«Ինքնակառավարում, մշտական լավ տրամադրության գաղտնիքները» թեմայով սեմինար-դասընթացը նրանց հավաքել էր մեկ հարկի տակ:
20-ամյա Էմմա Միրզոյանը Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտի 4-րդ կուրսի ուսանող է: Նա ասում է, որ այսօրվա փոփոխվող աշխարհում հույզերը, ինքն իրեն կառավարելու ունակությունն ուղղակի անհրաժեշտություն է: Ինքնավստահությունն ավելացնելու եւ մշտապես լավ տրամադրություն ունենալու ակնկալիքով նա այսօր մասնակցում էր Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտում կազմակերպված «Ինքնակառավարում, մշտական լավ տրամադրության գաղտնիքները» թեմայով սեմինար-դասընթացին: «Թեման շատ արդիական է, քանի որ այն միշտ կարող ենք օգտագործել: Հատկապես տարբեր իրավիճակներում, տարբեր իրադրություններում հույզերը կառավարելը շատ կարեւոր է»,-Aravot.am-ի հետ զրույցում իր կարծիքն է արտահայտում ապագա մանկավարժը:
Դաընթացը իրականացվում էր Ջինիշյան Հիշատակի Հիմնադրամի կողմից իրականացվող «Քաղաքացիական երկխոսությունը և գործնական քայլերը հանուն փոփոխության» ծրագրի շրջանակներում:
Կարդացեք նաև
Վանաձորում Ջինիշյան հիշատակի հիմնադրամի «Քաղաքացիական երկխոսությունը եւ գործնական քայլերը հանուն փոփոխությունների» ծրագրի օգնական Լիլիթ Սինդոյանն էլ մեզ հետ զրույցում նկատում է, որ սեմինար-դասընթացը կնպաստի նոր գիտելիքների ձեռքբերմանը. «Սեմինար-դասընթացը կնպաստի ուսանողների աշխարհայացքի փոփոխմանը, նրանք նոր գիտելիքներ, հմտություններ ձեռք կբերեն»:
Դասընթավար, Կրթության ազգային ինստիտուտի մանկավարժական կադրերի վերապատրաստման եւ ատեստավորման բաժնի մասնագետ, «Երկուսով» հոգեբանական մասնագիտացված կենտրոնի տնօրեն Անուշ Ալեքսանյանն էլ, կարեւորելով նման սեմինարների անցկացման անհրաժեշտությունը, նշում է, որ այն օգնում է մարդկանց` կյանքին այլ անկյունից նայելու համար: 
Անուշ ԲՈՒԼՂԱԴԱՐՅԱՆ


















































