Լրահոս
Օրվա լրահոսը

Ավտոպարկը ծաղկապատված է, մեքենաներից բացի՝ վարորդներն էլ գիշերակաց ունեն

Հունիս 06,2013 13:53 Share

Avtopark-2Պետական եկամուտների կոմիտեի նշանակած 14 միլիոն դրամ տուգանքից դեռ ուշքի չեկած՝ «Հակո» կոոպերատիվը, որը շահագործում է թիվ 28 միկրոավտոբուսի երթուղին, չնայած ֆինանսական մեծ կորուստներին, ի տարբերություն որոշ գծատերերի՝ կաշվից դուրս է գալիս երթուղագիծը շահագործելու համար սահմանված չափանիշները պահպանելու: Մայրաքաղաքի երթուղիներից գրեթե հատուկենտ տնտեսվարողն է, որը բացի երթուղագծում եղած միկրոավտոբուսների համար ավտոկայանատեղի ունենալուց, ինչը պարտադիր է գիծ շահագործելու պարագայում, բնակարանի կարիք ունեցող իր վարորդների համար գիշերակաց է ապահովում: Կոոպերատիվին պատկանող ավտոպարկում, որը գտնվում է Արարատյան մասիվում, «Հակո» կոոպերատիվի տնօրեն Վլադիկ Աբրահամյանը մի քանի սենյակ է կառուցել, որտեղ, նրա խոսքերով, ժամանակավոր ապրում են թիվ 28 միկրոավտոբուսի այն վարորդները, որոնք անտուն են կամ մարզից են՝ մինչեւ կլուծեն իրենց բնակարանի հարցերը: Միկրոավտոբուսները աշխատանքից հետո կայանում են ավտոպարկում, ինչպես որ պահանջվում է օրենքով: Երեւանի քաղաքապետարանի թիվ 28 միկրոավտոբուսի գծում երթուղիների քանակը կրճատելուց հետո, տնօրենի խոսքերով, ավտոպարկում աշխատող ավտովերանորոգման մի շարք մասնագետներ հեռացել են՝ ցածր եկամուտներ վաստակելու պատճառով: Ավտոպարկում մասնագետներ են պահանջվում, որպեսզի երթուղագծի միկրոավտոբուսների վարորդները չընկնեն դեսուդեն ու ավտոմեքենաները վերանորոգեն: Վ. Աբրահամյանի խոսքերով. «37 մեքենայից կրճատեցին՝ դարձնելով 22-ը: Ժամը երեկոյան 9-ից հետո քանի՞ մեքենա պիտի աշխատի, որ գիծը նորմալ սպասարկի: Երեւան քաղաքի տրանսպորտի վարչության պետը շատ լավ մասնագետ է տրանսպորտի ոլորտում, լավ հասկանում է տրանսպորտային խնդիրներից, բայց քանի որ որոշել են միկրոավտոբուսները փոխարինել ավտոբուսներով, նա ասում է, որ այդպես են արել, որ ավտոբուսներն աշխատեն: Բայց մեր երթուղագիծը տուժում է, քանի որ մեզ զուգահեռ աշխատող այլ երթուղի չկա: Ճիշտ է, մեր միկրոավտոբուսները խառնվում են քաղաքի տրանսպորտի հետ, բայց դրանից հետո միակն է երթուղում: Մեր ուղեւորներից հաճախ ենք բողոքներ ստանում, որ հաճախականությունը սպասարկման ուշ-ուշ է, նրանց բացատրում ենք, որ մեքենաների քանակն է քիչ: Գծում 22 մեքենայից 3-4 մեքենան օրվա մեջ ոնց էլ լինի՝ կանգնում են վերանորոգման: Մնում է 18 մեքենա: 18 մեքենայով 10 րոպեն մեկ է շարժվում: Մայրաքաղաքի ամենաերկար գծերից մեկն է: Երբ մեքենաների քանակը շատ էր, 3 րոպեն մեկ գնում էր, եւ ոչ մի բողոք չկար»:

Ըստ երթուղագծի տնօրենի՝ չնայած մեքենաների քիչ քանակին, եղած մեքենաները բարեկարգ են, մաքուր, վարորդները՝ կոկիկ: Ավտոպարկում կա նաեւ բժշկի առանձնասենյակ, որը հետեւում է վարորդներին:

Այս երթուղագծում 3-4 վարորդ Արցախյան պատերազմի ազատամարտիկներ են: Նախկինում 7-ն են եղել, երբ գծում ավտոմեքենաների քանակը կրճատվել է, նրանք դուրս են մնացել: Կոոպերատիվի տնօրեն Վլադիկ Աբրահամյանը նույնպես ազատամարտիկ է, որը մեծ ներդրում ունի մեր երկրի կայացման գործում: Արցախյան պատերազմի ժամանակ հաղթական դրոշը հենց նա է կանգնեցրել Աղդամի ալրաղացի տանիքին: Նա նաեւ 1988-ի երկրաշարժի գոտում՝ որպես կամավոր, մասնակցել է վերականգնողական աշխատանքներին:

Չնայած այս տնտեսվարողի բարեխիղճ գործելաոճին՝ ՊԵԿ-ը կոոպերատիվին տուգանել էր չաշխատող մեքենաների համար հարկ չվճարելու համար: Երթուղագծի տնօրենը դիմել էր Երեւանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչություն, որպեսզի թվով 6 միկրոավտոբուսների շահագործումը ժամանակավոր դադարեցվի: Տրանսպորտի վարչությունն էլ բավարարել է գծատիրոջ դիմումը եւ տրամադրել համապատասխան փաստաթղթեր, ըստ որի՝ այդ մեքենաներն իսկապես չեն շահագործվում: Որպեսզի չշահագործվող մեքենաների համար հաստատագրված հարկ չվճարվի, ընկերության տնօրենը տրանսպորտի վարչության կողմից տրված տեղեկանքը ներկայացրել է Մալաթիա-Սեբաստիա համայնքի հարկային տեսչություն, սակայն տեսչությունը դա որպես հիմք չէր ընդունել եւ ժամանակի ընթացքում տնտեսվարողին չէր էլ զգուշացրել, որ հարկերը ուժի մեջ են, եւ որ օր օրի դրանք կրկնապատկվում եւ քառապատկվում են: Վլադիկ Աբրահամյանի խոսքերով. «Կոոպերատիվին պատկանող մեքենաները վաճառեցինք, որ հարկայինի տուգանքների տակից դուրս գանք: Գրեցինք վարչապետին, Ազգային ժողովի նախագահին, նրանց աշխատակազմն իմ դիմումները տալիս էր քսանհինգերորդ մարդուն, որն էլ մակագրում էր Պետեկամուտների կոմիտեի նախագահին, այնտեղ էլ մի քսանվեցերորդ մարդ կարդում էր ու պատասխան գրում, որ՝ չենք կարող օգնել:

Անգամ արգելանք էին դրել իմ կոոպերատիվի վրա, որ ես գործարք չանեմ, հարցնում եմ՝ բա ես ինչպե՞ս եմ գումարները հանձնելու պետությանը, իմ հարկային մուծումներն անելու: Որեւէ մեկին դա չէր հետաքրքրում»:

ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930