Լրահոս
Օրվա լրահոսը

Արտակ Դավթյան. «Պետք է լսենք վարձավճարները բարձրացրած հինգ բուհերի ղեկավարների հիմնավորումները»

Օգոստոս 21,2013 11:21

Հատված ՀՀԿ խորհրդարանական խմբակցության անդամ, ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի հանձնաժողովի նախագահ ԱՐՏԱԿ ԴԱՎԹՅԱՆԻ հարցազրույցից:

   –Ուղեվարձի բարձրացման որոշումն առկախվեց, հիմա օրակարգային է դարձել ուսման վարձի թանկացման հարցը, որ, համաձայնեք, ծանր բեռ է այն ընտանիքների համար, որ առանց այն էլ դժվարությամբ էին հոգում երեխաների կրթության ծախսերը։ Հնարավո՞ր է, որ այս դեպքում էլ իշխանությունն ընդառաջ գնա ակտիվիստների պահանջներին։ 

-Գների ցանկացած բարձրացում, բնականաբար, բացասաբար է ազդում բնակչության սոցիալական վիճակի վրա, բայց շատ դեպքերում ուղղակի անխուսափելի է։ Եթե ամբողջ աշխարհում կա գնաճ, եւ այդ միտումը պահպանվում է տարիներ շարունակ, ուզես թե չուզես, դա բերում է ապրանքների եւ ծառայությունների թանկացման։
Ամբողջ խնդիրն այն է, որ մեր սահմանադրության համաձայն՝ Հայաստանը, բացի ինքնիշխան, ժողովրդավարական եւ իրավական պետություն լինելուց, նաեւ սոցիալական պետություն է։ Հետեւաբար որոշումները պետք է լինեն բալանսավորված՝ բավարարեն 4 կարեւորագույն սկզբունքներին, որոնք ամրագրված են սահմանադրության առաջին իսկ հոդվածում։
Կոնկրետ, ուսանողական վարձավճարների հետ կապված, կարծում եմ, նախ, պետք է լսենք որոշում ընդունողների՝ վարձավճարները բարձրացրած հինգ բուհերի ղեկավարների հիմնավորումները. ինչի՞ց ելնելով են նման որոշում կայացրել։

-Ոլորտի պատասխանատուների հիմնական փաստարկը կրթության որակը բարձրացնելու հրամայականն է։ Այդ բացատրությունը համոզի՞չ է։ 

-Երբ ասում ենք կրթության որակ, հասկանում ենք նախեւառաջ այն «պրոդուկտը», որ տալիս է տվյալ ուսումնական հաստատությունը։ Դա կարող է լինել գիտական միտքը կամ շրջանավարտը, որը համալրում է Հայաստանի կարեւորագույն ռեսուրսը՝ մարդկային կապիտալը։
Ես իհարկե հեռու եմ այն մտքից, որ Ազգային ժողովը կամ կառավարությունը պետք է նրանց փոխարեն որոշումներ կայացնեն։ Յուրաքանչյուրը պետք է գործի իր լիազորությունների շրջանակում, բայց սոցիալական պետության գաղափարն ինքնին ենթադրում է, որ խորհրդարանը եւ կառավարությունը նույնպես անելիք ունեն այդ հարցում, եւ պետք է հոգան, որ սահմանադրությամբ ամրագրված 4 կարեւորագույն խնդիրներից ոչ մեկը չլուծվի մյուսների հաշվին։
Եթե ուզում ենք խնդրին համակողմանի լուծում տալ, կարծում եմ, պետք է ակնկալենք որոշակի բալանսավորված մոտեցում նաեւ բուհերի ղեկավարության կողմից։

   -ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը եւ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը դիմել են ձեզ՝ առաջարկելով յոթնօրյա ժամկետում խորհրդարանական լսումներ անցկացնել այդ հարցի վերաբերյալ։ Մտադի՞ր եք ընթացք տալ այդ առաջարկությանը։ 

-Դիմումն այսօր եմ ստացել եւ այսօր էլ պատասխանել եմ՝ ասել եմ, որ ԱԺ կանոնակարգ-օրենքի համաձայն՝ հանձնաժողովը պետք է նիստ հրավիրի եւ որոշի՝ հրավիրե՞լ խորհրդարանական լսումներ, թե՞ ոչ։ Բայց անկախ ամեն ինչից՝ նույնիսկ եթե այդ դիմումը չլիներ, միեւնույն է, հանձնաժողովն իր առաջին իսկ նիստում անդրադառնալու էր այս հարցին։ Կարծում եմ, կհրավիրենք բոլոր շահագրգիռ կողմերին, կլսենք նրանց փաստարկները եւ հիմնավորումները եւ համապատասխան որոշումներ կկայացնենք։
Ասեմ, որ կառավարությունը նախապատրաստում է երկու օրենսդրական նախաձեռնություն, որոնք անմիջականորեն առնչվում են այս խնդրին։ Մասնավորապես առաջարկվում է սահմանել ուսման վարձավճարների առավելագույն շեմը եւ հստակեցնել զեղչերի տրամադրման մեխանիզմները՝ թե ինչ սկզբունքով են տրամադրվելու այդ զեղչերը։ Լսումների ընթացքում հնարավորություն կունենանք լսելու նաեւ կառավարության տեսակետը, հարցադրումներ ուղղելու եւ հասկանալու՝ ինչ անել, որ սոցիալապես անապահով ընտանիքների ուսանողները չտուժեն վարձավճարների բարձրացումից։ Կարծում եմ, քննարկումներն այս ուղղությամբ պիտի ընթանան։
Ինչ վերաբերում է յոթնօրյա ժամկետին, վստահաբար չենք տեղավորվի այդ ժամանակահատվածում, քանի որ խնդիր ունենք ապահովելու բոլոր շահագրգիռ կողմերի մասնակցությունը։ Հանձնաժողովի որոշումը կտեղադրվի ԱԺ կայքում, եւ այդ հարցով մտահոգ յուրաքանչյուր քաղաքացի կկարողանա մասնակցել այդ քննարկումներին։ Կարծում եմ, շատ հարցեր կստանան իրենց պատասխանները։

-Ընդդիմությունը մեծ հույսեր է կապում առաջիկա «թեժ» քաղաքական աշնան հետ։ Ըստ ձեզ, քաղաքացիական ակտիվիստները քաղաքական ուժերի «օգնությամբ» կարո՞ղ են գների բարձրացման «շուրջ» սոցիալական ընդվզման լուրջ ալիք բարձրացնել։ 
-Քաղաքական ուժերն ունեն իրենց շահերը, եւ շատ հաճախ նրանց կուսակցական շահերը, ցավոք սրտի, չեն համընկնում ո՛չ պետական, ո՛չ հանրային շահերի հետ։
Բուհերի ռեկտորները ապրիլ-մայիս ամիսներին էին վարձավճարների բարձրացման որոշումներ կայացրել, բայց այդ ընթացքում քաղաքական ուժերից ոչ մեկը այդ հարցով խորհրդարանական լսումներ անցկացնելու հարց չբարձրացրեց, չառաջարկեց քննարկել խնդիրը։ Սպասում էին, որ լիներ քաղաքացիական շարժում, բողոքական որոշակի զանգված, որ փորձեին վերմակն իրենց վրա՞ քաշել։ Չեմ ուզում այլ որակումներ տալ, բայց փաստն ինքնին բավական խոսուն է։

Լիլիթ ՊՈՂՈՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայոց աշխարհ»  թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031