Լրահոս
Գաղթականներ
Օրվա լրահոսը

Երկու տարբեր վճիռներ ԻԱԿ-ի գործով

Ապրիլ 01,2013 12:57

ՀՀ վարչական դատարանն օրեր առաջ ավարտեց Ինֆորմացիայի ազատության կենտրոնի (դատավոր Ա. Միրզոյան) հայցն «Աշտարակ Կաթ» ՓԲ ընկերության դեմ: Դատարանն ամբողջությամբ մերժեց ԻԱԿ-ի հայցը:

Հիշեցնենք, որ 2011թ. նոյեմբերի 12-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը տեղեկատվություն ստանալու հարցմամբ դիմել էր «Աշտարակ-Կաթ» ՓԲ ընկերությանը, խնդրելով հայտնել .

1. Կազմակերպության կաթնամթերքը արտադրվում է բնակա՞ն կաթից, թե՞ կաթնափոշուց,

2. տրամադրել ցանկը, թե կազմակերպության կաթնամթերքներից ո՞րն է բնական կաթից, որը՝ ոչ,

3. ո՞ր արտադրատեսակի մեջ բնական կաթի քանակն ինչքան է:

Ինֆորմացիայի ազատության կենտրոնի ղեկավար Շուշան Դոյդոյանի (լուսանկարում) տեղեկացմամբ, նույնաբովանդակ հարցմամբ ԻԱԿ-ը 2011թ.. նոյեմբերի 18-ին դիմել էր նաև «Դուստր Մարիաննա» ՍՊ ընկերությանը: Երկու կազմակերպություններն էլ ԻԱԿ-ի հարցումը թողել էին անպատասխան: 2011թ.-ի դեկտեմբերի 6-ին ԻԱԿ-ը կրկնակի հարցմամբ էր դիմել «Աշտարակ-Կաթ» ՓԲԸ-ին և «Դուստր Մարիաննա» ՍՊԸ-ին, սակայն կրկնակի հարցմամբ էլ պահանջվող տեղեկությունները չէին տրամադրվել:

2011թ. դեկտեմբերի 19-ին ԻԱԿ-ը վերոհիշյալ կազմակերպությունների անգործությունը վիճարկեց դատական կարգով՝ հայցով դիմելով ՀՀ վարչական դատարան և խնդրելով պարտավորեցնել կազմակերպություններին տրամադրել ամբողջական տեղեկատվություն, ինչպես նաև տեղեկությունները չտրամադրելու համար կազմակերպությունների տնօրեններին ենթարկել վարչական պատասխանատվության: Երկու դեպքում էլ դատարանը գործը վարույթ էր ընդունել միայն կազմակերպությունների տնօրեններին վարչական պատասխանատվության ենթարկելու պահանջի մասով:

Ուշադրության արժանի է այն, որ «Դուստր Մարիաննա»-ի գործով ՀՀ վարչական դատարանը (դատավոր Ա. Դարբինյան) 2013թ. փետրվարի 19-ի վճռով ամբողջությամբ բավարարել է ԻԱԿ-ի հայցը՝ «Դուստր Մարիաննա» ընկերության տնօրենին տեղեկություն չտրամադրելու համար ենթարկելով վարչական պատասխանատվության և պարտավորեցնելով փոխհատուցել ԻԱԿ-ի կատարած դատական ծախսերը, իսկ «Աշտարակ-Կաթ»-ի գործով ՀՀ վարչական դատարանը (դատավոր Ա. Միրզոյան) մարտի 26-ի դատական ակտով ամբողջությամբ մերժել է ԻԱԿ-ի հայցը: Այսինքն, ՀՀ վարչական դատարանում նույնաբովանդակ հայցերով երկու հակասական վճիռներ են կայացվել:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930