Լրահոս
Օրվա լրահոսը

Անգլիան էլ «դավաճանեց». ո՞վ է հաջորդը…

Հունվար 24,2013 13:37

Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Քեթրին Լիչը հունվարի 22-ին իր բլոգում գրառում էր կատարել, որտեղ անդրադարձել էր փետրվարի 18-ի Հայաստանի նախագահական ընտրությունների համատեքստում ստեղծված ներքաղաքական իրավիճակին, ընտրական գործընթացին, ներկայացրել էր այն ոլորտների խնդիրները, որոնց իշխանությունները, իր կարծիքով, պետք է ուշադրություն դարձնեն:

Լիչը նախ հայտնել էր, որ վերջին մի քանի շաբաթների ընթացքում տարբեր երկրներում գործող Միացյալ Թագավորության դեսպանները Լոնդոնի իրենց գործընկերների համար գրում են 2012-ի տարեկան հաշվետվությունները, նշել էր Երեւանում Բրիտանական դեսպանատան համար 2012-ի նշանակալի իրադարձությունները: Ապա գալով 2013-ին՝ Ք. Լիչը գրել էր. «Հորիզոնում փետրվարի 18-ի նախագահական ընտրություններն են: Ուրախ եմ, որ Միացյալ Թագավորությունը 25 դիտորդ է ունենալու ԵԱՀԿ/ԺՄՀԻԳ առաքելության կազմում: Մենք իսկապես ողջունում ենք նախագահ Սարգսյանի՝ լավագույն ընտրություններ անցկացնելու մասին հայտարարությունը, բայց նաեւ ցավում, որ խորհրդարանի երեք հիմնական ընդդիմադիր կուսակցություններից որեւէ մեկը սեփական թեկնածուով հանդես չի գալիս այս ընտրություններին, եւ որեւէ մեկին չեն աջակցում: Ո՞րն է այս կուսակցությունների չմասնակցելու պատճառը՝ ֆինանսական խնդիրնե՞րը, թե՞ արդար արդյունքի նկատմամբ հավատի բացակայությունը, կամ գուցե նրանք իրականում ընդդիմադիր կուսակցություններ չեն, որքան մենք ենք պատկերացնում»:

Այնուհետեւ դեսպանը շարունակել էր. «Եթե համարենք, որ կուսակցությունները ֆինանսական խնդիրներ ունեն, արդյոք դրա պատճառն ա՞յն է, որ հնարավոր հարուստ աջակիցները անհանգստացած են, թե ինչ կլինի իրենց բիզնեսին, եթե նրանք սխալ մարդու վրա դնեն շեշտը: Հնարավոր է նաեւ, որ նրանք չեն գտել իրենց «մեսիջը» հղելու ճիշտ ձեւը եւ հասարակության կողմից նվիրատվություն ստանալ չի հաջողվել…»:

Դեսպանի հարցադրումը, թե որոնք են ԲՀԿ-ի, ՀԱԿ-ի եւ ՀՅԴ-ի՝ նախագահական ընտրություններում չմասնակցելու, թեկնածու չունենալու եւ որեւէ թեկնածուի չպաշտպանելու պատճառները, մասնավորապես հետեւյալ նախադասությունը՝ «ֆինանսական խնդիրնե՞րը, թե՞ արդար արդյունքի նկատմամբ հավատի բացակայությունը, կամ գուցե այն, որ նրանք իրականում ընդդիմադիր կուսակցություններ չեն», ոչ միայն համացանցում ՀԱԿ համակիրներ օգտատերերի քննադատությանն է արժանացել, այլեւ հրապարակումներ կան այն մասին, թե դիվանագետը գերազանցել է միջազգային իրավունքի նորմերով վերապահված լիազորությունների շրջանակը, կողմնակալ մեկնաբանություններ է ներկայացրել հյուրընկալող երկրում տեղի ունեցող ներքաղաքական գործընթացների վերաբերյալ ոչ թե կոնֆիդենցիալ զեկույցում, այլ իր բլոգում: Լիչին «անհիմն ենթադրություններ» ներկայացնելու մեջ մեղադրողները դա բացատրում են հայաստանյան ներքաղաքական գործընթացներում պատճառահետեւանքային կապով, նույնիսկ կանխատեսում են, որ դեսպանի գրառումը միջազգային դիվանագիտական սկանդալի վերածվելու բոլոր նախադրյալներն ունի:

Լիչի գնահատականները կոշտ եւ ոչ դիվանագիտական համարելուց առաջ, սակայն, նախ՝ արժեր նկատել, որ ընտրությունների արդյունքների նկատմամբ հավատի բացակայության մասին նշելով՝ դեսպանը ակնհայտորեն ներկայացրել է Հայ ազգային կոնգրեսի դիրքորոշումը, երբ պատճառաբանել էին, թե ինչու չեն մասնակցում ընտրություններին եւ սատարում որեւէ մեկին: Հիշեցնենք, որ դեկտեմբերի վերջին ՀԱԿ-ը հայտարարություն տարածեց, որում նշելով մի շարք պատճառներ՝ հիմնավորեց իր քայլը. «ՀԱԿ-ը անիմաստ է համարում ֆարս դարձած ընտրություններին մասնակցությունը»: Այս առումով ընդդիմադիրների զայրույթն անհասկանալի է: Բացի այդ՝ կրքեր բորբոքած նախադասությունը դեսպանը շարադրել է հարցականով, իր պատկերացումները հարցադրումներով է ներկայացրել:

Սակայն, իհարկե, եթե առաջնորդվում ես «դավաճաններ» փնտրելու եւ մատնանշելու ավանդույթով, ապա կարելի է անգամ բողոքի ակցիա էլ կազմակերպել «բուրժուական» այդ երկրի դեսպանատան դիմաց… Կամ, օրինակ, կարող է պարզվել, որ Մեծ Բրիտանիայի դեսպանի գնահատականից անձամբ Գագիկ Ծառուկյանն է վիրավորվել՝ հիմք ընդունելով դիվանագետի ակնարկն այն մասին, թե ընտրությունները բոյկոտող կուսակցությունները գուցե «ֆինանսական խնդիրներ ունեն»… Դաշնակցականներն էլ վստահաբար խանդավառված չեն լինի այն մտքից, եթե իրենց վերագրեն դեսպանի ակնարկը, թե ունակ չեն կամ չեն գտել հասարակությանն իրենց «մեսիջը» հղելու ճիշտ ձեւը…

Այո՛, իսկ ինչու ոչ… Նախագահական ընտրապայքարի մեկնարկին կարելի է համախմբվել ընդդեմ Մեծ Բրիտանիայի, մեր երկրի դեսպանին «հանցավոր ռեժիմին» ծառայելու մեջ մեղադրել՝ առաջնորդվելով բոլորը «մեր դեմ են» ու «ծախված» հիմնավորում-արդարացումներով, հարստացնելով «դավաճանների» շարքը՝ Արամ Զավենի Սարգսյան, Անդրանիկ Քոչարյան, Դավիթ Շահնազարյան, Հրանտ Բագրատյան, Պետրոս Մակեյան, Սոս Գիմիշյան, այժմ էլ՝ Քեթրին Լիչ: Չպետք է մոռանալ անշուշտ նաեւ «թշնամի» մամուլին՝ «Լրագիր», «Առաջին լրատվական», «168 ժամ», «Հրապարակ», «Առավոտ»…

Իսկ եթե ավելի լուրջ, ապա նրբանկատ քննադատների դժգոհությունները կարելի էր արդարացված համարել, եթե ՀԱԿ-ի եւ ԲՀԿ-ի գործունեության վերաբերյալ նախանձելի հետեւողականությամբ հանդես եկող մեկ այլ երկրի քաղաքացու՝ Մոսկվայի «Միաբանություն» հայկական ազգային ակումբի ղեկավար Սմբատ Կարախանյանի գնահատականներն էլ ուշադրության արժանանային (իհարկե՝ նա դիվանագետ չէ, բայց նրան էլ անթաքույց համարում են ՀԱԿ-ի եւ ՌԴ իշխանական շրջանակների միջեւ «կապող օղակ»):

Որեւէ մեկը կարո՞ղ է բացատրել Կարախանյանի կողմից ԲՀԿ-ին եւ ՀԱԿ-ին ուղղված հանձնարարական-ցուցումների նպատակը: Հունվարի 20-ին «Առաջին լրատվական»-ին տված հարցազրույցում, օրինակ, նա նշել է. «ՀՀ քաղաքական դաշտը գնալու է նոր ձեւաչափի վերաձեւավորման, միանշանակ է այդ հարցը: Իմ կարծիքով՝ նոր քաղաքական ձեւաչափ կլինի ՀԱԿ-ի եւ ԲՀԿ-ի միջեւ՝ քաղաքական եւ գաղափարական պայքարի նոր ձեւաչափ»: Կամ այս միտքը՝ «Լեւոն Տեր-Պետրոսյանի չառաջադրումը, դրանից հետո ստեղծված իրավիճակը, նախագահական ընտրությունների վերաբերյալ ԲՀԿ-ի դիրքորոշումը ստիպում են նոր տարբերակի, այլ տարբերակ չկա, պետք է լինեն նոր ձեւաչափեր: Նոր ձեւաչափերն, իմ կարծիքով, ավելի շատ միտված են դրական փոփոխությունների, քան բացասական»:

Ավելի վաղ՝ դեկտեմբերի 12-ին, երբ ԲՀԿ-ն հայտարարեց, որ որեւէ թեկնածու չի առաջադրում եւ չի սատարում, մեկ օր անց Կարախանյանը խոսեց ՀԱԿ-ի անելիքների մասին՝ նշելով կոնկրետ քայլերը. «ՀԱԿ-ը իրավունք չունի մի կողմ քաշվել, պետք է շարունակի պայքարել: Միգուցե Լ. Տեր-Պետրոսյանը երկմտում է առաջադրվել-չառաջադրվելու մասին, բայց ՀԱԿ-ը պետք է շարժում ձեւավորի եւ պայքարի դուրս գա: Լ. Տեր-Պետրոսյանը չի առաջադրվի, թող նոր մարդ բերեն: Թող 10 երիտասարդ բերեն, նրանց մեջ քվեարկություն անեն, հրավիրեն քաղաքացիական շարժումներին ու դուրս գան պայքարի: … ՌԴ իշխանություններն ասում են՝ կլինի համաժողովրդական պայքար, կսատարենք դրան: Ես ամենայն պատասխանատվությամբ եմ հայտարարում: Կարեւոր չէ՝ դա քաղաքական ուժերի միավորմամբ կլինի, թե կլինի քաղաքացիական նախաձեռնությունների, ժողովրդի շարժում: ՌԴ-ն ասում է, որ մենք սատարելու ենք ժողովրդական շարժմանը»: Կարախանյանն այնուհետեւ շեշտել էր, որ դաշտը պետք է մաքրվի, հակառակ դեպքում շարունակությունը շատ ավելի վատ է լինելու. «Այնուամենայնիվ, ՀՀ-ում, երբ ցանկացած օլիգարխ, ցանկացած մեծահարուստ ինչ-որ ժամանակ շրջադարձ կատարի ու կանգնի ժողովրդի կողքին, նրան պետք է ընդունել: Իհարկե, վատ կլինի, որ դա միայն քաղաքական նեղ նպատակների համար արվի: Ծառուկյանն ավելի շատ գործարար է եւ ուզում է այդ ոլորտում աշխատել: Եթե նա բնականորեն է մտել քաղաքականություն, դա լավ է, բայց եթե արհեստական էր, լավ չէ»:

Մի՞թե այս գնահատականները «հայաստանածին» քաղաքական ուժերի գործունեությանն ու երկրի ներքին գործերին խառնվելու ակնհայտ հավակնություններ չեն…

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031