Լրահոս
Օրվա լրահոսը

Վարուժան Ավետիսյան. «Վերնախավն ինչ-որ տեղ ատում է իր զինվորին» (Տեսանյութ)

Մայիս 14,2013 15:00

«Փառք Աստծու, մենք չունենք այնպիսի ազատամարտիկներ, որ հնարավոր լիներ գալ եւ հրապարակավ կրծքից շքանշանը պոկել շպրտել, դա ուղղակի ուրիշ բաների կհանգեցներ: Եթե այդ մարդիկ ժամանակին ոչ մի անուն չունենալով իրենց կանքը վտանգել են հանուն արժանապատվության, ապա առավելեւս այսքան վաստակից, հեղինակություն ձեռք բերելուց հետո հաստատ իրենք համարժեք պատասխան կտային»,-այսօր «Նոյյան տապան» ակումբում ասաց պահեստազորի գնդապետ Վարուժան Ավետիսյանը, պատասխանելով Aravot.am-ի այն հարցին, թե ինչպե՞ս է վերաբերվում լրատվամիջոցներով տարածված այն տեղեկատվությանը, որ գեներալ Մանվել Գրիգորյանի թիկնազորի անդամը «Ազատության» հրապարակում նստացույցի մասնակից Ռեբոյի`Սեպուհ Ստեփանյանի կրծքից պոկել է շքանշանը:

Պարոն Ավետիսյանն ավելի շատ հակված է հավատալ այն տարբերակին, ըստ որի, Սեպուհ Ստեփանյանը պատմել է, որ իր ազգականն է եղել այդ անձնավորությունը եւ իրենք վիճել են, ինքն էլ ինքնակամ է պոկել կրծքանշանը. «Բայց ես ուրիշ բան եմ ուզում ասել. եթե մենք գործ ունենք մակաբույծ համակարգի հետ, ապա մակաբույծ են նաեւ համակարգի բոլոր կառույցները` կուսակցություններն, առաջին հերթին իրենց ղեկավար կազմը, հասարակական ակտիվ կազմակերպությունները, որոնք ներառված են պետական համակարգի գործունեւության մեջ կամ սերտորեն համագործակցում են: Համակարգը հարցեր լուծելու համար ուղարկում է իր այդ մակաբույծ բաղադրիչին եւ ապավինում նրանց մեթոդներին»:

Aravot.am-ի այն հարցին էլ, թե արդյոք ազատամարտիկների այս պայքարը իրենց ուզած արդյունքը կտա, «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամ Վարուժան Ավետիսյանն ասաց, որ թերահավատ է այս հարցում եւ կարծում է՝ արմատական լուծում չի լինի, ազատամարտիկների պահանջներն ամբողջովին չեն բավարարվի. «Նրանց համար ազատամարտիկը արժեք չունի, ուղղակի վախենալով հասարակական հնչեղությունից, եւ վախենալով այսօր Հայաստանում ձեւավորվող ազգային ազատագրական պայքարի, այս գետի հունի մեջ լցվող մի վտակ եւս, ընդ որում, շատ հզոր վտակ ավելանալուց, իշխող վարչախումբը պարզապես կարող է իրեն հայտնի եւ հասու մեթոդներով ցրել մարդկանց` մի մասին խոստումներ տալով, համոզելով, խաբելով»:

Մանրամասն` տեսանյութում

Aravot.am-ի այն հարցին էլ՝ պետության նման վերաբերմունքը մեր ազատամարտիկների նկատմամբ, կարծես թե ցույց է տալիս թե ինչպես է սիրում ու հարգում նրանց, նման իրավիճակում պատերազմ գնացող կունենա՞նք, պաշտպանող զինվոր կունենա՞նք, պահեստազորի գնդապետն ասաց. «Ճիշտն ասած ընդհանրապես չի սիրում իր զինվորներին կառավարող վերնախավը, ինչ-որ տեղ նաեւ ատում է: Մի քիչ դժվար է ինձ այդ հարցին պատասխանել: Մենք հիմա գտնվում ենք այն վիճակում, ինչ վիճակում գտնվում էր Կարսը անկումից առաջ եւ շատ մեծ է վտանգը, որ պաշտպանական համակարգի կառավարությունը կկազմալուծվի, եթե հանկարծ լուրջ վտանգ սպառնա մեզ: Մեծ մասը ուղղակի կփախչի, մեծ մասը ուղղակի իրենց անկարողության պատճառներով ոչ մի բան չի կարողանա անել, պաշտպանական համակարգը, ինչպես նաեւ կառավարման համակարգի վերին օղակը, ռազմավարական մակարդակի գիտելիքներ եւ ունակություններ չունի, պետություն կառավարելու ունակություններ չունի: Բանակն այդ վարչախմբին պետք է իր ազդեցությունը ընտրությունների ժամանակ այս զանգվածին ընտանիքի անդամների հետ կախվածության մեջ պահելու` որպես քվեարկող զանգված օգտագործելու համար, այնպես, ինչպես 2008-ին, մարտի 1-ին,  ճնշումներ գործադրելու նպատակով»:

Մանրամասն` տեսանյութում

Պարոն Ավետիսյանի կարծիքով, ազատամարտիկներին ներկայիս իրավիճակում պահելը, այսինքն՝ ցածր կենսաթոշակներ եւ չնչին աջակցություն, միտումնավոր գործողություն է:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031