
Փորձագետների համոզմամբ՝ ազգային գաղափարախոսությամբ տոգորված երիտասարդությունն իր առջև դրված խնդիրներն առավել ճշգրիտ և պատասխանատվությամբ կկատարի: ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանի խոսքերով՝ ի թիվս այլ միջոցառումների, վերոնշյալ նախաձեռնությունը զինվորականների շրջանում կնվազեցվեն նաև արատավոր երևույթները. «Իհարկե, այն կյանքի կոչելիս մենք կբախվենք բազմաթիվ խնդիրների հետ: Գաղտնիք չէ, որ զորակոչի ընթացքում բանակ են զորակոչվում տարբեր գիտելիքների տեր անձիք, տվյալ պարագայում նախարարութունը ստիպված է իրականացնել մեծածավալ աշխատանքներ, որի արդյունքը այն կլինի, որ բանակից հասարակություն կանցնեն ոչ միայն զինվորական գործին տիրապետող, այլև գաղափարապես կայուն և խելացի երիտասարդներ»,- նշեց պաշտպանության նախարարի մամուլի քարտուղարը:
Աշխատանքների առաջին փուլը ամփոփվեց մարտի 22-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում կայացած կոլեգիայի նիստի ընթացքում, որը նվիրված էր ՀՀ զինված ուժերում բարոյահոգեբանական ապահովման համակարգի խնդիրներին և դրանց լուծման ուղիներին՝ ազգային գաղափարախոսության ներդրմամբ, ինչպես նաև ազգային բանակի լավագույն ավանդույթների կիրառման և իրավապահ մարմինների հետ համագործակցության միջոցով արատավոր երևույթների դեմ պայքարի ընթացքին: Ներկայումս սկսվել են տեսական մասի մշակման աշխատանքները:
«Մեր երկրի պաշտպանության նախարարությունը զորամասերում նոր առարկայի ներմուծմամբ և անցկացմամբ նպաստելու է ազգապահպանության և ազգասիրության խնդիրների իրականացմանը»,- մեզ հետ զրույցում ընգդծեց Արցախյան պատերազմի մասնակից, պահեստազորի փոխգնդապետ Արտուշ Բալյանը. «Այս նախագիծը չափազանց մեծ ազդեցություն կթողնի մեր երկրի երիտասարդ խավի զարգացվածության վրա: Այն միաժամանակ կլուծի մի շարք խնդիրներ ծառայության ընթացքում ու դրանից հետո»,- համոզմունք հայտնեց ազատամարտիկը:
Կարդացեք նաև
Նշենք, որ այս ամենը կյանքի է կոչվում պաշտպանական գերատեսչության ղեկավար Սեյրան Օհանյանի հանձնարարությամբ և վերահսկողությամբ: Խնդրի իրականացմանը լծվել են պատասխանատու վարչությունների և ստորաբաժանումների, ինչպես նաև ռազմաուսումնական հաստատությունների պետերն ու աշխատակիցները:
Արծրուն Հովհաննիսյանի խոսքերով՝ նախարարության ղեկավարը վերջին երեք տարիներին մշտապես կրկնում է, որ արգելել է օգտագործել «Բանակը հասարակության հայելին է» և «Աշխարհի այլ բանակներում էլ են լինում նման դեպքեր» արտահայտությունները. «Այսինքն՝ բանակն ունի բոլոր լծակները հասարակությունից զինված ուժեր ներթափանցող խնդիրների լուծման համար: ԱԺ-ում վերջին քննարկումներից հետո շատերը մեկնաբանեցին, որ Սեյրան Օհանյանը նոր է դա օգտագործում, սակայն նախարարը դրա մասին վաղուց է խոսում: Վերջին իրադարձությունները, ինչպես նաև բանակ-հասարակության կապի թափանցիկությանը միտված հստակ քայլերը վկայությունն են այն բանի, որ զինված ուժերն այդ լծակներն արդեն կիրառում են: Նախարարը հստակ խնդիր է դրել արմատախիլ անել արատավոր երևույթները, և անգամ՝ հասարակության համար հանդիսանալ լոկոմոտիվ, օրինակելի կառույց որտեղ ձգտեն: Գաղափարախոսական դաստիարակությունը լավագույն ձևն է կայացնել հզոր զինվորականի և լավ քաղաքացու հասարակության համար»,- նշեց ՊՆ մամուլի քարտուղարը:
Գևորգ ԹՈՍՈՒՆՅԱՆ


















































