Լրահոս
Օրվա լրահոսը

Ոչ թե ջնջել, այլ լրացնել

Մայիս 01,2024 14:30

«Եվրոպական», «ամերիկյան» իրական արժեքներն ամենեւին էլ «հակակրոնական» չեն

Հայաստանի հասարակության ներսում կոնֆլիկտը երբեմն ներկայացվում է որպես պայքար մի կողմից’ առաջադեմ, եվրոպամետ, ամերիկամետ պայծառ ուժերի եւ, մյուս կողմից՝ մութ, հետամնաց կղերականների, որոնց ուշքն ու միտքը պատերազմ սկսելն է եւ մեր երկիրը Ռուսաստանի կազմի մեջ մտցնելը: Այդպիսի գնահատականներ տվողները (եթե անկեղծ են եւ մաքուր քարոզչությամբ չեն զբաղվում) չգիտեն, թե ինչ են իրենցից ներկայացնում ժամանակակից եվրոպական երկրների, ինչպես նաեւ ԱՄՆ-ի հասարակությունները, ինչպես նաեւ պատկերացում չունեն, թե որ ուղղությամբ է զարգանում արեւմտյան հասարակական միտքն առնվազն վերջին 2,5 դարերի ընթացքում:

Թյուր պատկերացումների հիմքում ընկած է այն տափակ եւ անպտուղ գաղափարը, թե իբր հավատը մարդկանց խանգարում է, իսկ ահա գիտելիքը՝ միայն օգնում է: Իբր, մենք՝ «եվրոպամետներս», ապավինում ենք գիտելիքին, որը ստույգ է, անսասան մի ժայռ է, իսկ ահա դուք’ հետամնացներդ, ապավինում եք ինչ-որ հավատի, որը հեքիաթ է, հորինվածք է, «խոսելու վրա է»: Գուցե 18-րդ դարի ֆրանսիացի «էնցիկլոպեդիստներից» ոմանք հենց այդպես էլ մտածում էին, բայց հաստատ՝ ոչ գերմանական դասական փիլիսոփայության ներկայացուցիչները:

Քաղաքական արժեքավոր գաղափարներում նույնպես հավատը ոչ թե «ստորադաս» է, այլ «վերադաս» է գիտելիքից: Նույն ԱՄՆ-ի Անկախության հռչակագիրը հիմնված է այն ՀԱՎԱՏԻ վրա, որ Աստված բոլոր մարդկանց հավասար է ստեղծել: Դա է իրական արեւմտյան հումանիզմի հիմքը, որը ԱՄՆ հիմնարար հայրերը վերցրել են Ավետարանից, եւ որի վրա կառուցված է մարդու իրավունքների գաղափարախոսությունը: Եվ, ի դեպ, նույն հիմնարար հայրերն իրենց «ձեռքի տակ» ունեին քաղաքացիական հասարակության՝ փոխօգնության, համերաշխության սաղմերը, որոնք իրենց հետ Անգլիայից բերել էին պուրիտանները:

20-րդ դարում նույնպես բանականության եւ հավատի (ավանդույթի) տափակ հակադրությունն առանձնապես հարգի չէր: Թերեւս այդ հակագիտական գաղափարին տուրք էին տալիս խորհրդային բոլշեւիկները, այն էլ՝ բավականին կարճ ժամանակահատվածում՝ 1920-30-ական թվականներին:

Նշանավոր գերմանացի փիլիսոփա Հանս-Գեորգ Գադամերը հիշեցնում էր, որ Լուսավորչական շրջանում բանականությունը գովերգվում էր, իսկ «նախապաշարումները»՝ փառաբանվում: 19-րդ դարում, հակառակը՝ ռոմանտիկներն առաջարկում էին վերադառնալ «հին-բարի ժամանակներին»: Բայց դա նույն լուսավորչականությունն էր՝ պարզապես «բացասական նշանով»: Երկուսն էլ կարծում էին, որ նախապաշարումները, ավանդույթները հակառակ են բանականությանը, բայց մի դեպքում դրանք քարկոծվում էին, մյուս դեպքում՝ գովերգվում:

Գադամերը, սակայն, «նախապաշարումը», «նախա-դատողությունը» (Vor-unteil) միանշանակ բացասական երեւույթ չէր համարում, որոշ դեպքերում այն կարող է մեզ մոտեցնել ճշմարտությանը: Ի՞նչ է հարկավոր՝ տարբերելու համար դատարկ սնահավատությունները եւ այն հիմնարար դատողությունները, որոնք օգնում են մեզ հասկանալու աշխարհը: Գադամերի պատասխանն այստեղ օրիգինալ չէր՝ ժամանակի որոշակի «տարածությունը»: Հենց դրա շնորհիվ ենք մենք տարբերում պատահականը, սխալը իրական իմաստից:

Այդ ամենը հաշվի առնելով, առաջարկում եմ «ժամանակի տարածությունից» քննել մեր ազգային պատումները՝ Արցախ, Ցեղասպանություն, Մասիս սար, «Մեր Հայրենիք»: Մի՞ թե դրանք պարզ սնահավատություններ էին:

Վստահ եմ, որ վերցնել «բանականության» գավազանը եւ կոտրել այն, ինչ հակասում է այսպես կոչված «առաջընթացին», չափազանց «ոչ բանական» զբաղմունք է: 20-րդ դարի մեկ այլ փիլիսոփա՝ ֆրանսիացի Ժակ Մարիտենը բողոքում էր. «Մշակույթը, փոխանակ ձգտի կատարելագործել մարդու բնությունը’ նրա խորքային պահանջներին համապատասխան, ես ուզում եմ ասել՝ գիտելիքի եւ կյանքի հիման վրա ներքին իմաստություն կուտակելու միջոցով, փորձում է փոխել առաջին հերթին արտաքին բնությունը եւ իշխել դրա վրա տեխնիկայի միջոցով»:

Բանալի բառերն են՝ «մարդու բնությունը’ նրա խորքային պահանջներին համապատասխան»: Ի՞նչի մասին է խոսքը: Կարծում եմ, որ, համենայնդեպս, Մարիտենի դեպքում՝ այն, որ մարդն Աստծո պատկերն է ու նմանությունը: Առաջընթացը, առաջադիմությունը պետք է լինի ոչ թե դրանից հեռանալով, այլ դրան մոտենալով: Եվ դա կարող է երբեմն ընկալվել «հետընթաց», որպես «վերադարձ»: Բայց իրականում այդպիսին չէ:

Մեր՝ հայկական փիլիսոփաները, աստվածաբանները դա արձանագրել են դարեր առաջ.

Քանզի իսկապես ավելի մեծ է զորությունը այն,

Որ հնացածն է կրկին նորոգում,

Ըստ առաջնային իր պայծառության,

Քան ստեղծողը անգոյությունից:

Մատյան ողբերգություն, գլուխ ԽԹ:Բ

Կամ, եթե դիմենք «սկզբնաղբյուրին», «Մի կարծեք, որ ես եկել եմ Մովսեսի օրենքը կամ մարգարեների ուսուցումները ջնջելու, այլ լրացնելու» (Մատթ. 5:17):

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
30.04.2024

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031