Լրահոս
Օրվա լրահոսը

Քննարկում, նվիրված Ստամբուլում տարեց հայ կանանց նկատմամբ իրականացված բռնությունների խնդրին

Փետրվար 07,2013 13:33

Ս. թ. փետրվարի 6-ին ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի Թուրքիայի բաժնում տեղի ունեցավ քննարկում, որը նվիրված  էր վերջին երկու ամիսների ընթացքում Ստամբուլում տարեց հայ կանանց նկատմամբ իրականացված բռնությունների խնդրին:

Բացման խոսքով հանդես եկավ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը: Նա նշեց,  որ վերջին 5-6 տարիների ընթացքում Թուրքիայում արձանագրվում է հակաքրիստոնեության ու հակահայկականության  դրսևորումների անշեղ աճ: Իսկ վերջին շրջանում, կապված մոտեցող Հայոց ցեղասպանության 100-ամյակի հետ, հայատյածության ալիքն էլ ավելի է ուժեղացել:

Անուշ Հովհաննիսյանը, հանդես գալով Ստամբուլի Սամաթյա թաղամասում տեղի ունեցած դեպքերի մանրամասների հանգամանալից վերլուծությամբ, ընդգծեց, որ դրանք ունեցել են հստակ կազմակերպված բնույթ և նպատակ, այն է` ահաբեկել հայերին ու խորացնել վախի և սպառնալիքի մթնոլորտը: Ավելին, նշված դեպքերի կապակցությամբ թուրքական իշխանությունների որդեգրած կրավորական կեցվածքը կարելի է մեկնաբանել որպես անուղղակի մեղսակցություն կամ հանցավոր անգործություն: 2007 թ. Հրանտ Դինքի սպանությունից հետո հայերը սկսել են առավել ինքնակազմակերպվել ու բարձրացնել իրենց հուզող խնդիրները, հետևաբար, նմանատիպ բռնությունները նպատակ ունեն լռեցնելու հայերին, եզրակացրեց բանախոսը:

Վահրամ Տեր-Մաթևոսյանն անդրադարձավ Ստամբուլում տարեց հայ կանանց վրա կատարված հարձակումների  վերաբերյալ թուրքական և օտարերկրյա մամուլում եղած արձագանքներին: Նա մասնավորապես նշեց, որ առանձնապես կարևոր էին հեղինակավոր Catholic News-ի և Huffington Post-ի անդրադարձերը, որոնք ընդգծում էին, որ Թուրքիայում հաճախակի են դառնում խտրականության քաղաքականության դրսևորումները, ուժեղանում է վախի մթնոլորտը, ինչը ավելի ցցուն է դարձնում կրոնական փոքրամասնությունների, հատկապես՝ քրիստոնյաների անվտանգության հետ կապված լուրջ խնդիրների գոյությունը:

Լևոն Հովսեփյանը նկատեց, որ պետք է դիտարկել նաև թուրքական հասարակության որոշ շրջանակների մոտ հոգեբանական գործոնի դերը: Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ հատկապես թուրքական ազգայնական շրջանակների մոտ առաջանում է տագնապ, որը ծնում է անկառավարելի վարք ու այսպես ասած «հակագործողություններ», որին վերջին շրջանում թիրախ դարձան անպաշտպան տարեց հայ կանայք:

Տաթևիկ Մանուկյանը անդրադարձավ քրդական Խաղաղություն և ժողովրդավարություն կուսակցության համանախագահ Գյուլթան Քըշանաքի  և Ժողովրդավար հասարակություն կուսակցության նախագահ Ահմեդ Թյուրքի հայտարարություններին, որոնք փաստացի միակ արձագանքն էին Թուրքիայի քաղաքական կուսակցությունների և խորհրդարանական խմբակցությունների կողմից, փաստելով, որ քուրդ քաղաքական գործիչները դատապարտում են Սամաթյայում հայ կանանց վրա հարձակումները, դրանք որակում որպես ռասիստական և ընդգծում այն ակնընհայտ իրողությունը, որ հարձակումները կատարվել են ատելության հողի վրա:

Ծավալված քննարկման ընթացքում կարևորվեց մասնավորապես այն եզրակացությունը, որ հայատյացության և հակաքրիստոնեության հողի վրա պարբերաբար տեղի ունեցող  սպանությունները և այլ հանցագործությունները, որոնց կազմակերպիչները և իրականացնողները դեռևս մնում են չբացահայտված, վկայում են այն մասին, որ Թուրքիայի իշխանությունները չեն ցանկանում կամ չեն կարողանում  իրական ու շոշափելի քայլեր ձեռնարկել  կրոնական ու ազգային փոքրամասնությունների անվտանգությունն ապահովելու ուղղությամբ:  Այս պայմաններում, UNDP-ի տարածաշրջանային գրասենյակի Ստամբուլ տեղափոխումը անընդունելի է:

 

ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728