Լրահոս
Օրվա լրահոսը

«Միշտ շատ բծախնդիր եմ եղել ինքս իմ հանդեպ»

Ապրիլ 04,2013 13:53

Կամ՝ Մարո Ղազարյանի դիմանկարը

Զրուցակիցս դաշնակահար, Երեւանի պետական կոնսերվատորիայի վաստակաշատ պրոֆեսոր Մարո Ղազարյանն է, ով 44 տարի դասավանդում է ԵՊԿ-ի Մասնագիտական դաշնամուրի ամբիոնում: Նա սովորել եւ կատարելագործվել է խորհրդային լավագույն դաշնակահարային 2 դպրոցների հայ ներկայացուցիչներ Ռ. Անդրեասյանի եւ Ս. Բունիաթյանի դասարաններում՝ միահյուսելով այդ դպրոցների հզոր ավանդույթները: Անհնար է չնշել Մարո Ղազարյանի խիստ պատասխանատու, նվիրված վերաբերմունքը սեփական գործին, որով շարունակում է կրթել դաշնակահարների շատ սերունդներ՝ պրոֆեսիոնալիզմի հետ ներարկելով մտքի ազատություն եւ մտածողության մասշտաբայնություն: Նրա շրջանավարտների մի մասը դասավանդում է ոչ միայն Հայաստանում, այլեւ արտերկրում՝ Ռուսաստան, Չինաստան, Իտալիա, Հոլանդիա, ԱՄՆ՝ կրթելով ռուս, չինացի, իտալացի… դաշնակահարների:

– Ըստ Ձեզ՝ ի՞նչ կերպ կարելի է կրթել երաժիշտ-արվեստագետին:

-Պրոֆեսիոնալ բարձրակարգ կրթությանը զուգընթաց՝ իսկական երաժիշտը հղկվում է արվեստի բոլոր ճյուղերի ներազդեցությամբ. արվեստը պետք է դիտել ամբողջության մեջ: Ես աշխատում եմ ուսանողի ընդհանուր զարգացման վրա: Հատկապես նախքան երաժշտական ստեղծագործության բեմական կատարումը՝ վերջին փուլում, երբ արդեն հաղթահարված են բոլոր տեխնիկական, գեղարվեստական խնդիրները եւ անհրաժեշտ չափով ապահովված է ստեղծագործության կատարման մասշտաբայնությունը, ուսանողին ուղղորդում եմ բարձր գաղափարների, արժեքների ոլորտ. եւ այստեղ է, որ օգնության են գալիս արվեստի մյուս ճյուղերը… Որպեսզի երաժշտական երկը կերպարայնորեն հարստանա, ձեռք բերի նրբերանգների լայն ներկապնակ, ուսանողի հետ աշխատելիս միահյուսում եմ հատկապես գեղանկարչությունն ու երաժշտությունը: Երաժշտության մեջ անհրաժեշտ է ստեղծել այնպիսի կերպար, որն իրեն բնորոշ գույնը կամ գույներն ունենա: Երաժշտական գույները զուգահեռ են գեղանկարչականին: Ընդհանրապես գույներին մեծ նշանակություն եմ տալիս, սիրում եմ վառ, մաքուր գույները: Երաժշտի երեւակայությունը պետք է կերպարային լինի, զարգացած երեւակայությունը կերպարի տեսլական է ծնում:

– Ի՞նչ կասեք կոնսերվատորիայի ներկայիս ուսանողների մասին:

– Խորհրդային տարիներին մեր կոնսերվատորիայում իսկական ստեղծագործական մթնոլորտ էր տիրում, ուսանողների միջեւ առողջ մրցակցություն կար, կատարող-ուսանողները ձգտում էին մեկը մյուսից առավել բարդ ստեղծագործություններ նվագել: Այդ մթնոլորտը, բացի ստեղծագործականից, բառիս բուն իմաստով աշխատանքային էր, որը մղում էր կատարելագործման: Բուռն ստեղծագործական մթնոլորտում էին գործում նաեւ մեր կոնսերվատորիայի դասախոսները, որոնք 5 տարին մեկ կատարելագործման էին մեկնում Մոսկվայի Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիա, առնչվում անվանի պրոֆեսորների հետ, ներկա լինում նրանց դասերին: Մոսկվայի կոնսերվատորիայում դասավանդող ականավոր երաժիշտ-արվեստաբանների ղեկավարությամբ, այդ թվում եւ ես, համերգային ծրագրեր էինք պատրաստում՝ մենահամերգով ելույթ ունենալով սույն կոնսերվատորիայի դահլիճում: Բացի այդ, մենք ապրում էինք արվեստով հագեցած մթնոլորտում, հաճախում մշակութային նշանավոր կենտրոններ:

Մեր օրերում, այսպես ասեմ, բացարձակ մոդայիկ չէ պրոֆեսիոնալ մակարդակով երաժշտական կրթություն ստանալը: Նախկինում գրեթե ամեն տուն դաշնամուր ուներ, բազմաթիվ երեխաներ հաճախում էին երաժշտական դպրոցներ՝ հատկապես դաշնամուրի: Այսօր դասական երաժշտության հանդեպ հետաքրքրությունը քիչ է:

Ետխորհրդային շրջանում ԵՊԿ-ի բոլոր բաժինների ուսանողների, շրջանավարտների միջին մակարդակն իջել է: Ցավոք սրտի, այժմ ուսանողների շրջանում կատարելագործվելու բուռն ձգտումը նվազել է. իհարկե կան ուսանողներ, որոնք իրենց ներուժով եւ տաղանդով շատ են առանձնանում ուսանողների միջին մակարդակից: Այդ լավերի մի մասը ձգտում է մեկնել Եվրոպա, քանի որ հիմնականում չի կարողանում իր ներուժն իրացնել Հայաստանում:

Շատ կուզենայի, որ մեզանում կրկին ստեղծագործական խանդավառություն տիրեր…

– Մոսկվայում կատարելագործվելու ընթացքում Ձեր ղեկավարն էր արվեստագիտության դոկտոր, Մոսկվայի կոնսերվատորիայի պրոֆեսոր Յ. Միլշտեյնը, որը գրել է. «Մարո Ղազարյանի կատարողական արվեստը գրավում է դաշնամուրային կատարման բարձր կուլտուրայի եւ նուրբ երաժշտականության, պլաստիկայի համադրությամբ: Մ. Ղազարյանի կատարումներում լիովին բացահայտվում են նրա արտասովոր արտիստիկ հատկանիշները՝ անկեղծ ոգեշնչվածությունը, հուզականությունը, մտադրությունների հստակությունը»:

Ինչո՞ւ եք հանդիսատեսին զրկում Ձեր մենահամերգներին ներկա գտնվելու բավականությունից:

– Դժվար հարց է: Միշտ շատ բծախնդիր եմ եղել ինքս իմ հանդեպ՝ համարելով, որ բեմում պետք է իդեալական նվագ ներկայացնել: Սակայն… իդեալական նվագ չկա, թերություններ կան անգամ ամենաբարձրակարգ դաշնակահարի նվագում:

Հայաստանի հանրային ռադիոյում իմ կատարմամբ պահվում են հայ կոմպոզիտորների ստեղծագործությունների ֆոնդային ձայնագրությունները (1970-1980): Նույն շրջանում ակտիվորեն մասնակցել եմ խորհրդահայ երաժշտությանը նվիրված փառատոների՝ կատարելով հայ կոմպոզիտորների երկեր:

Երիտասարդ տարիքում հանդես եմ եկել որպես մենակատար, այն ժամանակ շատ էի ուզում նվագել, սակայն ինձ քիչ տրվեցին դրա հնարավորությունները: Կյանքիս ընթացքում խանգարիչ հանգամանքներ են եղել, որոնք կախված չեն եղել ինձնից: Իսկ այսօր…պրոֆեսորի կարգավիճակը սահմաններ է դնում իմ առջեւ… Պատասխանատվության մեծ զգացումն է խանգարում…

– Ասում եք՝ արվեստագետի համար ամենակարեւորն այն է, որ նա բռնի մշտական զարգացման ուղին: Մանկավարժական աշխատանքին զուգընթաց՝ միշտ քայլում եք այդ ուղով՝ ամեն օր դաշնամուրի առջեւ հղկելով Ձեր նվագը: Ի՞նչ է անհրաժեշտ այդ ուղու անընդհատությունն ապահովելու համար:

 

– Այն կերտվում է անընդմեջ կատարելագործման եւ ինքնակրթման միջոցով: Երաժշտությունն իմ ապրելակերպն է, իմ կյանքն այլ կերպ չեմ պատկերացնում:

Օրինակ՝ դաշնամուրի ուսուցչին անհրաժեշտ է անդուլ աշխատանք, նա ամեն օր պիտի նվագի՝ բարձրացնելով իր մակարդակը: Պրոֆեսորն իր նվագով պետք է վարակի ուսանողին եւ ցույց տա՝ ինչպե՛ս կատարել ստեղծագործությունը: Սա ուսանողին անհամեմատ ավելի է օգնում, քան այն, երբ ուսուցիչն աբստրակտ է բացատրում, թե ինչպե՛ս կատարել երկը:

Ուսուցիչը երբեք չպե՛տք է դադարի սերտ առնչություն ունենալ արվեստի բոլոր ճյուղերի, դրանց արդի ձեռքբերումների հետ:

– Գեղանկարչության, նաեւ եգիպտական արվեստի մեծ սիրահար եք: Ինչո՞վ է այն օգնում Մարո Ղազարյան դաշնակահարին:

– Հիանում եմ եգիպտական արվեստի պլաստիկայով, մեր թվարկությունից հազարամյակներ առաջ ինչպիսի~ որմնանկարներ ու փորագրանկարներ են կերտվել: Բառերով դժվարանում եմ ասել՝ այդ արվեստն ինչ կերպ է օգնում ինձ, բայց կարող եմ ասել, որ աներեւույթ կապ եմ զգում այդ մշակույթի հետ:

ԱՐՓԻՆԵ ԿԱԼԻՆԻՆԱ

Դիմանկարը՝ Արմինե Կալենցի

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930