Այն, որ իշխանությունների «ադրբեջանամետ» գործողությունների դեմ բողոքն առաջնորդում է հոգեւորականը, ոչ թե քաղաքական գործիչները, իհարկե, խոսում է քաղաքական խորը ճգնաժամի մասին: Քաղաքական համակարգը Հայաստանում, մեծ հաշվով, չի կայացել՝ քաղաքացիների գերապատվությունները հիմնված են ոչ համակարգային, զուտ անձնական գործոնների վրա:
Իշխանական դաշտում միակ քիչ թե շատ հեղինակավոր անձը Փաշինյանն է (բայց ոչ ՔՊ-ն), այն էլ նրա նկատմամբ վստահությունը վերջին երեք տարում ընկել է: Ընդդիմության մեր ամենահայտնի կուսակցությունները՝ ՀՀԿ-ն եւ ՀՅԴ-ն կապվում են «նախորդ իշխանության» հետ, որը մասամբ արդար է, մասամբ իշխանության արդյունավետ քարոզչության արդյունք է:
Այդպիսով, ոչ մի ընդդիմադիր գործիչ չունի Բագրատ սրբազանի հեղինակությունը: Եվ, չնայած հենց նրան էլ են ուզում կպցնել Քոչարյանի կամ Ռուսաստանի հետ կապը. հենց նա՛ է կարողացել համախմբել իշխանության քաղաքականությունից դժգոհ զանգվածին: Արքեպիսկոպոսի հետեւից գնացող մարդիկ չեն կասկածում նրա անկեղծությանը:
Այդ ամենն ակնհայտ է, եւ ընդդիմադիր քաղաքական գործիչները պետք է հաշտվեն այդ իրողության հետ: Բայց ճգնաժամը ոչ միայն քաղաքական է, այլեւ հոգեւոր: Այլ կերպ չի էլ կարող լինել մի երկրում, որը ծանր, ամոթալի, նվաստացուցիչ պարտություն է կրել: Դուք գուցե ասեք, որ ՀՀ քաղաքացիների մեծ մասը նման բան չի զգում: Բայց եթե դա նույնիսկ չկա գիտակցական մակարդակով, այդ զգացողությունը, միեւնույն է, առկա է բոլոր այն մարդկանց սրտի խորքում, ովքեր իրենց հայ են համարում:
Կարդացեք նաև
Այդ պայմաններում ձգտումը դեպի հոգեւոր արժեքները, ձգտումն ինչ-որ բանով լցնել հոգու դատարկությունը, շատ բնական է: Իհարկե, զուգահեռը բոլոր առումներով շատ պայմանական է, բայց հիշեցնեմ, որ Գերմանիայում 1945 թվականից հետո կաթոլիկ եւ բողոքական քահանաները մտավորականների հետ միասին գնացին մարդկանց մոտ՝ իրենց հասարակության տարբեր շերտերին համոզելու, որ հայրենիքը, թեեւ վիրավոր է, բայց հավատը, կրոնը, պատմությունը, մշակույթը, արվեստը, էթիկական նորմերը՝ դրանք դատարկ խոսքեր չեն, դրանք, այսպես ասած, «ուժի մեջ են»: Այդպես ծնվեցին երկու «աջակողմյան», ներկայումս խոշոր կուսակցությունները՝ Քրիստոնյա-դեմոկրատական եւ Քրիստոնյա-սոցիալիստական միությունները (CDU-CSU), ավելի լայն իմաստով՝ այդպես է ծնվել ժամանակակից Գերմանիան:
Այդ աշխատանքը, անկախ նրանից, թե երբ կլինի իշխանափոխությունը, պետք է արվի նաեւ Հայաստանում: Դրա պահանջարկը, կրկնեմ, կա: Եվ այդ օբյեկտիվ իրականությունից ելնելով է, որ հոգեւորականները հայտնվել են հասարակության ուշադրության կենտրոնում:
Ընդհանրապես, կրոնի դերը պետականաշինության մեջ մենք դեռեւս մինչեւ վերջ չենք գնահատել: Ահա թե ինչ է գրում ԱՄՆ հիմնադիր հայրերից մեկը, այդ երկրի երկրորդ նախագահ (1797—1801) Ջոն Ադամսը: «Հայրենասերն առանց կրոնի, իմ կարծիքով, նույնքան մեծ պարադոքս է, որքան մարդն առանց Աստծո երկյուղի»: Բացառված չէ, սակայն, որ Ադամսը «ռսի շպիոն» էր: Կամ՝ ուզում էր կրոնապետություն ստեղծել:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ