«Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնը» այսօր «Կոնգրես» հյուրանոցում քննարկում էր կազմակերպել` «Նախագահական ընտրությունները Հայաստանում. հնարավոր զարգացումներ արտաքին քաղաքականությունում» թեմայով:
«Լեռնային Ղարաբաղի հիմնահարցը նախագահի թեկնածուների ծրագրում» թեմայով զեկույցով հանդես եկավ Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը:
Նա նշեց, որ ի սկզբանե որոշել է, որ այս թեմայով չի խոսի, քանի որ կարեւոր չէ, թե ինչ է գրված նախագահի թեկնածուների ծրագերում, այս հարցը անհատների մոտեցումներով չէ պայմանավորված, Ղարաբաղյան հիմնախնդիրը վաղուց գոյություն ունի, ԼՂ հիմախնդիրը ոչ միայն ռազմաքաղաքական, այլեւ տնտեսական, լոբբինգների բարդ կառուցվածքում է գտնվում:
Այսինքն, անկախ այն բանից, թե որ թեկնածուն կլինի, այս հարցերը մեկ օրում չեն փոխվելու:
Կարդացեք նաև
Ինչո՞վ են տարբերվում թեկնածուների հայտարարությունները: Բնական է, որ Րաֆֆի Հովհաննիսյանի եւ Հրանտ Բագրատյանի մոտ նկատվում է ԼՂՀ-ի ճանաչման անհրաժեշտության երանգները: Բայց քաղաքագետը կարծում է, որ Հայաստանը չի ճանաչի ԼՂՀ-ն:
Ալեքսանդր Իսկանդարյանը համաձայն չէ այն հայտարարությունների հետ, թե ԵԱՀԿ Մինսկի խումբը ոչինչ չի արել այս քսան տարիների ընթացքում: Ադրբեջանի դիրքորոշումն այնքան արմատական է, որ հայկական կողմը չի կարող ընդունել այսպիսի մոտեցումը: Հայկական կողմն էլ ասում է, որ իրավիճակը այսպես պետք է շարունակել, պահպանել, զուգահեռաբար` ԼՂ ճանաչելը չի բացառում: Այս դիրքորոշումն էլ անընդունելի է ադրբեջանական կողմի համար, նկատեց քաղաքագետը: ԼՂ-ի ճանաչումը կնշանակի Ադրբեջանի` Մինսկի խմբի ֆորմատից դուրս գալ, սա գիտակցում են բոլորը, թեեւ չեն ասում: «Ոչինչ չի փոխվի ԼՂ հարցում, կշարունակի գործել Մինսկի պրոցեսը, կփորձեն վերակենդանացնել պրոցեսը, դա դժվար կլինի անել` Սաֆարովի գործընթացից հետո»,- համոզված է Ալեքսանդր Իսկանդարյանը:
Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ