Այսօր ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի, աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի, էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանի ուղեկցությամբ շրջեց «Արմենա Մարիոթ» հյուրանոցում կազմակերպված «Խելացի լուծումներ՝ խելացի երկրների համար» խորագիրը կրող 6-րդ ամենամյա ԴիջիԹեք բիզնես ֆորումի շրջանակներում կազմակերպված ցուցահանդեսին:


Վարչապետի կանգառը` «Յունիքոմփ» ընկերության տաղավարի մոտ` տեսանյութում.
Ցուցահանդեսին մասնակցում էր նաեւ էլեկտրոնային ցուցատախտակների գործում մասնագիտացած «Ազրի» վրացական ընկերությունը, որը ներկայացնում էր մարդու ժամանակը խնայող ապրանք, այսինքն` ցուցանակը հուշում է երթուղիները, եւ թե այս կամ այն համարի հասարակական տրանսպորտը երբ եւ քանի րոպեից է գալու, որ երթուղայինը` ուր է գնում եւ այլն: Այս ցուցատախտակի տեղեկատվությունը կարելի է ստանալ նաեւ հեռախոսից հաղորդագրություն ուղարկելով: Թբիլիսիում արդեն տեղադրված են այս ցուցատախտակները:
Կարդացեք նաև
Վարչապետը ծանոթացավ նաեւ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության ներկայացրած աշխատանք փնտրողների եւ գործատուների պորտալին: Այն համադրվում է պետական մեկ այլ բազայի հետ եւ եթե աշխատանք փնտրողի տվյալները համընկնում են գործատուի պահանջներին, երկու կողմին էլ էլեկտրոնային փոստով տեղեկատվություն է գնում, որ տվյալ մարդու համար կա համապատասխան աշխատանք:
Մասնակիցների թվում էր նաեւ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը, որի աշակերտները հանգամանալից ներկայացնում էին, թե իրենց կրթօջախն ինչ ձեռքբերումներ ունի տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում: Կրթահամալիրի միջին դպրոցի սան Լուիզա Ավագյանի խոսքերով, իրենց դպրոցում ամեն ինչ համակարգչով է արվում, տետրերից սկսած մինչեւ գրատախտակ` էլեկտրոնային է: Աշակերտի մեկնաբանությունները` տեսանյութում.
ԴիջիԹեք բիզնես ֆորումի բացմանը Տիգրան Սարգսյանը նշեց, որ ՀՀ բուհերը պետք է կարողանան ամենաքիչը տարեկան 1000 մասնագետ մատակարարել տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտին: Վարչապետը նաեւ ասաց, որ մրցունակ պետություն ունենալու համար պետք է այդ ոլորտում անընդհատ ներդրումներ անել` «ՏՏ ոլորտում ներդրումը հնարավորություն է տվել կրճատել կոռուպցիան»:
Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը կարեւորեց սինգապուրյան փորձի ցուցադրությունը երեւանյան ցուցահանդեսում. «Սինգապուրում գիտելիքահենք տնտեսություն ունեն, եւ կարեւոր է, որպեսզի Հայաստանը ծանոթանա այդ փորձին: Սինգապուրը Հայաստանի համար լավ օրինակ է»:



















































