Հայաստանի գրողների միության անդամ, 4 գրքի հեղինակ Գոհար Նիկողոսյանը չի նեղվում, որ հավաքարար է աշխատել տարբեր «օբյեկտներում», այժմ էլ «Տաշիր պիցայում» է հավաքարարությամբ հաց վաստակում: Գրողը խոցելի խավ է՝ գրականությամբ տուն չես պահի: «Ավլում, սրբում, թափում էի փոշին, բայց չէի խլվլում ոչ մեկի դոշին»,-մի առիթով գրել է նա:
Այժմ ապրում է Սարի թաղի իր խղճուկ տանը, որտեղ ապրելու նվազագույն պայմաններ իսկ չկան, թաղի երեխաների հետ սիմվոլիկ գումարով հայերեն, ռուսերեն, անգլերեն է պարապում: «Սեքսից աչքս մի քիչ կուշտ է, բայց հավատում եմ փոխադարձ միակ սիրուն ու հավատարմությանը, ամեն լուսաբաց այդ հավատով եմ զարթնում։ Մի օր ցուցակը կկազմեմ եւ կքաջատեղեկացնեմ ալամ-աշխարհին, թե քանի տղամարդ եմ տեսել։ Ամենաառաջին անգամ սիրահարվել եմ հորս՝ բեղմնավորվելիս, ապա հարազատ-մինուճար եղբորս՝ մի ամանից ճաշ ուտելիս։ Ռոբին Հուդը իմ երրորդ լուրջ սերն էր»,-գրում է Գոհարը:
«Առավոտի» հետ զրույցում նա նշեց, որ արձակն իր՝ «մեղվի ճանապարհն» է, «դաշտ», որը լի է ինքնակենսագրական հորդումներով: Գոհար Նիկողոսյանն ասում է, որ արդեն մի 15 տարի է՝ հաղթահարել է «պետք է»-ի արժեհամակարգը եւ առաջնորդվում է՝ «արժե»-ով. «Որովհետեւ կարող ես եւ չգրել, էներգիան օգտագործել այլ բնագավառում, բայց երբ մարդու մոտ արթնանում է Աստված, այսինքն՝ խիղճը, ինքը սկսում է ներել այնպիսի~ բաներ, լինել մեծահոգի ու արդար, երդիկիցդ ընկնող «լույսը» ստիպում է, որ խոսի այդ մասին… Եթե մի բան կյանքում չի ստացվում, երազն է սկսվում, երազն իմ արձակն է»:

Գոհարը գրում է պատմվածքներ, իր խոսքով, շատ «մերկ» գրականություն՝ առանց ավելորդ պաճուճանքների, դրա համար էլ ամեն մեկը չէ, որ համաձայնում է տպագրել: Ասում է. «16 տարեկանից բարձր մարդկանց համար է այդ գրականությունը, ահավոր «մերկ» գրականություն է, «քաչալ» գրականություն, ես գոհ եմ, որ կարող էի իմ մերկությամբ, օրինակ՝ «Ինքնագրում» ներկայանալ: Քանի որ «մերկ» գրականությունից խոսեցի, անցնեմ մերկապարուհիներին…Ախր կյանքն ընդհանրապես մերկություն է:
Խանջյանի Kiss-ում մի մերկապարուհու հետ ծանոթացա, շատ սիրեցի, ու ինքը իմ պատմվածքի հերոսը դարձավ, շատ լավ աղջիկ էր, բարոյական: Չէի ուզի, որ տղամարդիկ կանանց մոտենան այլ «մկրատով», ախր ի վերջո կինը իր բնույթով փիսո է, որտեղ մի նորմալ անկյուն ու լավ վերաբերմունք տան, ինքն անմիջապես դառնում է ավանդական կին: Ես երբեք մարմնավաճառ չեմ եղել, բայց ունեցել եմ այդպիսի ընկերուհի, ում հարգել եմ…»: Գրողը ուրախ է, որ այսօր բազմաթիվ կարծրատիպեր փշրված են, մինչդեռ տարիներ առաջ հենց իրեն իր իսկ թաղամասում persona non grata էին հայտարարել. «Շատ եմ կռիվների մեջ ընկել, բայց այդ մարդկանց հետ առաջնահերթ եմ մտերմացել: Եղել է, որ ինձ երեխաները քարկոծել են, բայց ես գնացել իրենց դաս եմ տվել, եղել է կին, որ աշխարհի ամենավերջին բառերն է ասել իմ հասցեին, բայց ես իր համար կռիվ եմ արել….Չգիտեմ, ժամանակներ էին, նոր էի բաժանվել ամուսնուցս ու հայտնվել էդ միջավայրում: Բոլորն ուզում էին քարկոծել, մտածում էին՝ վերջ…Ես բոլորին ներում եմ, իմ միջավայրը սիրում եմ, այնտեղ ինձ կյանք է սպասվում, ես այնտեղ անընդհատ ծնվում եմ: Վերջերս կատուներիս էլի քարով խփել էին, բայց ոչ մեկի դուռը չգնացի, դուրս եկա, բակում երեխեք կային, բարեւելուս ձեւից զգացին, որ նեղացած եմ»:
Գոհար Նիկողոսյանն ասում է, թե այնպես է գրում, որ իրեն ոչ թե հավանեն, այլ ապրելով կարդան: Ասում է՝ Պուշկինը ու էլի ոմանք կուշտ են եղել, հարուստ, բայց լավ գրականություն են ստեղծել, սակայն այդ կերպը օրինաչափություն չէ: Նրա ձեւակերպմամբ, լավ գրողը չի կարող լինել շատ ապահովված, գրասենյակային եւ «արխայինությունից» գրականության վրա կայֆավատ լինող. «Արխայինության զգացումը ամենավտանգավոր բանն է, դա մի մորմ է, որ քաշում է մեջդ եղած ամբողջ էներգիան: Էն մարդը, որ ապահովված է ամեն ինչով, հանճարեղություն է ուզում, նստի ու ճոճվի իր աթոռի վրա, ես չեմ ասում, թե միայն տառապանքն ու աղքատությունը շատ լավ գրականություն կարող են ստեղծել, բայց մյուս կողմից էլ՝ տառապանքը լավ բան ունի, ոնց որ օղի են թորում մրգից՝ կաթիլ, կաթիլ…, էդպես էլ գրականությունն է ծնվում տառապանքից՝ կաթիլ, կաթիլ: Եվ պարտադիր չէ, որ չքավորությունը լինի գրպանային չքավորություն, կարող է սիրո պակաս լինել, կամ այլ մի բան, որ ցնցել է քեզ»:
Իսկ ինչն է ամենակարեւորն այս թույլ, բայց ուժեղ կնոջ համար, որ հազիվ մի 40 կգ քաշ ունի, ու կարողացել է կարծրատիպեր փշրել, հանրային պարսավանքի, դժվարությունների միջով անցնել, բայց չկոտրվել իբրեւ մարդ. «Ինձ համար սերը ամբողջն է, մենք սիրո մեջ ենք ապրում, մեր մեջ ապրում է սերը: Ճիշտ է՝ գոյություն ունի աղավաղում՝ լայն՝ տիեզերական առումով, բայց սերը մեր շնչառությունն է, մեր գոյությունը, սիրո աշխարհից մարդուն ոչ ոք չի կարող վռնդել: Կուզեմ՝ բոլոր գրողները սիրով գրեն, կենտրոնանան հոգեւորի վրա, որ իրենց գրականությունը մարդուն մղի ոչ թե ինքնասպանության, այլ վերածննդի, թե չէ կարող է հանճարեղ գրես, մարդուն մղես վատ արարքի»:
ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ
Կարդացեք նաև
«Առավոտ» օրաթերթ


















































