 Ծայրահեղ ծանր վիճակում գտնվող նրանց ընտանիքներին հուղարկավորության համար գումար են հատկացրել միայն գյուղապետարանն ու Աշոտ Աղաբաբյանը
Ծայրահեղ ծանր վիճակում գտնվող նրանց ընտանիքներին հուղարկավորության համար գումար են հատկացրել միայն գյուղապետարանն ու Աշոտ Աղաբաբյանը
Ինչպես հայտնի է, երեկ Վահրամաբերդ գյուղի արոտավայրում, որը, ըստ Հայաստանի և Ռուսաստանի միջև դեռևս 1997 թվականին ստորագրված պայմանագրի, հատկացված է ռուսական զորքերի տանկային հրաձգարանին, տեղում անփութորեն շպրտված պայթուցիկ զինամթերքից զոհվել էին գյուղի երկու երեխաները` 10-ամյա Արթուր Մկրտչյանն ու 15-ամյա Մուշեղ Գևորգյանը:
Արթուր Մկրտչյանն իր ընկերոջ` Մուշեղի հետ գնացել է արոտավայր` իր հովիվ հորը հաց տանելու: Աշխատանքի մեջ գտնվող հայրը մի պահ նրանից հեռացել է ջուրը բերելու ու այդ ընթացքում պայթյուն է հնչել, երեխաները զոհվել են:
Վահրամաբերդի գյուղապետ Աղվան Մարտիրոսյանը Aravot.am ի հետ զրույցում ասաց, որ 2 ընտանիքներն էլ, բառի իսկական իմաստով, չքավոր են, այժմ երեխաներին թաղելու գումար անգամ չունեն.
Կարդացեք նաև
Արթուր Մկրտչյանի հայրը հովիվ է աշխատում, ընտանիքը բազմազավակ է, պետք է ծնվեր 9-րդ երեխան, իսկ Մուշեղ Գևորգյանի հայրը խոպան է գնացել, նրանք էլ 5 երեխա են: Այժմ գյուղապետը, ընկած դռնեդուռ, գումար է խնդրում երեխաների հուղարկավորությունը կազմակերպելու համար:
Գյուղապետարանը 100 հազար դրամ է տրամադրել այս նպատակի համար, 100-հազարական էլ տրամադրել է տեղից ընտրված պատգամավոր Աշոտ Աղաբաբյանը: Ըստ գյուղապետի, մարզպետարանը ևս որոշել է գումար հատկացնել, սակայն հայտնի չէ գումարի չափը: Գյուղապետն ակնկալում է, որ մեր հրապարակումը ընթերցելուց հետո գոնե բարերարներ գտնվեն, որոնք կօգնեն անչափահասների դիակը հողին հանձնելու:
Ըստ Աղվան Մարտիրոսյանի, դեռևս սովետական տարիներից իրենց գյուղին պատկանող Հովունի-Մարմաշենի միջև ընկած վարչական տարածքը տրամադրվել է ռուսական կողմին` զորավարժանքներ անցկացնելու:
Ըստ գյուղապետի,Վահրամաբերդում կյանքը ամենևին էլ անվտանգ չէ, քանի որ այդ տարածքը կպած է գյուղին: «Մենք արդեն սովոր ենք, 57 թվականից զորավարժանքներ են անցկացնում, բայց որպեսզի վահրամաբերդցիները ելումուտ անեն, զորավարժանքների ժամանակ միշտ զինվորներ են կանգնեցնում մուտքի մոտ: Սակայն կիրակի էր, ազատ օր, այդ օրը հսկողություն չկա ու խնդրեմ՝ այս դժբախտությունը: Ֆինանսապես էլ էնքան ծանր, սարսափելի ծանր վիճակում են, շատ շնորհակալ կլինենք, եթե բարերարներ գտնվեն, օգնեն մեզ երեխաներին հուղարկավորելու»:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Լուսանկարները` asparez.am կայքից


















































 
                         
          
          
          
                                     
                                 
                                 
                                
 
                                    
                                    
                                    
                                   
Թող ռուսական զորամասի ղեկավարությանը դատի տան, թե հուղարկավորության ծախսերի և թե մնացած վնասների փոխհատուցման պահանջով:
Իհա՛րկե, պետք է ռուսական կողմը շատ մեծ փոխհատուցում տա թե՛ ընտանիքին, և թե՛ համայնքին, բացի այդ, երաշխիք կա՞, որ դա միակ պայթուցիկ առարկան է եղել:
Նունե ջան մի քիչ առաջ ահավոր ծանր տպավորությամբ վերադարձանք Վահրամաբերդ գյուղից: Ապրիլի 7-ին ռուսական զորքերի տանկային հրաձգարանի տարածքում, ոչխարի հոտն արածեցնելիս նռնակի պայթունից զոհված Արթուր Էդվարդի Մկրտչյանի (10 տարեկան) եւ Մուշեղ Արարատի Գեւորգյանի (15 տարեկան) բազմազավակ ընտանիքները իրոք ապրում են ծայրահեղ աղքատ պայմաններում: Մի փոքր դրամական օգնությունը տրամադրեցինք, բայց…
Երեխաների պաշտպանության հարցերով զբաղվող պատկան մարմիններ, իրավապաշտպան և այլ բազմազան հկ-ներ: Այս ցանկը կարելի է հա էլ թվարկել: Ուրիշ ժամանակ կուրծք են ծեծում, պիկետներ, երթեր, մամլո ասուլիսներ, ցույցեր դեսպանաան դիմաց: Էս ուր եք: Սրա համար երևի թե հրահանգներ կամ դրամաշնորհներ չեք ստացել: Դե հա, անտեր ու սոցաիալապես անապահով երեխաներ, ում եք պետք: Սա հո ընտություններ, ադրբեջանական ֆիլմերի փառատոններ, բազմա զանների երթեր չեն, որ գնանք իրավունքները պաշտպանենք ու մեզ ցույց տանք: ՈՂԲԵԳՈՒԹՅՈՒՆԸ կարող է կրկնվել, սա է սարսափելին: Միայն մեզ թվում է, թե դա մեզ հետ չի պատահելու: Իսկ Զանգը հնչում է բոլորի համար:
Վահան ջան, շնորհակալություն, որ գնացել էիք: