Լրահոս
Օրվա լրահոսը

«Մարտի մեկի» հանձնաժողովի հարցը հետաձգվեց

Ապրիլ 29,2013 13:16

Այսօր խորհրդարանական քառօրյան մեկնարկեց նախորդ քառօրյայում կիսատ մնացած «Մարտի մեկի» նոր հանձնաժողով ստեղծելու նախագծի շուրջ քննարկումներով: Հիշեցնենք, որ դեռ անցյալ տարեվերջին իշխող մեծամասնության եւ Հայ ազգային կոնգրես խորհրդարանական խմբակցության միջեւ համաձայնություն ձեռք բերվեց՝ նախագահական ընտրություններից հետո խորհրդարանում 2008 թվականի մարտի 1-2-ի դեպքերն ուսումնասիրող նոր հանձնաժողով ձեւավորելու մասին: Հանձնաժողովի քննության առարկան, ըստ նախագծի, պետք է դառնա Երեւան քաղաքում տասը անձանց սպանությունների, քաղաքացիական անձանց, ոստիկանության աշխատողներին եւ զինծառայողներին հրազենային մարմնական վնասվածքներ պատճառելու դեպքերի, ինչպես նաեւ դրանց պատճառներն ու կատարմանը նպաստող հանգամանքները ուսումնասիրելը ու ԱԺ-ին եզրակացություն ներկայացնելը՝ ՀՀ հատուկ քննչական ծառայության, ոստիկանության, գլխավոր դատախազության ձեռնարկած գործողությունների ու միջոցառումների օրինականության ու հիմնավորվածության վերաբերյալ: Հանձնաժողովի խնդիրներից է լինելու նաեւ պարզել այդ դեպքերին պետական պաշտոնյաների ունեցած առնչությունները:

Անցած քառօրյայում այս նախագիծը հանդիպեց ՀՀԿ-ականների դիմադրությանը: ՀՀԿ-ն թեեւ հանձնաժողովում միաձայն «կողմ» քվեարկեց հանձնաժողովի ստեղծմանը, խորհրդարանի դահլիճում նախապայմաններ առաջարկեց, մասնավորաբար՝ դատախազներին եւ քննիչներին հանձնաժողով հրավիրելու անհավանականության մասին:

Իր ելույթում նախագծի հեղինակ Գագիկ Ջհանգիրյանը հակադարձելով ՀՀԿ-ականների այս դիտարկումներին՝ ասաց, որ բոլոր հնարավորությունները կան`իրավապահներին հանձնաժողով հրավիրելու եւ նրանցից ստանալու բոլոր հուզող հարցերի պատասխանները: Մնացած`խմբագրական բնույթի առաջարկներին, նախագծի հեղինակները համաձայնեցին:

ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ իրենք առավոտյան հանդիպում են ունեցել ՀԱԿ խմբակցության իրենց գործընկերների հետ եւ համաձայնության են եկել` նախագծի որ տարբերակին ՀԱԿ-ը կողմ լինի, նաեւ ԲՀԿ-ն կողմ կքվեարկի:

Իսկ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն էլ ասաց, որ թյուր է այն կարծիքը, թե ՀՀԿ-ն չի ցանկանում, որ այս նախագիծն անցնի. «Ներկայացված օրինագիծը բավականին լուրջ քննարկումների փուլ է անցել: Շատ բարեկիրթ ձևով մեր մոտեցումները ներկայացրեց Տաճատ Վարդապետյանը: Գագիկ Ջհանգիրյանի հետ հանդիպել ենք, քննարկել ենք: Որոշ հարցեր կան: Կարծում եմ, դեռ քննարկման կարիք ունենք, մինչև այն բոլորի կողմից ընդունելի լինի» Սահակյանն առաջարկեց հարցի քննարկումը հետաձգել հաջորդ քառօրյա, որպեսզի «կարողանանք վերջնական տարբերակ ունենալ»: Առաջարկը ՀԱԿ-ի կողմից ընդունվեց:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930