Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանական կայքերն ու մեր բանակի հիմնը

Փետրվար 02,2013 14:07
Robert Amirxanyan

 Արվեստագետների ու պատգամավորների մեկնաբանությունները

Վերջին շրջանում Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ ընթացող տեղեկատվական ու մշակութային պատերազմը նորություն չէ: Այն սկիզբ է առել խորհրդային տարիներին: 1980-ականներին, օրինակ, ադրբեջանցիների մեջ հանկարծ արթնացավ ազգային ինքնագիտակցության զգացմունքը: Ընդ որում՝ բավական տարօրինակ կերպով սկզբում բոլոր ադրբեջանցիները դարձան կովկասյան ալբանացիներ, այնուհետեւ սկսեցին ապացուցել, որ հայերը եկվոր են ադրբեջանական հողերի վրա: Հետո էլ մեր հարեւանները յուրացրին հայկական խոհանոցը, գորգերը, երաժշտությունը եւ այլն: Օրերս էլ ադրբեջանական որոշ կայքեր բացվում են կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանի «Երազ իմ երկիր հայրենի» երգի մեղեդիով: Այս առիթով նշելով, թե այդ պատերազմը վաղուց կար, երգի հեղինակը՝ Ռոբերտ Ամիրխանյանը (լուսանկարում), պարզաբանեց. «Հայկական բանակի օրվա կապակցությամբ նրանք փչացրել էին մեր կայքերը, մերոնք էլ վերականգնելով դրանք, ստիպված դիմել են ծայրահեղ միջոցի՝ նրանց կայքերում տեղադրելով իմ երգը»:

Կոմպոզիտոր Վարդան Աճեմյանը այս առիթով ասաց. «Դեռեւս խորհրդային տարիներին, երբ հյուրընկալվում էինք Ադրբեջանում՝ ավանդական դարձած պլենումների առիթով, ճաշկերույթի ժամանակ անամոթաբար նրանք հնչեցնում էին «Դլե յամանը»՝ իբրեւ ադրբեջանական մեղեդի, Խաչատուր Ավետիսյանի երգերը նույնպես մատուցում էին իբրեւ ադրբեջանական կոմպոզիտորական արվեստի գործեր: Անկասկած, մենք ընդդիմանում էինք, բայց, ինչպես ասում են՝ ասողին լսող է պետք: Կարճ ասած՝ էդ ազգը պարզապես գող է, քանի որ իրենը չունի: Նրանց իբր հանրահայտ կոմպոզիտոր Կարա-Կարաեւը, ով ժամանակին ուսանել է Արամ Խաչատրյանի դասարանում, ամբողջությամբ ազդված է ոչ միայն իր դասախոսի, այլեւ հայկական երաժշտարվեստով»:

Կոմպոզիտոր Մարտին Վարդազարյանին զայրացրել է ադրբեջանական կայքերի՝ իր կոլեգայի մեղեդիով բացվելը: Մեր զրուցակիցը պատմեց հետեւյալ անեկդոտը. «Պետյան Չապաեւին ասում է, թե նոր երկիր է առաջացել՝ Բանգլադեշ, Չապաեւն էլ ասում է՝ ձեռք մի տուր, մի քորի, ինչպես առաջացել է, այնպես էլ մի գեղեցիկ օր կպոկվի ու կանհետանա: Այնպես որ, ադրբեջանցի կամ ադրբեջանական երաժշտություն ես այլեւս չեմ նկատում ու, բնականաբար, չեմ ընդունում»:

Կոմպոզիտոր Մելիք Մավիսակալյանի խոսքը կարճ էր. «Բնականաբար, զայրացած եմ: Ճիշտ է, հաճախ ինտերնետում չեմ լինում՝ ստեղծագործական գերզբաղվածության պատճառով, բայց համոզված եմ, որ ձեւ կա դրանց պատժելու ու պատասխանատվության կանչելու»:

Երգչուհի, ԱԺ պատգամավոր Շուշան Պետրոսյանը նշեց. «Ադրբեջանցիները իրենց ողջ կյանքի ընթացքում սեփականել են ոչ միայն մեր երաժշտարվեստը, այլեւ մշակույթն ընդհանրապես: Նրանք այնքան լկտի են, որ համարձակություն ունեցան նույնիսկ սեփականաշնորհել հայոց բանակի հիմնը: Դա մեր անվանի կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանի «Երկիր հայրենի» երգն է: Մյուս կողմից էլ՝ դա իրենց կողմից հանճարեղ քարոզ է մեր երաժշտարվեստին»:

Կոմպոզիտոր Դմիտրի Առաքելյանն ասաց, որ լսել է ՀՀ կոմպոզիտորների եւ երաժշտագետների միության նախագահ Ռոբերտ Ամիրխանյանի հանրահայտ երգի երաժշտությամբ բացվող ադրբեջանական կայքերի մասին. «Այս դեպքում, չզարմացա, հպարտ եմ, քանի որ պարզվում է՝ եթե մեր թշնամին սեփական կայքը բացում է հայ կոմպոզիտորի երգով, դա ինքնին խոսուն փաստ է: Այստեղ մեկնաբանություններն ավելորդ են»:

ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը փոխանցեց. «Ազերիները շատ լավ գիտեն սեփական պատմությունը, թե որտեղից են եկել… Մենք էլ լավ ենք ճանաչում նրանց: Ժամանակին կեսկատակ-կեսլուրջ մի արտահայտություն էր պտտվում՝ խորհրդային երկրում ո՞ր ժողովուրդն է, որ գրականություն ունի, բայց այբուբեն չունի, ծով ունի, բայց ադմիրալ չունի, կուլտուրայի նախարարություն ունի, բայց մշակույթ չունի… Սա հենց նրանց մասին էր: Կարծում եմ՝ ամեն ինչ ասված է»:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. գոհար says:

    էսպես ասել-խոսելը օգուտ չի տա,գործ պիտի անել, նախահառձակ պիտի լինել

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728