Լրահոս
Օրվա լրահոսը

«Հանքարդյունաբերությունը մասնավոր, շահութաբեր ոլորտ է․ ինչո՞ւ դրա մասնագետները պետք է ազատվեն բանակից»․ Գեղամ Մանուկյան

Նոյեմբեր 16,2026 12:16 Share
Աջակցեք aravot.am-ին

«Լավ կրթություն ստանալուց հետո հայրենիքին ծառայելը կարևոր է, բայց ուզում եմ հասկանալ տրամաբանությունը, օրինակ, հանքարդյունաբերության հետ կապված… Դա հիմնականում մասնավոր ոլորտ է, այսինքն՝ պետական սեկտոր չի, և հանքարդյունաբերությունը այնպիսի ոլորտ է, որտեղ մեծ փողեր են, բարձր աշխատավարձեր։ Օրինակ՝ ի՞նչ նպատակով որևէ հանքարդյունաբերության գծով մասնագիտացում անցած երիտասարդ պետք է ազատվի պարտադիր զինվորական ծառայությունից»,- ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանին դիմեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։

Քննարկվում էր «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին հարցը։

Նախագծով առաջարկվում է պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստացած քաղաքացիների համար սահմանել զորակոչի ենթակա լինելու 32 տարեկան շեմը, որը հնարավորություն կտա տարկետման իրավունք ունեցող քաղաքացիներին անխոչընդոտ կազմակերպել իրենց ուսումնառությունը, և օգտվել «ուսումն ավարտելուց հետո առնվազն երեք տարի Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ոլորտում Հայաստանի Հանրապետությունում աշխատելու համար» տարկետման հիմքից: Նախագծով առաջարկվում է զորակոչի ենթակա լինելու տարիքային շեմ սահմանել 32 տարեկանը, նկատի ունենալով այն հանգամանքը, որ ասպիրանտական կրթական ծրագրով քաղաքացիները ուսումնառությունը ավարտում են հիմնականում 27 կամ 28 տարեկանում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2026 թվականի ապրիլի 30-ի N 610-Ն որոշման 2-րդ հավելվածով սահմանված տարկետման հիմքից օգտվելու համար անհրաժեշտ է, որպեսի քաղաքացին զորակոչի ենթակա լինի նվազագույնը ևս երեք տարի:

«Կամ ասում եք՝ ՆԳՆ-ում, կենտրոնական բանկում… Հիմնականում ոլորտներ են, որ կենսական անհրաժեշտություն չի, շատ նեղ մասնագիտացում, օրինակ՝ վիրաբույժ, չգիտեմ ինչ, որ ասենք՝ շատ անհրաժեշտ է։ Եվ նաև տարկետման իրավունքը՝ 32 տարեկան որ դարձնում ենք, դրանից հետո տարկետման ժամկետը լրանում է, 33 տարեկանում շատ ավելի դժվար է լինելու պարտադիր զինվորական ծառայությունը, որովհետև կարիերան արդեն արվել է, աշխատանքի մեջ է, մեկ էլ 33 տարեկանում երկու տարի… մեկ ու կես տարի պետք է կտրվի, գնա պարտադիր զինվորական ծառայության։ Այսինքն՝ ո՞րն է կենսական անհրաժեշտությունը ընդլայնել այդ ոլորտների ծավալը»,- տարակուսեց պատգամավորը։

Ժաննա Անդրեասյան

Ժաննա Անդրեասյանը պարզաբանեց․ «Այն քաղաքացիները, որոնք ուսումն ավարտելուց հետո առնվազն երեք տարի աշխատանքի կանցնեն կառավարության սահմանած ոլորտներում և պայմաններում, նրանք այլևս այդ աշխատանքային ժամկետի ավարտից հետո ենթակա չեն զինծառայությանը։ Այսինքն՝ ձեր նշած 33 տարեկանում, եթե քաղաքացին այս կարգով սահմանված բոլոր ընթացակարգերը պահպանել է, իր մասնագիտական կարիերան կարող է ուղղակի շարունակել, և զինծառայության անհրաժեշտություն չի առաջանում»։

Ինչ վերաբերում է ոլորտներին՝ ասաց՝ դրանք սահմանվել են այն տրամաբանությամբ, որ յուրաքանչյուր ուղղությամբ կարողանանք բարձր որակավորված մասնագիտական ներուժ ներգրավել․ «Եվ առողջապահությունը նույնպես կա։ Ընդ որում՝ ես ուզում եմ հիշեցնել, որ կառավարության որոշումը, որով պայմանները սահմանվել են, նաև հստակ չափանիշներ է սահմանում, թե այդ ոլորտի որ կազմակերպություններում կարող են աշխատել քաղաքացիները, և առողջապահության մասով, օրինակ, պարտադիր պայման է դրված, որ բացի նրանից, որ դրանք պետք է լինեն առնվազն հինգ տարի գործող կազմակերպություններ, 100 առնվազն աշխատակիցներ ունեցող, դրանք նաև պարտադիր պայման ունեն, որ առողջապահության ոլորտում ներգրավելու դեպքում առնվազն վեց ամիսը պետք է մարզային կազմակերպությունում աշխատի քաղաքացին»։

Մանրամասները՝ տեսանյութում

 

Սասուն Միքայելյանը հետաքրքրվեց՝ կա՞ հնարավորություն, որպեսզի այդ մասնագետները ՊՆ սպայական կազմը համալրեն։ Կա՝ պարզաբանեց Ժաննա Անդրեասյանը։

Սասուն Միքայելյան

Տեսանյութը ամբողջությամբ՝ այստեղ

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Նոյեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30