Լոռու մարզի Թեղուտ գյուղի բնակիչները բողոքում են «Վալեքս» ընկերության գործունեությունից:
Այս անգամ նրանք ահազանգում են գյուղի դիմացի ճանապարհի վրա կուտակված շնչահեղձության հասցնող փոշու մասին:
Համահայկական բնապահպանական ճակատի անդամներին (ՀԲՃ) նրանք պատմել են, որ գյուղի դիմացի ճանապարհին փոշու հսկայական ամպեր են բարձրանում, ինչն էլ բացասաբար է ազդում մարդկանց առողջության, բնության ու գյուղատնտեսության վրա:
«Երբեմն փոշին այնքան շատ է լինում, որ դժվարանում է նույնիսկ շնչելը», – նշել են թեղուտցիները:
Aravot.am-ի հետ զրույցում Համահայկական բնապահպանական ճակատի անդամ Լեւոն Գալստյանն իր մտահոգությունը հայտնեց Թեղուտ եւ Շնող համայնքներում հանքավայրի շահագործման հետ կապված` նկատելով, որ հանքարդյունաբերությունը Հայաստանին ավելի շատ լուրջ վնասներ է հասցնում, քան օգուտ տալիս:
Կարդացեք նաև
«Այսօր գյուղացիների հիմնական խնդիրը փոշին է, թեեւ պայթյունները հեռու են կատարվում, այնուամենայնիվ, փոշին էլի տարածվում է: Հանքի շահագործման հետևանքով գյուղի դիմացի ճանապարհով երթևեկող մարդատար և բեռնատար մեքենաների քանակը մի քանի անգամ ավելացել է, իսկ ճանապարհն էլ, բնակիչների պատմելով, ընդհանրապես չի ջրցանվում»,-ասում է Լեւոն Գալստյանը:
Նա պատմում է, որ երբ ավելի քան մեկ ամիս առաջ խումբը գտնվելիս է եղել գյուղում, այդ օրը ջրցան մեքենաներով ճանապարհը ջրելու փաստը զարմացրել է Թեղուտի մի բնակչուհու:
«Կինը զարմացել էր, ասում էր` երեւի շեֆի հետ կապված հարցեր կան, որ ջրում են, կամ էլ դուք եք եկել, դրա համար են ջրում, թե չէ՝ սենց բան երբ էր եղել»,-հիշում է Լեւոն Գալստյանը:
Ըստ ՀԲՃ-ի`թեեւ այսօր գյուղացուն անհանգստացնում է փոշին, սակայն հանքի շահագործման դեպքում փոշուն գումարվելու են թունավոր, ծանր մետաղներով լի դատարկ ապարներն ու պոչամբարը, որոնք լուրջ աղետի են հանգեցնելու:
«Այդ ծրագիրն ուղղակի մահաբեր ծրագիր է»,-եզրափակում է Լեւոն Գալստյանը:
Անուշ ԲՈՒԼՂԱԴԱՐՅԱՆ


















































