Լրահոս
Օրվա լրահոսը

Արսեն Բաբայան. «2012 թվականին 22 դատավոր է կարգապահական տույժի ենթարկվել»

Հուլիս 11,2013 18:22

Օրերս հրապարակվեց «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կազմակերպության «Կոռուպցիոն բարոմետր-2013»ը, համաձայն որի, Հայաստանում որպես ամենակոռումպացված համակարգ 4,0 համաթվով (առավելագույնը 5-ն է՝ ամենակոռումպացված, նվազագույնը՝ 1-ը՝ ամենեւին չկոռումպացված) ճանաչվել էին երեքը՝ դատական համակարգը, առողջապահության համակարգը եւ պետական պաշտոնյաներ/հանրային ծառայողները:

«Առավոտի» խնդրանքով ՀՀ դատական դեպարտամենտի միջազգային համագործակցության և հասարակայնության հետ կապերի ծառայության պետ Արսեն Բաբայանը մեկնաբանեց այս փաստը: Նկատելով, որ կասկածի տակ չեն դնում  «Թրանսփարենսի ինթերնեշնլի» կատարած հետազոտությունը, որովհետեւ դրանում ներկայացված է հանրության, շարքային քաղաքացիների կարծիքը, պարոն Բաբայանն ասաց, որ պատճառները, որոնց հետեւանքով քաղաքացիների մոտ դատական համակարգի կոռումպացվածության մակարդակն այդքան բարձր է ընկալվում, բազմաթիվ են. «Սխալ դատական ակտերից սկսված, որոնց մի մասը հետո շտկվում է, մի մասն այդպես էլ չի շտկվում՝ դատական պրոցեսուալ իրավունքի առումով, մինչեւ  փաստաբանական գործունության արդյունքում ձեւավորված կարծիք: Մենք բոլորս էլ գիտենք դեպքեր, երբ փաստաբանները անպայման հաղթելու խոստումներ են տալիս՝ հաճախորդ չկորցնելու եւ գումար աշխատելու նպատակով, թեեւ ներքին կանոնակարգով փաստաբաններն իրավունք չունեն նման խոստումներ շռայլելու, եւ երբ դատը չեն շահում, իրենց արդարացնելու համար, բնականաբար, մեղքը գցում են դատարանների վրա» : Պատճառները նշելիս՝ նա չժխտեց, որ կա նաեւ որոշ դատավորների կոռումպացված լինելու խնդիրը. «Դա մենք երբեք չենք թաքցրել եւ չենք էլ ուզում թաքցնել: Եվ բնականաբար, այս բոլոր պատճառներն իրար հետ հասարակության մոտ ստեղծում են ընկալում՝ դատական համակարգի կոռումպացված լինելու մասին»:

Այսքանով հանդերձ՝ պարոն Բաբայանը գտնում է, որ որոշակի բարելավման միտում է զգացվում, քանի որ նույն «Թրանսփարենսի ինթերնեշնլի» 2010 թվականի «Կոռուպցիոն բարոմետրով» Հայաստանում դատական համակարգի կոռումպացվածությունն ավելի բարձր մակարդակի վրա է եղել՝ 4,1 համաթվով, այն դեպքում, երբ համաշխարհային կտրվածքով այդ համաթիվն ավելի ցածր էր՝  3,3: Ստացվում է, որ աշխարհում դատական համակարգի կոռումպացվածությունն տարեց տարի ավելի բարձր է ընկալվում, իսկ մեզ մոտ՝ հակառակը: Այս ամենին պարոն Բաբայանն ավելացրեց նաեւ նման հետազոտությունների համար նախատեսված 0,3 չափով սխալանքի հնարավորությունը:

Դատական համակարգի կոռումպացվածության ընկալման դեպի նվազում գնացող դինամիկան ՀՀ դատական դեպարտամենտի հասարակայնության հետ կապերի ղեկավարը բացատրում է առաջին հերթին Արդարադատության խորհրդի աշխատանքով: Մասնավորապես, 2012 թվականին 22 դատավորի նկատմամբ կիրառվել է կարգապահական պատասխանատվություն, 2013-ին՝ արդեն իսկ 20- ից ավելի դատավորի հանդեպ է կարգապահական պատասխանատվության կիրառվել, ընդ որում՝ մեկին աշխատանքից ազատել են եւ այլն:

«Առավոտի» հարցին՝ ուրիշ ի՞նչ ճանապարհներ եք տեսնում դատական համակարգի վրայից «կոռումպացվածի» պիտակը հանելու համար, պարոն Բաբայանը պատասխանեց. «Ինչ խոսք, դատավարորներն անկախ են, եւ բացի օրենքով նախատեսվածից, որեւէ այլ կերպ հնարավոր չէ միջամտել նրանց գործունեությանը: Բայց միեւնույն ժամանակ դատական իշխանության քաղաքականությունը գնում է դեպի լավացում: Օրինակ, եթե մենք 2008-ին ունեցել ենք 3 արդարացում ՀՀ դատարանների կողմից, հետո՝ 20, հետո՝ 50, իսկ 2012-ին՝ արդեն ոնեցել ենք 84 արդարացում, որը կազմում է դատի տված անձանց 2%-ը: Սա, բնականաբար, խոսում է կոռուպցիոն դրսեւորումների նվազեցման, դատական իշխանության անկախության բարձրացման եւ այլնի մասին: Դատավորների պատասխանատվության մասին արդեն ասացի՝ 2008-ին միայն մեկ դատավոր է պատասխանատվության ենթարկվել, իսկ 2012-ին` 22: Ընդ որում, 22-ը Հայաստանի դատավորների 10%-ն է կազմում: Սա մի կողմից շատ լավ ցուցանիշ է՝ թերությունները վերացնելու, չթաքցնելու առումով, բայց մյուս կողմից վատ է, որ այդքան դատավոր պատասխանատվություն է ենթարկվել»:

Մեր հարցին՝ կա՞ արդյոք ժողովրդի ընկալման մեջ որոշակի իներցիա՝ տարիներ շարունակ սովոր ենք եղել, որ դատավորները կաշառակեր են, եւ հիմա ինչ էլ փոխվի, շարունակելու ենք այդպես մտածել, պարոն Բաբայանը պատասխանեց. «Անշուշտ կա, եւ այս արդյունքն էլ, որ «Թրանսփարենսի ինթերնեշնլը» գրանցել է նախորդ անգամվա համեմատ 0,1 կետով քայլ դեպի դրականը, դրա հաստատումն է: Մենք փոքր, բայց հաստատուն քայլերով գնում են դեպի բարելավում: Նաեւ ավելացնեմ, որ Համաշխարհային բանկի վերջերս կատարած հետազոտություններից մեկի ժամանակ հարցվածների մոտ 55%-ն ասել էր, որ մամուլից, այլ քաղաքացիներից է լսել դատական համակարգի կոռումպացվածության մասին, եւ 13%-ն է ասել, որ իրենք անձամբ կամ իրենց հարազատներն են առնչվել դրան: Մեկ այլ հարցման ի պատասխան էլ պարզվել է, որ հարցվողների 70%-ը մասնակի կամ ամբողջությամբ գոհ է դատավորների կայացրած դատական ակտերից: Սա, իհարկե, գերազանց ցուցանիշ չէ, բայց բավականին լավ է, եթե համեմատենք, օրինակ, 2009-ի հետ, երբ գոհ էր ընդամենը 49%-ը»:

Նա եւս մեկ հետազոտության տվյալներ ներկայացրեց, որը կատարել է Ամերիկյան իրավաբանների ասոցիացիան՝ 2012-ի վերջին. «Դատական բարեփոխումների ինդեքսով նախատեսված 30 գործոններից 7-ով Հայաստանի Հանրապետությունը արձանագրել է դրական շարժ: Երկու գործոնով ունենք բացասական շարժ, ընդ որում, դրանցից մեկը վերաբերվում է դատավորներին պատասխանատվության ենթարկելու դեպքերին: Ես արդեն նշեցի, որ մի կողմից լավ է, որ շատ են բացահայտվում թերությունները, մյուս կողմից վատ է, որ այդ թիվը անընդհատ աճում է: Մնացած 21 գործոններով փոփոխություն չի արձանագրվել»:

Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031