Լրահոս
Օրվա լրահոսը

Պատասխան՝ մի խումբ մտավորականների կողմից Սերժ Սարգսյանին ուղղված բաց նամակին

Մայիս 11,2013 14:55

«Անուշ» օպերայի հիման վրա նոր բեմականացման ստեղծագործական խումբը հարկ է համարում անդրադառնալ օրերս ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին մի խումբ մտավորականների կողմից ուղղված բաց նամակին:

Խորին հարգանքով վերաբերվելով նշված նամակի տակ ստորագրած վաստակաշատ եւ հարգարժան արվեստագետներին՝ չենք կարող անպատասխան թողնել անձնական վիրավորանքներ եւ սպառնալիքներ պարունակող, զրպարտություն եւ ապատեղեկատվություն տարածող այդ գրությունը, որն իր բովանդակությամբ եւ ձեւով հիշեցնում է նախորդ դարի կեսերին բնորոշ գործելաոճ եւ ոչ միայն հարիր չէ ազգի մտավորականության սերուցքին, այլեւ կասկածի տակ է դնում երեւույթին սթափ աչքերով նայելու նրանց ընդունակությունը:

Վերոհիշյալ անձինք ուշադիր չեն կարդացել ներկայացման հայտագիրը, որտեղ հայերեն լեզվով գրված է` «Անուշ» օպերայի նոր բեմականացում՝ Ա. Տիգրանյանի օպերայի հիման վրա, ըստ Հ. Թումանյանի պոեմի: Ինչը չի նշանակում, որ «Անուշ»-ի ադապտացիան եւ բեմականացումը նախաձեռնած եւ իրականացրած արվեստագետների խումբը որեւէ կերպ կասկածի տակ է դնում ստեղծագործության բնօրինակի եւ նախորդ բեմականացումների գեղարվեստական արժեքը. ավելին, նոր մեկնաբանություն տալով գործին՝ նպատակ ունի այն ներկայացնել արդիական, ժամանակակից հարթության վրա՝ ուրույն արտահայտչամիջոցներով եւ գեղագիտությամբ՝ առանց խախտելու նրա ձեւն ու բովանդակությունը, փորձելով, սակայն, հանդես բերել դասականից տարբեր մոտեցում: Դրա իրավունքը սահմանված է ազատ արտահայտման ՀՀ քաղաքացիների հետեւյալ սահմանադրական իրավունքով`

«Հոդված 27. Յուրաքանչյուր ոք ունի իր կարծիքն ազատ արտահայտելու իրավունք: Արգելվում է մարդուն հարկադրել հրաժարվելու իր կարծիքից կամ փոխելու այն:

Յուրաքանչյուր ոք ունի խոսքի ազատության իրավունք, ներառյալ՝ տեղեկություններ եւ գաղափարներ փնտրելու, ստանալու, տարածելու ազատությունը, տեղեկատվության ցանկացած միջոցով՝ անկախ պետական սահմաններից:

Լրատվամիջոցների եւ տեղեկատվական այլ միջոցների ազատությունը երաշխավորվում է։

Պետությունը երաշխավորում է տեղեկատվական, կրթական, մշակութային եւ ժամանցային բնույթի հաղորդումների բազմազանություն առաջարկող անկախ հանրային ռադիոյի եւ հեռուստատեսության առկայությունը եւ գործունեությունը»։

ՀՀ Սահմանադրության 40-րդ հոդված` «Յուրաքանչյուր ոք ունի գրական, գեղարվեստական, գիտական եւ տեխնիկական ստեղծագործության ազատության, գիտության նվաճումներից օգտվելու եւ հասարակության մշակութային կյանքին մասնակցելու իրավունք»:

Հակառակ նախագծի եւ դրա հեղինակների «ընդդիմախոսների» պնդումներին՝ որեւէ իրավական կամ բարոյական նորմով արգելված չէ դասական ստեղծագործության ադապտացիան, ավանդականից այլ մեկնաբանությունը կամ կատարումը, ուստի նոր «Անուշ»-ը պրոֆեսիոնալ, մասնագիտական բարձր որակավորում ունեցող եւ նվաճումների հասած հայ եւ ֆրանսիացի արվեստագետների համատեղ ստեղծագործական գործընթացի արդյունք է: Ցանկացած ստեղծագործական աշխատանքի վերջնանպատակը եւ առաքելությունը նոր խոսք, նոր հայացք, հեղինակային մոտեցում ներկայացնելն է, հետեւաբար առնվազն միամտություն է կարծել, որ հեղինակները պետք է կրկնեին օպերայի նախորդ՝ դասական դարձած բեմականացումը:

Հարկ ենք համարում նշել, որ լիբրետոյի ադապտացիայի եւ բեմականացման հեղինակ Սերժ Ավեդիկյանը եւ երաժշտության վերամշակման եւ գործիքավորման հեղինակ Անահիտ Սիմոնյանը, սթափ գիտակցելով հայ գրականության եւ երաժշտարվեստի այս գոհարին անդրադառնալու ողջ պատասխանատվությունը, խորապես ուսումնասիրել են «Անուշ»-ի արխիվային նյութերը (լիբրետոյի եւ պարտիտուրայի բնօրինակները), որոնք պահվում են Ե. Չարենցի անվան Գրականության եւ արվեստի թանգարանում եւ, ի դեպ, մինչ օրս չէին արժանացել որեւէ մասնագետի կամ այլ հետաքրքրված անձի ուշադրությանը: Խնդրում ենք նամակը ստորագրած անձանց վերընթերցել Հ. Թումանյանի «Անուշ» պոեմը եւ համոզվել, որ նոր բեմադրությունը չի մեղանչում ստեղծագործության բնօրինակի հանդեպ, եւ կամովին հրաժարվել մեզ հասցեագրված անհիմն մեղադրանքներից:

Մի կողմ թողնելով բանավեճը «Անուշ»-ի այս մեկնաբանության գեղագիտական եւ գեղարվեստական որակների մասին, որը, սակայն, շատ փոքր մասն է կազմում վերոհիշյալ նամակի՝ ցանկանում ենք հատուկ ընդգծել անընդունելի զրպարտության փորձը, որը վերաբերում է նախագծի ֆինանսական կողմին: Վաստակաշատ մտավորականների կողմից հիշատակվող գումարի չափը (իբր 35 000 եվրո է ծախսվել դեկորի մաս կազմող ապակե կամրջի վրա) որեւէ աղերս չունի իրականության հետ եւ հեշտությամբ կարող է որակվել որպես զրպարտություն՝ ՀՀ օրենսգրքով պատժելի գործողություն: Անհրաժեշտության դեպքում կարող ենք ներկայացնել բեմադրության բյուջեն։

Հաշվի առնելով, որ ստալինյան ժամանակներն անցել են եւ մենք ապրում ենք 21-րդ դարում՝ վերոհիշյալ անձանց կոչ ենք անում այսուհետ զերծ մնալ մամուլում եւ կյանքում ստեղծագործական անձնակազմի, առավել եւս՝ երիտասարդ խոստումնալի արտիստների նկատմամբ սպառնալիքներից:

Բարոյականության քարոզի եւ զրպարտանքի խառնուրդ այս գրությունը, որով փորձ է արվում կանխել հայ-ֆրանսիական «Անուշ» նախագծի առաջխաղացումը, ոչ այլ ինչ է, եթե ոչ բռնատիրական մտածելակերպի եւ գործելաոճի արտահայտություն, որն անընդունելի է ժողովրդավարության ուղին բռնած ժամանակակից երկրի եւ նրա քաղաքացիների համար:

Անկախ այն հանգամանքից, թե «Անուշ»-ի նոր մեկնաբանությունն ինչ գեղարվեստական ու գեղագիտական արժեք է ներկայացնում եւ ինչ ընդունելություն է գտել լայն հանրության ու մասնագետների շրջանում, անընդունելի է որեւէ մտավորականի կողմից (անկախ նրա վաստակից) մշակութային կյանքի այս կամ այն իրադարձությունն արգելելու պահանջագիր ներկայացնելը, ինչը ոչ միայն այլոց իրավունքները սահմանափակելու փորձ է, այլեւ դրա հեղինակների ներքին անազատության ցցուն վկայություն:

 

«Անուշ» օպերայի նոր բեմադրության ստեղծագործական խումբ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (6)

Պատասխանել

  1. Արամ Հովհաննիսյան says:

    Լիովին կիսում եմ հեղինակային խմբի զուսպ վրդովմունքը: Ակամա մտաբերեցի ոչ հեռու անցյալի նույնպիսի աղմուկը՝ կապված Առնո Բաբաջանյանի արձանի հետ: Ավելին չեմ ուզում ասել, քանի որ բարեկրթության սահմաններում ստեղծագործական խումբն իր առարկությունը հիմնավորել է…

  2. Սվետլանա says:

    Այդ արվեստագետների նամակը ոնց որ 1937 թվից լիներ

  3. Արա says:

    Թումանյանին էլ, Տիգրանյանին էլ սիրելով ու գնահատելով, այնուամենայնիվ չեմ կարծում թե ,,Անուշ՝՝-ը
    Աստվածաշունչ է, որի ամեն մի տողն ու բառն անձեռնմխելի են: Չնայած նույնիսկ Աստվածաշունչը հազարավոր մեկնաբանություններ ունի: Ինչ վերաբերում է <>, նրանց ձայնը
    ի պաշտպանություն ազատությունների, կամ իրավունքների ինչ որ չի լսվում: Իսկ հակառակը՝ խնդրեմ:

  4. Արա Մինասյան says:

    Այո ,,Անուշ՝՝-ը Աստվածաշունչ չի,բայց այն հայ ազգի մեծագույն դասականների ստեղծած գլուխգործոցն է,որը իր արժանի տեղն ունի մեր մշակույթի ”ոսկյա” շտեմարանում:Ավեդիկյանի նման քաղքենի միջակությունը կարող էր միայն նման ցինիկություն իրեն թույլ տալ:Այդ կիսատությունը նույնիսկ իր ազգի նկատմաբ հարգանք երբեք էլ չի դրսեվորել…

  5. Գևորգ Հակոբյան says:

    Պատասխան նամակը նման է հեքիաթի: Իսկ ինչ վերաբերվում է “Անուշ”-ին` այն պետք է պաշտպանվի ամեն գնով ու ամեն եղանակով. այն ազգային հարստություն է, ազգի դիմագիծն ու մտածողությունը ի ցույց դնող գոհարներց մեկը, որը աղավաղելը սրբապղծություն է:

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031