմ հարուցված քրեական գործերը:

Վլադիմիր Թուրաբյանին դատարանը դատապարտեց 1 տարվա ազատազրկման, քանի որ նա, ըստ գործի նյութերի, գումարներ էր ստացել պաշտոնյաների կանանցից՝ իրենց սիրեցյալներին հետեւելու համար:

Ոչ պակաս աղմկահարույց էր օտարերկրացի ամբաստանյալների՝ իտալացիների գործը: Վինչենցո Տորինոն եւ Անտոնիո Կավերինը ներկայացել էին «Արմենիա» հյուրանոցի մենեջերներ, մեր քաղաքացիներին «գցել» 950 եւ 500 դոլար գումար: Նրանք անգամ լաց եղան ՀՀ խորհդանիշի՝ դատավորի գլխավերեւի զինանշանի եւ մեր դատարանը պատված իրենց դեսպանի հայացքի առաջ: Իտալացիներից հետո որեւէ օտարերկրացի չի լացել Հայաստանի դատարանում: Անգամ ռումինացիները, վրացի, ՀՀ ազգային գրադարանից 150 միավոր հնատիպ գրքերի գողության համար երկու օր առաջ դատապարտված Վաժա Ազիարաշվիլին, նիգերացիները, որոնք ներկայացել էին իբրեւ իրենց հանրապետության նախագահի ազգականներ եւ խաբել էին մեր քաղաքացիներին:

Օտարերկրացիների կատարմամբ աղմկահարույց էր նաեւ ռումինացի Դրագոշ Բոդեզատուի դեմ հարուցված քրեական գործի լուսաբանումը: «Քիշտրուլյա» մականունով այս ռումինացին ՀՀ բանկոմատներից հափշտակել էր առանձնապես խոշոր չափի գումարներ:

«Զվարճալի» կարելի էր համարել «Անհաղթ» համատիրության դեմ բնակչի դատն ու վերջինի հաղթանակը: «Անհաղթը» բնակչից պահանջել էր 56 224 ՀՀ դրամ գումար, ինչը դատարանը մերժեց:

Ոչ պակաս հետաքրքիր էր ՊՆ ակումբներից մեկի պետ Արմեն Գասպարյանի քրեական գործի պատմությունը. նա ոսկյա մատանիներ, վզնոցներ, ականջօղեր, զարդեր էր գնել իբրեւ զինվորների համար, ապա յուրացրել դրանց վաճառքից ստացված գումարները:

«Ամսվա աղմկահարույց դատը» անվանակարգում հավանաբար տեղ գտներ Սատանիստ Բայանդուր Պողոսյանի եւ «Մեկ ազգ» կուսակցության միջեւ ծագած դատական վեճը, երբ կողմերը վիճարկում էին պատիվ, արժանապատվություն եւ վիրավորանք: Նրանք վիրտուալ իրականության մեջ ծագած վեճը տեղափոխել էին իրական իրականություն:

«Տարվա հանցագործությունը» «Փուչիկների գործն» էր:

Մայիսի 4-ի ՀՀԿ հարահավաքի ժամանակ գազով լիցքավորված փուչիկների պայթյունից վիրավորվեցին, տարբեր աստիճանի այրվածքներ ստացան 154 եւ ավելի քաղաքացիներ: Այս գործով 1 տարվա ազատազրկման դատապարտվեց Սերոբ Բոզոյանը, որը տառապում էր քաղցկեղով եւ տարին կդիմավորի հիվանդանոցում, քանի որ դատավճռից հետո վիրահատության է ենթարկվել:

«Տարվա հաղթանակը» Մատաղիսի գործով Արայիկ Զալյանի, Մուսա Սերոբյանի, Ռազմիկ Սարգսյանի արդարացումն էր (20

04թ.-ին կատարված զինվորների սպանության գործով): Հիշեցնենք, որ նրանք Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի կողմից դատապարտվել էին 15 տարվա ազատազրկման, ապա՝ ՀՀ վերաքննիչ դատարանի կողմից՝ ցմահ ազատազրկման: ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահ Մհեր Խաչատրյանի նախագահությամբ նրանք ազատ արձակվեցին դատարանի դահլիճից: Մհեր Խաչատրյանը ազատվեց պալատի նախագահի պաշտոնից եւ…հայտնվեց Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում:

Այս տարվա հաղթանակն եմ նաեւ համարում 80-ից ավելի արդարացման դատավճիռները:

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31