
Միջոցառման սկզբում ներկայացվել է ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պատրաստած «Նվիրում» ֆիլմը` սահմանամերձ գյուղերում ընտանիքի կրակը միշտ վառ պահող կանանց, սերունդ դաստիարակող ուսուցչուհիների, զինվոր որդիների տունդարձին սպասող մայրերի մասին:
Տոնի կապակցությամբ շնորհավորական խոսք են ասել կին զինծառայողներ և ազատամարտիկներ, զինվորների մայրեր, ժամկետային զինծառայողներ:
Իր շնորհավորական խոսքում ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը նկատել է, որ Հայաստանը, հավանաբար միակ երկիրն է, որտեղ կանանց տոնը նշվում է մեկ ամիս շարունակ, ինչը միմիայն փաստում է այն իրողությունը, որ հայ տղամարդիկ իրենց կանանց անչափ շատ են սիրում. «Ես շնորհավորում եմ մեր մայրերին, քույրերին, կանանց մարտի 8-ի կապակցությամբ: Միջոցառման սկզբում ցուցադրված ֆիլմը, կին զինվորականների ելույթները մեզ թույլ են տալիս ևս մեկ անգամ հպարտորեն ասել, որ մեր կանայք` հայ տղամարդու կողքին կանգնած, նրա հետ հավասար հաղթահարել են բոլոր դժվարությունները, հաղթել պատերազմը` միևնույն ժամանակ մեր օջախները լցնելով իրենց ջերմությամբ, գեղեցկությամբ ու հայի երկիրը պահելով խաղաղ»,- նշել է նախարարը:
Կարդացեք նաև
ՀՀ պաշտպանական գերատեսչության ղեկավարը զինված ուժերում ծառայող կանանց և ազատամարտիկների, Արցախյան հերոսամարտում ընկած հայորդիների մայրերին և այրիներին հանձնել է պարգևներ և արժեքավոր նվերներ: Միջոցառումն ավարտվել է երգիչ-երգչուհիների` հայ կանանց նվիրված կատարումներով:




















































