Լրահոս
Օրվա լրահոսը

«Նոֆի» ոչ կոմերցիոն ֆիլմերի միջազգային փառատոնի կազմակերպիչները փող չունեն արտասհամանից հյուրեր հրավիրելու համար

Մայիս 25,2013 15:21

Մայիսի 28-ից հունիսի 2-ն Երեւանում եւ Աղվերանում անցկացվելիք «Նոֆի» ոչ կոմերցիոն ֆիլմերի 3-րդ միջազգային փառատոնի ղեկավար, Հայաստանի ոչ կոմերցիոն կինոյի համահայկական կենտրոնի (CANC) նախագահ Արատաշես Հովհաննիսյանն այսօր «Ելակետ» ակումբում ներկայացրեց փառատոնի ժամանակացույցն, ինչպես նաեւ՝ ժյուրիի կազմը:

Ոչ կոմերցիոն ֆիլմերի փառատոնի ղեկավարի խոսքով, այս տարի առաջին անգամ կինոփառատոնը հանդես կգա որպես միջազգային փառատոն: Ըստ Ա. Հովհաննիսյանի, անցած տարի կինոփառատոնն ունեցել է համահայկական նշանակություն:

«Ժյուրիի անդամները ճանաչված մասնագետներ են Հայաստանից: Փառատոնի ընթացքում հյուրերի հետ լինելու ենք Փարաջանովի տուն-թանգարանում, մեկնելու ենք Աղվերան, որտեղ քննարկում է լինելու: Փառատոնի մրցութային փուլ անցած հայկական ֆիլմերը 17-ն են»,- նշեց փառատոնի ղեկավարը՝ հավելելով, որ մրցութային փուլ են անցել թվով 45 ոչ կոմերցիոն ֆիլմեր՝ ԱՊՀ երկրներից, ԱՄՆ-ից, Եվրոպայից:

Փառատոնի ժյուրիի նախագահ, ԵԹԿՊԻ պրոռեկտոր, կինոգետ Անետա Երզնկյանը, խոսելով կինոփառատոնի նշանակության ու դերի մասին, ասաց.

«Ես անցած տարի մասնակցել եմ փառատոնի աշխատանքներին որպես ժյուրիի նախագահ եւ հասկացել եմ, որ յուրահատուկ փառատոն է: Այս տարվա փառատոնին ներկայացված ֆիլմերն ավելի բազմազան են, քան անցած տարի»:

Aravot.am-ը «Նոֆի» ոչ կոմերցիոն ֆիլմերի միջազգային փառատոնի ղեկավար Արտաշես Հովհաննիսյանից հետաքրքրվեց, թե ի՞նչ դաստիարակչական նշանակություն ունի փառատոնն ու արդյոք հայտնի կինոգործիչներ չե՞ն գալու արտասահմանից` մասնակցելու կինոփառատոնին:

Փառատոնի ղեկավարը պատասխանեց. «Հայտնի հյուրեր չեն լինելու, որովհետեւ նրանց գալու համար պետք է վճարել: Չունենք այդ օգնությունը, չնայած, որ դիմել ենք այդ օգնության համար, բայց չենք ստացել: Այս տարի չենք կարող գլուխ գովել արտասահմանից ժամանած հայտնի դեմքերով: Իսկ փառատոնի նշանակությունն է խթանել ոչ կոմերցիոն կինոն Հայաստանում եւ Սփյուռքում: Ամեն  փառատոնից հետո մեկնում ենք Սփյուռքի գաղթօջախներ եւ այնտեղ կազմակերպում ենք ցուցադրումներ: Այսինքն՝ այդ ֆիլմերով Սփյուռքը ճանաչում է Հայաստանը, Հայաստանը՝ Սփյուռքին»:

Չնայած ՀՀ մշակույթի նախարարությունը փառատոնի աջակիցն է, այնուամենայնիվ, փառատոնի ղեկավար Արտաշես Հովհաննիսյանը բավարար չի համարում այդ աջակցությունը:

Նշենք, որ փառատոնն անց է կացվելու չորս անվանակարգերով եւ «Սա Հայաստանն է» լուսանկարչական մրցույթով, իսկ կինոդիտումների համար տոմսեր չեն վաճառվելու, լինելու են միայն հրավիրատոմսեր:

 

Աշոտ ԱԹԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031