Լրահոս
Օրվա լրահոսը

Ներքին Դվինի գյուղապետի տեղակալը սպառնում է դատի տալ Բագրատյանի շտաբականներին

Փետրվար 14,2013 21:30

Նա վստահեցնում է, որ Հենրիկ Ավագյանն իրեն զրպարտել է

 

«Ես որեւէ պաստառ չեմ պոկել: Ես դրա հետ ընդհանրապես կապ չունեմ: Ինձ զրպարտել են»,- այսօր Aravot.am-ի հետ զրույցում վստահեցրեց Ներքին Դվինի գյուղապետի տեղակալ Անուշավան Ավետիսյանը, որը զանգահարել էր «Առավոտի» խմբագրություն:

Հիշեցնենք, որ Հրանտ Բագրատյանի՝ Արտաշատի նախընտրական շտաբի պատասխանատու Հենրիկ Ավագյանն ահազանգել էր, որ Ներքին Դվինի գյուղապետի տեղակալը 255 UL 25 Ժիգուլի 07 մակնիշի ավտոմեքենայով պոկել է գյուղի էլեկտրասյուների, թույլատրելի վայրերում փակցված Հրանտ Բագրատյանի քարոզչապաստառները, լցրել մեքենայի թափքն ու փախել գյուղապետարան:

Գյուղապետի տեղակալը վստահեցնում էր, որ Հենրիկ Ավագյանը հաստատ իրեն չի տեսել, այդ մեքենան էլ իրենը չէ, եւ ինքը ընդհանրապես կապ չունի դրանց հետ: Խոսքը գյուղապետարանի այլ աշխատակցի մասին է, որը, Անուշավան Ավետիսյանի խոսքերով, ընդամենը տեսնելով, որ Հրանտ Բագրատյանի շտաբի մարդիկ պաստառները փակցնում են չթույլատրված վայրերում, զգուշացրել է, որ դա անօրինական է. «Ասել են՝ խնդրում ենք գնացեք գյուղապետարան, իրանք ձեզ կասեն՝ որտեղ փակցնեք: Խոսակցությունը եղել է մայթից մայթ: Անգամ մեր աշխատակիցը իրանց կողքին չի եղել: Տվյալ անձը, ում հրավիրել են, եկել է գյուղապետարան, ահաբեկել է, թե՝ դուք չեք հասկանում, դուք ո՞վ եք, որ մեզ թույլտվություն տաք, հեսա ձեր հալը կտեսնեք»:

Անուշավան Ավետիսյանը տեղեկացրեց, որ ինքն ունի վկաներ. «Ես եղել եմ լրագրողների հետ, երբ մեր աշխատակիցը եկավ եւ պատմեց, թե ինչ է տեղի ունեցել: Հետո ինձ կանչում են բաժին ու ասում են՝ սենց սենց: Տեղեկացնեմ նաեւ, որ պարոն Բագրատյանը շտաբ չունի Ներքին Դվին գյուղում եւ չի էլ ունեցել: Էդ աստիճան զրպարտություն չի կարելի»:

Ըստ նրա, Ընտրական  օրենսգրքի 20-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն, համայնքապետը պարտավոր է որոշում կայացնել եւ առանձնացնել պաստառներ տեղադրելու տարածքները: Գյուղապետը կայացրել է այդ որոշումը: 9-րդ կետում ասվում է, որ գյուղապետը իրավունք ունի պոկելու այն պաստառները, որոնք փակցված են չնախատեսված վայրերում եւ անգամ՝ ոստիկանության աջակցությամբ. «Քանի որ գյուղապետը այսօր արձակուրդում է, նրա լիազորություններն անցել են ինձ, ես ինքս իրավունք ունեմ այդ պաստառները  պոկելու: Դա նույնպես օրենքի խախտում չի, բայց ես անգամ դա չեմ արել: Ես անտեղյակ եմ ամեն ինչից եւ կարդում եմ, իբր ես պոկել եմ Հրանտ Բագրատյանի պաստառները: Կոնկրետ Էլեկտրասյան վրա արգելվում է փակցնել»:

Ինչ վերաբերում է այն դիտարկմանը, որ պոկել են հատկապես Հրանտ Բագրատյանի պաստառները՝ թողնելով նույն տարածքում Սերժ Սարգսյանի եւ Րաֆֆի Հովհաննիսյանի պաստառները՝ գյուղապետի տեղակալը վստահեցրեց, որ ամբողջ Ներքին Դվին գյուղում կարող ենք ման գալ եւ տեսնել, որ նախագահի նկարները փակցված են միայն նրա նախընտրական շտաբի վրա, այլ տարածքներում չկան: Չկան նաեւ Րաֆֆի Հովհաննիսյանի պաստառները՝ առհասարակ որեւէ տեղ իրենց գյուղում. «Ոչ մի թեկնածուի նկար Դվինում կպցված չի: Պարոն Բագրատյանի շտաբականները ընդամենը փակցրել են 3 հատ նկար, որից 2-ը առկա է, մեկն էլ իրենք պատռել են կամ, պոկել են, չգիտեմ: Երբ որ մեր աշխատակիցն ասել է՝ այդտեղ չի թույլատրվում փակցնել, հենց իրենք էլ պոկել են, վերագրել են, թե ես եմ արել»:

Գյուղապետի տեղակալը սպառնաց, որ եթե շարունակեն  իրեն զրպարտել՝ կարող է դիմել դատարնան:

Ի դեպ, նշենք, որ Ներքին Դվինի գյուղապետը ՀՀԿ-ի շտաբի պատաասխանատուն է՝ նույն գյուղում, դրա համար էլ արձակուրդ է վերցրել:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728