

Մենք որոշեցինք չշարունակել նրանց հետ քննարկումները, այլ գնալ ՀԷԿ-ի տարածք և սեփական աչքերով տեսնել, թե ինչ է կատարվում այնտեղ: Դեպի գետ տանող ճանապարհին այդ նույն մարդիկ, ովքեր պնդում էին, թե գյուղը կողմ է ՀԷԿ-ի կառուցմանը, երկու մեքենայով փակեցին մեր ճանապարհը` ագրեսիվորեն հորդորելով չգնալ շինարարության տարածք և հեռանալ: Կանաչ ջոկատն անմիջապես ահազանգեց ոստիկանություն և հաղորդեց այդ օրինախախտման մասին` տրամադրելով նաև մեր ճանապարհը փակած մեքենաների համարները (57 LO 283 Նիվա և 25 OO 423 ՈւԱԶ մակնիշների): Ահազանգից հետո նրանք անմիջապես բացեցին ճանապարհը և մենք աառանց խոչընդոտի հասանք գետափ, որտեղ նույնիսկ տոնական օրով ընթանում էին շատ ինտենսիվ շինարարական աշխատանքներ:
Եթե այդ մարդիկ մեր ներկայությամբ էին ահաբեկում գյուղացիներին և իրենց թույլ տալիս փակել մեր ճանապարհը, ապա կարող եք պատկերացնել, թե ինչեր են կատարվել Գետահովիտ գյուղում կողմնակի աչքերի բացակայության պայմաններում…
ՀԷԿ-ի շինարարության տարածքից հետ վերադառնալուց հետո, բնապահպան Մարիամ Սուխուդյանը դիմեց Գետահովիտի գյուղացիներին: Դիտեք, թե ինչպես կարող է հանուն բնության պահպանության ու հանուն ընդհանուր շահի ասված խոսքն ազդել մարդկանց վրա: Տեսեք, թե ինչպես կարող է լույսը ցրել խավարին:
Նայեք, թե ինչպես է հայ մարդը փախչում իր մեջ արթնացող ՀԱՅԻՑ: Մարդիկ վախենում են ուղղել իրենց ողնաշարը ու մինչև վերջ տեր կանգնել իրենց բնությանը, հողին ու հայրենիքին: Գետահովիտի բնակիչները դեռ մի քանի ամիս առաջ ոտքի էին կանգնել և դադարացրել ՀԷԿ-ի կառուցումը, ինչով հրաշալի օրինակ էին դարձել Բյուրականի, Մարցի և այլ գյուղերի համար, որտեղ ևս գյուղացիներն ընդվզեցին ՀԷԿ-երի կառուցման դեմ:
Այս տեսանյութում գետահովիտցիները, ում վախեցրել ու ահաբեկել են, ում ստիպել են ետ կանգնել իրենց պայքարից, լսում են բնապահպանի խոսքերը և սկսում են ետ-ետ քայլել, հեռանալ… Ինչ-որ բան է արթնանում նրանց մեջ: Նրանք գիտակցում են, որ պայքարի էին դուրս եկել, սակայն ուժ չեն գտնում մինչև վերջ հասցնելու իրենց պայքարը, քանի որ տեղի են տվել մասնավորի շահին ու ճնշումներին:
Սա այդ օրվա արշավի կարևորագույն պահերից մեկն էր: Հայի մեջ ՀԱՅԻՆ է պետք արթնացնել, օգնել, որ մինչև վերջ տեր կանգնի իր հողին: Եվ խավարը կցրվի…
Համահայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ)



















































Ապրեք …