Գենետիկորեն մոդիֆիկացված սնունդն, ըստ մասնագետի, Հայաստանում ամենասուր խնդիրն է
10 տարուց ավելի է, ինչ Հայաստանում գործում են «Օրհուսի» կենտրոններ, եւ բազմաթիվ դատական գործընթացները, ըստ մեր երկրում «Օրհուսի» կոնվենցիայի համակարգող Աիդա Իսկոյանի, խոսում են այն մասին, որ ի տարբերություն հարեւան երկրների, մեզ մոտ կոնվենցիան աշխատում է:
Aravot.am-ի այն հարցին, թե կարո՞ղ է որեւէ դատական հայց է ներկայացրել, որով կանխվել է բնապահպանական որեւէ խնդիր, տիկին Իսկոյանը հիշեց ՀՀ նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանին.«Գործ ունեինք՝ Անդրանիկ Մարգարյանին տեղեկատվություն չտրամադրելու համար. Հարցում էինք ուղղել, 4 ամիս էր պատասխան չէին տալիս, դիմեցինք դատարան»:
Մեր ճշտող հարցին, թե «Օրհուսի» կենտրոնը կոնկրետ ինչ է արել, որ Հայաստանում, ասենք` կանխվի որեւէ հանքի կամ ՀԷԿ-ի շահագործումը, եթե այն բնապահպանական լուրջ խնդիրներ է առաջացնելու: Մեր այս հարցին տիկին Իսկոյանն ըստ էության չպատասխանեց, ընդամենն ասաց, որ դատարան դիմելու համար շատ լուրջ հիմքեր են անհրաժեշտ, դատարան դիմում են, բայց վերջնական արդյունքն այլ թեմա է:
Կարդացեք նաև
Տիկին Իսկոյանը, «Ելակետ» ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ մեր երկրում «Օրհուսի» 15 կենտրոն կա, Վրաստանում` 1, իսկ Ադրբեջանում 2:
Հայաստանում, ըստ մեր երկրում «Օրհուսի» կոնվենցիայի համակարգողի, գենետիկորեն մոդիֆիկացված, ձեւափոխված օրգանիզմների (ԳՄՕ) խնդիրն ամենասուրն է. «Օրհուսի» կոնվենցիայի 6-րդ հոդվածի 10-րդ կետում կա ԳՄՕ, այս հարցը շատ բարդ հարց է, աշխարհում «Մոնսանտո» ընկերություն կա, որն ամբողջ երկրագնդի վրա, որտեղ գյուղատնտեսական ոլորտներ կան, աշխատում է, որ այդտեղ ԳՄՕ լինի: Բույսը գենետիկորեն փոփոխում են, ասենք` ձկան գենը դնում են պոմիդորի ԴՆԹ-ի մեջ, դրանց հետեւանքները պարզ չեն»: Տիկին Իսկոյանի ներկայացմամբ` ի տարբերություն շատ երկրների, Հայաստանը, ցավոք, չի վավերացրել «Օրհուսի» կոնվենցիայի այն դրույթը, ըստ որի արտադրված կամ ներկրված սննդի կամ կենդանիների կերերի վրա պետք է մակնշվի, գենետիկորեն մոդիֆիկացվա՞ծ սննդամթերք է, թե` ոչ: Աիդա Իսկոյանն օրինակ բերեց, այսպես ասած «ուռած» հավերին, եւ վստահեցրեց, որ այդպիսի հավերին գենետիկորեն մոդիֆիկացված կեր են տալիս:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ