
Սեմինարի անհրաժեշտությունը, ըստ ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանի, պայմանավորված էր մեր անվանի հայրենակից Վլադիմիր Ներսիսյանցի 75-ամյա տարեդարձի հետ: Ի դեպ, Ռուսաստանում եւս այդ կապակցությամբ կազմակերպվում են «Ներսիսյանական լսումներ»:
Սեմինարի ավարտին ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դեկան Գագիկ Ղազինյանն առաջարկեց , որ մեզ մոտ եւս շարունակվեն «Ներսիսյանական լսումները»:Այս տարվա հոկտեմբերի 2-ին էլ Վ.Ներսիսյանցի ծննդյան օրը ՍԴ-ում կնշվի հավուր պատշաճի:
Այսօրվա զեկուցողներն էին ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանն ու ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի պետության եւ իրավունքի տեսության ու պատմության պատմության ամբիոնի վարիչ Արթուր Վաղարշյանը:
ՍԴ նախագահը տեղեկացրեց, որ հուլիսի 2-5-ը Հայաստան են գալու Սահմանադրական իրավունքի մասնագետներ, տարբեր երկրների ՍԴ դատավորներ,Վենետիկի հանձնաժողովի նախագահը, օմբուդսմեններ:19 երկրների 24 սահմանադրագետներ կքննարկեն «Նոր հազարամյակի սահմանադրականության» հարցը:
ՍԴ նախագահ Գ.Հարությունյանը նշեց, որ իրավական անգրագիտությունը դրսեւորվում է բոլոր մակարդակներում:Նա ասաց, որ օրեր առաջ գտնվել է ԱԺ-ում, որտեղ բոլորն առանց բացառության շեշտել են «օրենքի գերակայության» մասին:Մինչդեռ, ըստ Գ.Հարությունյանի, երբ խոսում ենք օրենքի գերակայության մասին,մենք չենք խոսում իշխանության սահմանափակման մասին:Իսկ իշխանության սահմանափակումը պայմանավորված է իրավունքի գերակայությամբ: Գագիկ Հարությունյանի կարծիքով ամենամեծ շփոթը ստեղծեց 1995թ.-ի Սահմանադրությունը, երբ արձանագրվեց, որ «Հայաստանի Հանրապետությունը գործում է օրենքի գերակայությամբ»: Գ.Հարությունյանը հիշեց, որ տարիներ առաջ ԵՊՀ դասախոսներից մեկն իրեն մեղադրել էր այն բանում, որ շփոթում է իրավունքի գերակայությունը օրենքի գերակայության հետ:
Հետագայում, իհարկե, նա «ուղղել» էր իր սխալը՝ հրապարակայնորեն հայցելով ՍԴ նախագահի ներողամտությունը:
Գագիկ Հարությունյանն անդրադարձավ նաեւ դատական համակարգին, դատավորներին, ասելով, որ բազմաթիվ օրինակներ կարող է բերել, որտեղ «կիսալուծումներ» են առաջարկվել:
«Քաղաքացու նկատմամբ կիրառվել է իրավական ակտ:Անձը ստացել է սահմանադրական արդարադատության իրավունք: Եվ դատավորները պիտի դատական ակտերը կայացնեն՝ ելնելով իրավունքի գերակայության սկզբունքից»,-ասաց Գ.Հարությունյանը: Հիսունվեց գործով հակասահմանադրական են ճանաչվել նույնքան իրավական նորմեր:Դիմելով իրավապաշտպան Արտակ Զեյնալյանին՝ Գ.Հարությանն ասաց, որ ամիսը երկու անգամ նա դիմում է ՍԴ՝ սահմանադրականության վիճարկման հարցով:
Իսկ ըստ ՍԴ խորհրդական Գեւորգ Դանիելյանի՝ միայն մեկ դատավոր է մինչ օրս դիմել ՍԴ՝ սահմանադրականության վիճարկման հետ կապված հարցով:
Գագիկ Հարությունյանի խոսքն իրավական ավանդույթների ձեւավորման առումով այսպիսին է .«Նախկինում կանգնած էր մեքենան, հիմա շարժվում է, բայց տեղ չի գնում»:
Իրավունքի գերակայությունը պետք է դառնա իշխանության բոլոր թեւերի համար վարքագծի նորմ, իսկ դրա պարամետրերը, ըստ Գ.Հարությունյանի, հետեւյալն են՝ մարդու իրավունքների պաշտպանվածությունը, իրավունքով իշխանության սահմանափակումը, անկախ արդարադատությունը, օրենքների կանխատեսելի լինելը:
ԵՊՀ ամբիոնի վարիչ Արթուր Վաղարշյանն անդրադարձավ իրավունքի գերակայության վիճակին, իրավունքի հաղթարշավին եւ իրավունքի գերակայության հաղթանակին:
Ըստ Ա.Վաղարշյանի, հաղթարշավը պայմանավորված էր կրոնականը իրավաբանական աշխարհայացքով փոխարինելով: Այս զեկուցողն էլ ասաց, որ իրավական ակտերի մեջ անհրաժեշտ է ամրագրել իրավական էթիկայի նորմերը:
Նա անդրադարձավ մի շարք հարցերի,մասնավորապես, ինչ է իրավունքը, ինչպիսին է իշխանության հանրային վարքագիծը:
Ամփոփելով սեմինարը, Գ.Հարությունյանն ասաց, որ առկա է սահմանադրականության դեֆիցիտ, եւ որ ժամանակն է որոշակի լուծումներ գտնելու:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ




















































