Լրահոս
Օրվա լրահոսը

«Տպավորություն ունեմ, որ Հայաստանի Հանրապետության այսօրվա բարձր իշխանությունն իր գործողություններով հատուկ խզում է կապը հայկական Սփյուռքի հետ». Լեւոն Չիդիլյան

Նոյեմբեր 24,2026 16:09 Share
Աջակցեք aravot.am-ին

Սփյուռքում հայոց լեզվի և մշակույթի պահպանման պարտավորությունը չի ներառվել Սահմանադրության նախագծում: Եթե գործող ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածով ամրագրված է, որ պետությունը պետք է նպաստի արտերկրում հայոց լեզվի, հայկական պատմամշակութային արժեքների պահպանմանը և հայկական կրթամշակութային կյանքի զարգացմանը, ապա նոր նախագծում այս առանձին պարտավորությունն այլևս ամրագրված չէ։

Aravot.am-ը թեմայի վերաբերյալ մեկնաբանություն խնդրեց վիրահայ հասարակական գործիչ Լևոն Չիդիլյանից (լուսանկարում): Հարցրինք՝ իր տպավորությամբ՝ որն է այդ փոփոխության, վերաձևակերպման նպատակը, և ինչ հետևանքներ կարող է այն ունենալ:

«Տպավորություն ունեմ, որ Հայաստանի Հանրապետության այսօրվա բարձր իշխանությունն իր գործողություններով հատուկ խզում է կապը հայկական Սփյուռքի հետ, իսկ մայր հայրենիքի հետ մեր կապը կտրվելու վերջնական հետևանքը լինելու է արագ ուծացումը: Այս իշխանությունների գերնպատակն է հայկական Սփյուռքի ուծացումը, որպեսզի հայկական Սփյուռքը չներկայացնի որևէ կշիռ համաշխարհային քաղաքականության, հայկական կյանքի մեջ և այլն: Դա են փաստում նաև վերջին դեպքերը՝ կապված Հայ Առաքելական եկեղեցու դեմ անբարոյական և հանցագործ ճնշումների հետ: Այդ մարդիկ մոռանում են, որ Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին է մեզ՝ որպես ազգ, բերել հասցրել 21-րդ դար»,- ասաց Լևոն Չիդիլյանը:

Կենտրոնական Վրաստանի օրինակը բերելով՝ նա հավելեց. «Առանց Հայաստանի Հանրապետության աջակցության՝ օրեցօր թուլանում են հայկական համայնքի կառույցները: Ժամանակին, երբ գործում էր Սփյուռքի նախարարությունը, մոտ 2000 հայ երեխա ամբողջ Վրաստանից այցելում էր Հայաստան: Ես այդ ամենը շատ լավ գիտեմ, որովհետև այդ պրոցեսների կազմակերպիչն եմ եղել Վրաստանի կողմից: Այսօր այդ թիվը տասնապատիկ կրճատվել է, և, ցավոք, Հայաստանի Հանրապետությունը շահագրգիռ չէ կազմակերպելու հայ երեխաների այցը: Հազարավոր երիտասարդներ, որ երբևէ Հայաստանում չէին եղել, գալիս, ճանաչում էին Հայաստանը, մի մասն ուզում էր իր կյանքը կապել հայրենիքի հետ: 2020 թ. պատերազմը ցույց տվեց, որ այդ ամենը արդյունավետ էր. շատ երիտասարդներ հսկայական հումանիտար օգնություն ցուցաբերեցին մայր հայրենիքին այդ ծանր ժամանակ:

Իմ կարծիքով՝ Հայաստանի Հանրապետության ամենամեծ դաշնակիցը հայկական Սփյուռքն է, մինչդեռ ՀՀ իշխանություններն այսօր փորձում են ներկայացնել, որ Սփյուռքը թշնամի է: Ամենավառ օրինակին ականատես եղանք վերջին ընտրությունների ժամանակ, երբ ռուսահայ համայնքին ներկայացրին որպես վտանգ Հայաստանի Հանրապետության համար՝ մոռանալով, որ Ռուսաստանում ապրող հայերը մեծամասամբ վերջին 30-35 տարվա ընթացքում Հայաստանից, Ադրբեջանից և Վրաստանից տեղափոխված մեր հայրենակիցներն են, որոնց ֆինանսական ներդրումների շնորհիվ է Հայաստանը 30 տարի փորձել կանգուն լինել»,- ասաց Չիդիլյանը:

«ՀՀ իշխանություններն ասում են՝ իրենց գերնպատակն է ապահովել հայրենադարձությունը, բայց ի՞նչ միջոցներով են հայրենադարձություն ապահովում՝ կապը խզելով հայկական Սփյուռքի հետ: Հազարավոր պատմամշակութային արժեքներ ունենք՝ անուշադրության մատնված Հայաստանի Հանրապետության բարձր իշխանության, հանցավոր ռեժիմի կողմից: Մենք ուծացման եզրին ենք, մենք կորցնելու ենք ամեն ինչ: Իրենք ասում են՝ իրական Հայաստան: Այսօրվա բոլոր թանգարաններում ոչ իրական Հայաստանի արժեքներն են ներկայացված, ստացվում է՝ ամբողջ թանգարանային նմուշները պիտի դո՞ւրս գցենք, ասենք՝ այս ամբողջը մեզ հետ կապ չունի՞, որովհետև իրական Հայաստանում չի ստեղծվել… Իմ նախնիները 200 տարի ապրում են Վրաստանում, հայկական դպրոց են ավարտել, երեխաս հայկական դպրոց է հաճախում… Մեր աչքի առաջ վերջին 20 տարիներին միայն Թբիլիսիում 7 հայկական դպրոց է փակվել, և պատճառներից մեկն էլ Հայաստանի Հանրապետության ոչ պատշաճ ուշադրությունն է: Օրեցօր այս կապը խզվելու է: Նմանատիպ շարժում կար ԽՍՀՄ-ի առաջին տարիներին, երբ երկաթե վարագույրը փակվեց հայ համայնքների և Խորհրդային Հայաստանի միջև: Նույն միտումն եմ տեսնում այսօր, նպատակասլաց գործողություններ են արվում ի շահ մեր թշնամիների: Դրանից ոչ Հայաստանի Հանրապետությունը կշահի, ոչ հայկական Սփյուռքը, այսպես շարունակվելու դեպքում՝ մենք մոմի պես կվառվենք, կոչնչանանք»,- հավելեց վիրահայ գործիչը:

«Իրավաբանորեն մենք Հայաստանի Հանրապետության քաղաքացի չենք, բայց այդ պետության գենետիկ քաղաքացիներն ենք: Այսօրվա Հայաստանի Հանրապետությունը մեր պապերի արյունով, քրտինքով, մշակույթով է ստեղծված, մենք տարբեր պատճառներով հայտնվել ենք ՀՀ սահմաններից դուրս, բայց դա չի նշանակում, որ ով Հայաստանում չի ապրում, հայ չէ: Ով էլ ապրում է Հայաստանում, զրկում են կարևոր հայկական ինստիտուտների հետ շփումից, եկեղեցու դեմ հալածանքներ են տանում, այն դեպքում, երբ եկեղեցին հայ ազգի ողնաշարն է: Հիմա էլ սուտ օրակարգ են բերել՝ խաղաղության գաղափարը… Բայց ի՞նչ խաղաղություն, երբ աչքիդ առաջ Բաքվի բանտերում տառապում են տասնյակ հայ գերիներ, ոչնչացվում են հարյուրավոր պատմամշակութային արժեքներ: Խաղաղությունը չի լինում միայն մի կողմի զիջելով, ոչ մի թուղթ չի կարող ապահովել խաղաղություն, եթե չկա ազգային գաղափար, նվիրում, ուժ: Եվ ով էլ այլ կարծիք է հայտնում, անմիջապես պիտակավորում են որպես օտարերկրյա ծառայությունների գործակալ…

Մենք առանց Հայաստանի Հանրապետության և Հայ Առաքելական եկեղեցու՝ շատ շուտ ուծանալու ենք, ինչպես դա եղավ, երբ կոմունիստական հանցավոր ռեժիմի կողմից եկեղեցու իրավազորությունները կրճատվելու պարագայում հազարավոր հայեր ուծացվեցին: Մենք չենք կարող Հայաստանի Հանրապետության պրոցեսներին ուղիղ մասնակցել, որովհետև ձայնի իրավունք չունենք, քանի որ ՀՀ քաղաքացի չենք շատերս, բայց դա չի խոչընդոտել ինձ պահել կապը մայր հայրենիքիս հետ, և ուրախ եւ դժվար օրերին լինել մայր հայրենիքի կողքին, նաև մայր հայրենիքն է դժվար պահերին իմ կողքին եղել: Մենք Վրաստանի քաղաքացիներ ենք, Վրաստանում ունենք լիարժեք իրավունքներ, բայց առանց Հայաստանի Հանրապետության աջակցության՝ այնպիսի կարևոր հարցերում, ինչպիսին է լեզուն, անտեր կմնանք: Իսկ որբի ճակատագիրը, գիտեք, ինչպիսին է: Սփյուռք-Հայաստան կապը պետք է հայելանման լինի»,-ընդգծեց մեր զրուցակիցը:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Նոյեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30