
Մեզ հետ զրույցում տիկնայք ցավով նշեցին, որ մեր զինվորների հասանելիք սնունդը` հավկիթը, հայտնվում է խանութներում. «Զատիկին սա՞ էր նվերը, էրեխեքին սաղ օրը հանեն վազացնեն, բերաններից «հացը» կտրեն ուղարկեն խանութ վաճառելու»:
Հավկիթները «Աշտարակ ձու» ընկերության տուփի մեջ էին, եւ մեր այն հարցին, թե նման դեպք վերջերս եւս տեղի է ունեցել, տիկնայք պնդեցին, որ իրենք առաջին անգամ են առնչվում այսպիսի երեւույթի:
Մանրամասները` տեսանյութում
Կարդացեք նաև
Թե ինչպե՞ս են պաշտպանության նախարարության ձվերը հայտնվել մանրածախ առեւտրի ցանցում, փորձեցինք ճշտել տվյալ հավկիթն արտադրող ընկերությունից, որը հավկիթ է մատակարարում պաշտպանության նախարարությանը:
Ընկերության տնօրեն Մանասե Եփրեմյանը Aravot.am-ի հետ զրույցում նշեց 3 տարբերակ, ինչի արդյունքում ՊՆ կնիքով ձվերը հայտնվել են խանութում. «1-ինը` հնարավոր է դիտավորություն, որ ինչ-որ 3-րդ պահեստից անձինք դուրս հանեն ու տանեն մանրածախ առեւտրի ցանց:
Մյուս հավանական տարբերակը՝ մակնշման պրոցեսում փոքր տատանումներ կարող են լինել, եւ 200 հազար ձվերից, ասենք` 10- 20-ը Պն կնիք խփվի, սա տեխնիկական աշխատանք է, եւ հնարավոր է ծրագրային շեղում լինի, որը ստանդարտով թույլատրելի է:
3-րդ տարբերակն ամենահավանականն է` դա մրցակիցների կողմից այսպիսի խաղեր տալն է: Մեր գործերը բավականին լավ են առաջ գնում եւ արդեն հրաժարվել ենք կերային հավելումներից եւ բարձր որակի հավկիթ ենք տալիս, ուստի հնարավոր է կանկուրենտները նման բաներ անեն»:
Մեր այն դիտարկմանն ի պատասխան, որ սա առաջին դեպքը չէ եւ վերջերս էլ նման դեպք էր արձանագրվել, պարոն Եփրեմյանը վստահեցրեց, որ ինքն առաջին անգամ է լսում այս մասին, հավաստիացրեց, որ խնդիրը կուսումնասիրեն եւ կպարզեն, թե ինչպես են ՊՆ-ի համար նախատեսված հավկիթները հայտնվել մայրաքաղաքի խանութներում:
«Աշտարակ ձու» ընկերության տնօրենը նաեւ հավելեց, որ եթե այդ ձվերը վերջնական արտադրանք են, որպեսզի առաքվեն պաշտպանության նախարարության համապատասխան վայրեր, ապա պետք է տուփի վրա էլ լինի ՊՆ կնիքը, ինչը բացակայում էր մեր խմբագրություն ներկայացրած հավկիթներով տուփի վրայից:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ


















































