Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեր դիվանագիտությունը մի զբոսայգում իշոտնուկ դրած, վրան նստած է, մեր դրոշն էլ վերեւը կախած։ Մի տեղ տանիքն է կաթում, մի տեղ հատակն է ծակ»․ Նիկոլ Փաշինյան

Սեպտեմբեր 07,2023 13:47

Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպանությունը 1992 թվականից ի վեր տեղակայված է Լոնդոնի Հայ տան (լուսանկարում) կողմից տրամադրված շենքում, որը դեսպանությանը տեղեկացրել է 2024 թվականին տարածքը ազատելու անհրաժեշտության մասին, տվյալ շինությունում ՀՀ դեսպանությունը զբաղեցնում է երկու փոքր սենյակ։ Այս մասին նշված է Լոնդոնում ՀՀ դեսպանության համար նոր շինություն ձեռք բերելու մասին կառավարության որոշման նախագծում, որը ներառված էր այսօրվա նիստի օրակարգում։

2023 թվականի ապրիլ ամսից Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպանության կողմից բանակցություններ են իրականացվել Լոնդոնի 31 Ա Սեյնթ Ջեյմս հրապարակում տեղակայված անշարժ գույքի ձեռքբերման նպատակով: Որոշման նախագծի հիմնավորման մեջ նշված է, որ այս անշարժ գույքը գտնվում է Լոնդոնի կենտրոնական մասում, մի շարք դեսպանությունների, Միջազգային հարաբերությունների թագավորական ինստիտուտի, ՄԹ արտաքին գործերի նախարարության (Foreign Office), ՄԹ խորհրդարանի և ՄԹ վարչապետի, պաշպանության նախարարության, անվտանգության խորհրդի եւ այլ պետական մարմինների հարեւանությամբ։

Շենքը ձեռքբերվելու է սեփականության իրավունքով: Այն ունի պատմամշակութային գրանցում, գտնվում է Լոնդոնի ամենաներկայանալի վայրերից մեկում, կազմված է 5 հարկից (նկուղայինով՝ 6), ունի ընդունելության սրահ:

Ըստ նախագծի, սեփականատիրոջ հետ համաձայնություն է ձեռքբերվել շենքը գնել 14,2 մլն ֆունտ ստերլինգով, որին գումարվելու է 20% ԱԱՀ ՝ 2,8 մլն ֆունտ ստերլինգ եւ ՄԹ օրենսդրությամբ նախատեսված այլ վճարներ` միջնորդ գործակալներին կողմից գանձվող միջնորդավճար՝ շենքի արժեքի՝ 2%-ը։ Շենքի վաճառքի ընդհանուր գինը կազմելու է 17,4 մլն ֆունտ ստերլինգ:

Կառավարությունն այսօրվա նիստում որոշեց շուրջ 8 մլրդ 388 մլն դրամ հատկացնել Լոնդոնի կենտրոնում 5 հարկանի այդ շենքը ձեռք բերելու համար:

«Մենք շատ վաղուց ուզում ենք դուրս գալ այդ տարածքից: Ես անձամբ չեմ եղել այնտեղ, բայց նրանք, ովքեր եղել են եւ պատմում են եւ այն լուսանկարները, որ տեսել եմ, կներեք, իրեն հարգող պետությունը չի կարող այդ տարածքը համարի դեսպանատուն։ Ցավոք, մենք շատ տեղերում այս խնդիրն ունենք:

Ասում ենք՝ բա ո՞ւր է մեր դիվանագիտությունը։ Մեր դիվանագիտությունը մի զբոսայգում մի հատ իշոտնուկ դրած, վրան նստած է, մեր դրոշն էլ վերեւը կախած, ասում ենք՝ սա մեր դեսպանատունն է»,-ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա ասաց, որ իր անձնական դիրքորոշումն է՝ բոլոր տեղերում պետք է ունենանք պատշաճ դեսպանատներ․ «Անհասկանալի է, որ Մեծ Բրիտանիայում մինչեւ հիմա այդ վիճակում ենք: Մի տեղ տանիքն է կաթում, մի տեղ հատակն է ծակ, մի տեղ պատուհանը չկա։ Չի՛ կարելի, սա անթույլատրելի է։ Հայաստանը Լոնդոնում 17 միլիոն ֆունտ ստերլինգով դեսպանատուն է գնում, որը Հայաստանի Հանրապետության սեփականությունն է եւ այդպիսին լինելու է»։

Փաշինյանի խոսքով՝ թերեւս 1-2 բացառությամբ, ոչ մի տեղ ՀՀ դեսպանատուն չի տեսել, որ նայի ասի՝ այ, Հայաստանի Հանրապետության դեսպանատունն է․ «Այս իրականության հետ պետք է առերեսվել, եւ պետք է հերթով գնալ ու այս հարցը լուծել»։

ԱԳՆ փոխնախարարը վստահեցրեց՝ գործարքը հաստատ լինելու է։

Մանրամասն՝ տեսանյութում

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930