Լրահոս
Օրվա լրահոսը

Սմբատ Դաղբաշյան. «Արյան վրա բիզնես չենք անում» (Տեսանյութ)

Հունիս 14,2013 13:48

Եհովայի վկաներին ժամերով համոզում են, որ արյուն ներարկեն:

 Դոնորից արյուն վերցնելու դիմաց վճարած գումարը նույնն է, ինչ ներարկված արյան գինը: Այսօր «Ուրբաթ» մամուլի ակումբում «Դոնորների միջազգային օրվա» առիթով հրավիրած ասուլիսին ասաց հանրապետության գլխավոր արյունաբան Սմբատ Դաղբաշյանը. «Արյան վրա բիզնես չենք անում: Որքան վճարում ենք դոնորին, այնքան էլ այդ արյան դիմաց վճարում է հիվանդը, եթե այդ արյունը նրան չի տվել հարազատը»:

Գլխավոր արյունաբանը կոչ է անում դառնալ դոնոր, քանի որ այսօր մեր երկրում կան շատ մարդիկ, որոնք արյան կարիք ունենալու դեպքում հարազատներ չունեն, որպեսզի նրանց համար արյուն տան, իսկ արյան պաշարներն էլ այնքան շատ չեն, որ անհրաժեշտության դեպքում բոլորին բավականացնի: Սամվել Դաղբաշյանի ներկայացմամբ, դոնոր չեն կարող դառնալ ՄԻԱՎ, բրուցելյոզ, տարբեր տիպի հեպատիտներ, ուռուցքային, սրտանոթային, հոգեկան հիվանդություններ ունեցող մարդիկ:

Մաշկի եւ լորձաթաղանքի վնասում, դաջվածքներ ունեցող, հղիությունն ընդհատած կամ հղիության մեջ գտնվող, սակայն դոնոր դառնալ ցանկացող քաղաքացիներին էլ ժամանակավոր թույլ չեն տալիս դոնոր լինել, նրանց հետ են ուղարկում` կանչելու պայմանով:

«Դոնոր դառնում են մանրազնին հետազոտվելուց հետո միայն: Դոնորական արյան անվտանգությունը գտնվում է բարձր մակարդակի վրա: Դոնոր դառնալը առողջության վրա որեւէ վնասակար ազդեցություն չի ունենում, եւ այն տեսակետը, թե արյուն տալը կախվածություն է առաջացնում, նման բան չկա, ընդհակառակը դոնորների ոսկրածուծն ավելի ակտիվ է աշխատում, եւ արյան մեջ մշտապես կան թարմ բաղադրամասեր, իմուն համակարգը գտնվում է լավ վիճակում: Մեր կենտրոնի բժիշկները նույնպես մեր դոնորներն են եւ 60-80 անգամ արդեն արյուն են հանձնել»:

Հարցին, թե Եհովայի վկաների համար անընդունելի է արյան փոխներարկումը եւ նման դեպքերում, եթե ասենք` Եհովայի վկան ունի արյան կարիք, ի՞նչ են անում, պարոն Դաղբաշյանն ասաց, որ շատ դեպքերում ստիպված են լինում վկայի հարազատներին ժամերով բացատրել, համոզել արյուն ներարկելու անհրաժեշտությունը: Գլխավոր արյունաբանի պատասխանը` տեսանյութում.

Ըստ պարոն Դաղբաշյանի` դոնորից արյուն վերցնում են 450 միլիգրամ: Այսօր մեր երկրում արյուն հանձնող դոնորների 45 %-ը փոխհատուցվող դոնորներ են, իսկ ընդամենը 3-4 տոկոսը` կամավոր հանձնողները. «Մենք պետք է աշխատենք այդ կամավոր արյուն հանձնող դոնորների թիվն ավելացնել: Զարգացած երկրներում կամավոր հանձնողների թիվը շատ ավելի մեծ է: Մարդիկ մտածում են արյուն տալով փրկում են մեկ ուրիշի կյանքը: Պատերազմի, երկրաշարժի ժամանակ շատերն էին գալիս կամավոր հանձնելու, սակայն, երբ հիմա մենք խաղաղ ժամանակներում ենք ապրում, մարդիկ մոռանում են, որ շատ մարդիկ կան, որոնք հարազատներ չունեն, եւ նրանք այդ արյան կարիքն ունեն»:

Aravot.am-ի հարցին, թե ի՞նչ վիճակում են այսօր մեր արյան պաշարները եւ արդյոք ֆորս-մաժորային իրավիճակներում կկարողանա՞նք արյունով ապահովել, պարոն Դաղբաշյանն ասաց, որ որոշակի քանակությամբ ունենք եւ կարող ենք օգտագործել, սակայն նման դեպքերում կոչով դիմում են հասարակությանը, որ արյուն հանձնեն:

Ներկայումս մեր արյան բանկում հատկապես դեֆիցիտ է 3-րդ եւ 4-րդ բացսական կարգի արյունը:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930