«Ազգային ժողովրդավարական բեւեռ» կուսակցության (ԱԺԲ) անդամները, մայիսի 8-ին՝ Ազգային ժողովի ընտրությունների քարոզարշավի մեկնարկը տվեցին հոգեւոր մայրաքաղաքից՝ Էջմիածնից։
Այնուհետեւ նրանք Ազգային ժողովի շենքի առաջ ներկայացրին իրենց նախընտրական ծրագրի հիմնադրույթները։
«Մայր տաճար ենք այցելել, մենք այս ընտրապայքարի մեջ մտնում ենք հավատով, վստահությամբ, որ Բեւեռն անպայման հաղթելու է եւ լինելու է խորհրդարանում»,-հայտարարեցին նրանք։
Կարդացեք նաև
ԱԺԲ խորհրդի անդամ Արա Պապյանի խոսքով, իրենց կուսակցությունը չի ստեղծվել ընտրություններից առաջ՝ «զուտ ընտրություններից առաջ»։ «Մենք գաղափարական կուսակցություն ենք ու պայքարի այս ձեւն ենք նախընտրում։ Մեր ընկերներին հիշեք, որոնք պայքարի պատճառով անազատության մեջ են»,-ասաց Արա Պապյանը՝ ողջունելով նաեւ անազատության մեջ գտնվող ԱԺԲ-ի վարչապետի թեկնածու Վարուժան Ավետիսյանին։
«Ազգային ժողովրդավարական բեւեռ»-ի ցուցակը գլխավորող Գեւորգ Կարապետյանի բնորոշմամբ՝ «ԱԺԲ-ն քաղաքական մեծ հանգույց է»։ «Մասնակցելով այս ընտրություններին՝ նշանակում է մենք լուրջ ասելիք ունենք ու հիմնականում առաջարկում ենք ռազմաքաղաքական բալանս տարածաշրջանում, ինչը թույլ կտա ունենալ ազգային բանակի մոդել ու սպառազինություն»,-ասաց նա անդրադառնալով կուսակցության նախընտրական ծրագրին։
«Մեր մոտեցումները ստրատեգիական են պետությանը վերաբերվող հարցերում, եւ եթե դրանք տարիների ընթացքում լսվեին, ապա մենք այսօր այսպիսի ծայրահեղ ծանր վիճակում չէինք հայտնվի, մենք չէինք կորցնի Արցախը եւ չէինք դառնա, ըստ էության, Ադրբեջանի ենթակա մի պետություն, որը անգամ իր գլխավոր օրենքը, սահմանադրությունը, պատրաստ է փոխել Ադրբեջանի կամքով»,-հայտարարեց ԱԺԲ նախընտրական ցուցակի 2-րդ համարը՝ Գեւորգ Սաֆարյանը։
Պատգամավորի թեկնածուի խոսքով՝ խաղաղություն բառով բոլորին խաբում են ու տանում են դեպի կառափնարան։ «Մենք կոչ ենք անում մեր քաղաքացիներին սթափության եւ ստրատեգիական մտածողության, Ազգային ժողովրդավարական բեւեռը միակ քաղաքական ուժն է, որը առաջարկում է այս ճանապարհից հետ կանգնել, եւ մենք առաջարկում ենք միանալ մեզ»,-կոչ արեց Գեւորգ Սաֆարյանը։
«Հավատ, հայրենիք, ինքնիշխանություն» կարգախոսով ընտրական պայքարի մեջ մտնող ԱԺԲ-ն խորհրդարանի շենքի մոտակայքից քայլերթ անցկացրեց դեպի Մատենադարան։
Մանրամասները՝ տեսանյութում
Արմեն ԴԱՎԹՅԱՆ



















































