Լրահոս
Օրվա լրահոսը

«Նյարդերի պայքար» հայ-ռուսական հարաբերություններում

Հուլիս 17,2013 12:44

Ռուսական կողմը մտածված, իր իսկ ձեռքով քանդում է՝ «Ռուսաստանը Հայաստանի անվտանգության միակ երաշխավորն է» մեզանում կարծրացած համոզմունքը:

Մոսկվայի Տվերի շրջանի դատարանի որոշմամբ կալանավորված ՀՀ քաղաքացի Հրաչյա Հարությունյանի գործով պետական մեղադրող է նշանակվել հայազգի՝ Գայանե Գրիգորյանցը:

Վստահաբար սա ոչ պատահականություն է, ոչ էլ զուգադիպություն, եւ եթե մինչ այժմ ռուս իրավապահներին արդարացիորեն հայաստանցիներս մեղադրում էինք ՀՀ քաղաքացի Հ․ Հարությունյանին ստորացնելու համար՝ սկսած նման հոգեվիճակում եւ այդպիսի տեսքով նրան դատարան բերելու (ի դեպ, ռուսաստանցի իրավապահներն այդ քայլով, նախևառաջ, անհարգալից վերաբերմունք են դրսեւորել իրենց երկրի՝ ՌԴ դատարանի նկատմամբ) ու ճաղավանդակներում նստեցնելու համար, ապա այդ գործով հայազգի մեղադրող նշանակելն արդեն կարծես ամեն ինչ իր տեղն է գցում՝ ի ցույց դնելով ռուսական քաղաքականության բացառիկ ցինիզմը ողբերգության նկատմամբ:

Մի քանի օր ռուսական լրատվական դաշտում Հ․ Հարությունյանի հասցեին ուղղված վիրավորական արտահայտությունները քիչ էին, այժմ էլ՝ թող հայը հայի հարցերը լուծի՝ սկզբունքով, ակամայից հայտնվել ենք էլ մարդկային ողբերգության արդյունքում հայ-ռուսական առանց այն էլ վերջին ժամանակներս ոչ այնքան հարթ հարաբերությունները ծանրութեթեւ անելու փուլի մեջ:

Տեղին են բոլոր քննադատությունները ուղղված նաեւ Հայաստանի իշխանությունների հասցեին, եւ եթե չլիներ վերջին երկու օրերի աղմուկը՝ ՀՀ իշխանությունները կվարվեին այնպես, ինչպես մինչ այժմ են վարվել: Եվ այսօր արժե հիշատակել, որ Ռուսաստանում հաճախակի հայերի սպանությունների առիթով մշտապես մի տեսակ լռություն պահպանելու քաղաքականություն է վարվել Հայաստանի կողմից: Եվ հիմա ժամանակն է հարց բարձրացնելու՝ իսկ եթե Հայաստանի իշխանություններն այդպես չվարվեին, գուցե այսօր ավտովթարի արդյունքում վարորդի նկատմամբ արժանավայել վերաբերմունքի ականատե՞ս դառնայինք․․․

Մեկ ամիս առաջ էլ ՌԴ Կրասնոդարի երկրամասում մալուխի գողության համար ձերբակալվել, այնուհետև դաժան ծեծի էր ենթարկվել ու բռնաբարվել հայազգի շինարարը: «Կավկազսկի ուզել» կայքին տված հարցազրույցում Սոչիի բնակիչ Մարդիրոս Դեմիրճյանն ասել էր, որ մի քանի ժամ ծեծելուց հետո ոստիկանները երկաթե լոմով բռնաբարել են իրեն, որից հետո նա համաձայնել է ստորագրել ցանկացած ցուցմունք:

Որքան էլ այսօր հնչում են գնահատականներ, թե մարդկային ողբերգությունը չի կարելի դարձնել հայ-ռուսական միջպետական հարաբերությունների հարց, այնուամենայնիվ, մի բան կարծես արդեն անվիճելի է դառնում․ ռուսական կողմը Հայաստանի հետ փոխհարաբերություններում գնում է սրման քաղաքականության՝ «նյարդերի պայքարը» լարելով ու օգտագործելով ցանկացած առիթ: Գազի սակագների բարձրացում, Ադրբեջանին հարձակողական զինտեխնիկայի վաճառք, ադրբեջանահաճո ձեւակերպումներ Լեռնային Ղարաբաղի խնդրի վերաբերյալ՝ Ռուսաստանի ԱԳ նախարար Լավրովի մակարդակով, այժմ էլ՝ հայ վարորդի նկատմամբ դրսեւորած վերաբերմունքը:

Տպավորություն է ստեղծվում, որ ռուսական կողմը մտածված, իր իսկ ձեռքով քանդում է՝ «Ռուսաստանը Հայաստանի անվտանգության միակ երաշխավորն է» մեզանում կարծրացած համոզմունքը: Գուցե սա, ինչ-որ առումով նույնիսկ դրական երեւույթ է, սակայն նման իրավիճակում Հայաստանի իշխանությունները պետք է առավելագույնս զգոն լինեն, որպեսզի Ռուսաստանում հակահայկական տրամադրությունների ալիք չբարձրանա, քանի որ ռազմավարական դաշնակիցը, ինչպես երեւում է, միջոցների ընտրության հարցում խտրականություն այլեւս չի դնում:

Որեւէ մեկը դեռ մեկ տարի առաջ երեւի չէր կարող պատկերացնել, որ Հայաստանի քաղաքացիները մի օր բողոքի ակցիաներ կանցկացնեն Ռուսաստանի դեսպանատան առջեւ։ Մինչդեռ երեկ արդեն երկրորդ բողոքի ակցիան տեղի ունեցավ, նախորդն՝ ընդդեմ «Գազպրոմի» էր:

Թե ինչո՞ւ է ռուսական քաղաքականությունը ավելի սուր դարձել, բազմաթիվ պատճառների շուրջ հիմնավորումներ հնչել են վերջին ամիսներին եւ կրկնելու անհրաժեշտություն չկա: Սակայն վերջին իրադարձությունները լրացուցիչ առիթ են Հայաստանի ու Ռուսաստանի միջեւ հարաբերությունները հավասարը հավասարի հետ հարաբերություններ դարձնելու ուղղությամբ աշխատանք տանելու՝ առանց բորբոքված կրքերի ու զգացմունքների, որպեսզի ազգային արժանապատվության ոտնահարման շղթան անվերջ չձգվի:

Կայսրապաշտ պետություններ եղել են միշտ, առավելեւս՝ ռուսական կայսրապաշտությունը, որի գոյությունը այսօրվա աշխարհում «սապոգի» ուժի հզորությամբ վկայում է այն մասին, որ կայսրություն պահելու մեթոդները, թերեւս, այդքան էլ շատ չեն մնացել ռուսական զինանոցում: Ռուսաստանը կորցրել է Վրաստանը, Մոլդովան, կորցում է Ուկրաինան, Կենտրոնական Ասիայի մի մասը․․․ Ու եթե եկել է փոքրիկ, հայաթափվող Հայաստանը ուժով պահելու ժամանակը, ապա պետք է խոստովանենք մեր երկրի կարեւորությունը այս տարածաշրջանում, եւ այդ ժամանակ, թերեւս, կկարողանանք ստիպել ռազմավարական դաշնակցին հարգել թե՛ Հայաստանի պետականությունը, թե՛ ՀՀ քաղաքացու իրավունքը:

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Էդվարդ says:

    Կարելի է գրեթե լիովին համաձայնվել հեղինակի հետ, բայց Ռուսաստանին դեռևս լուրջ կերպով հորջորջել «ռազմավարական դաշնակից»՝ չափազանց է: Ռուսաստանն արդեն բացեիբաց իրեն համարում է կայսրության մետրոպոլիա, իսկ Հայաստանը՝ նվաճված ծայրամաս:

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031