
Առողջ ապրելակերպին ուղղված տարբեր ծրագրերն ու միջոցառումները նույնպես քաղաքապետ Տարոն Մարգարյանի գործունեության ծրագրային առաջնահերթություններից են և բակերի համալիր բարեկարգման ծրագրերում այս տարի ևս առանձնակի ուշադրություն է դարձվել նաև ֆուտբոլի փոքր խաղադաշտերի կառուցմանն ու բակերում մարզական գույքի ավելացմանը. «Մայրաքաղաքի սպորտային կյանքն աշխուժացնելու, առողջ ապրելակերպը խթանելու և ֆուտբոլի մասսայականացման նպատակով, փորձելու ենք բոլոր այն տարածքներում, որտեղ հնարավոր է, կառուցենք ֆուտբոլի դաշտեր և կահավորենք մարզական գույքով: Ի դեպ, այս տարի 18 ֆուտբոլի դաշտեր ենք կառուցել, իսկ նախորդ երեք տարիների ընթացքում մայրաքաղաքի բակերը համալրվել են ֆուտբոլի շուրջ 60 հարմարավետ խաղադաշտերով»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը:
Էրեբունի վարչական շրջանում սպասված հերթական բակի բացումը սեփական տնատիրություններից կազմված Ազատամարտիկների փողոցի 1-ին նրբանցքի հարակից տարածքում էր: Շուրջ 6000 քմ տարածք զբաղեցնող հատվածում կառուցվել է նոր պուրակ: Շնորհակալություն հայտնելով քաղաքապետ Տարոն Մարգարյանին մայրաքաղաքն օրեցօր առավել հարմարավետ դարձնելու համար, թաղամասի բնակիչները նշել են, որ նորաստեղծ հանգստի գոտու տարածքը տասնամյակներ շարունակ եղել է ամայի ու անբարեկարգ: Իսկ այսօր, ընդամենը մի քանի ամսում, բնակիչների հանգստի կազմակերպման համար ստեղծվել են անհրաժեշտ բոլոր պայմանները: Տարածքի բարեկարգման շրջանակում տեղադրվել են գեղարվեստական ձևավորմամբ բետոնե սալեր, եզրաքարեր, կառուցվել է փոքրիկ շատրվանային համալիր: Բնակիչների հանգիստը հավուր պատշաճի կազմակերպելու նպատակով տարածքը կահավորվել է նստարաններով, բաց և փակ զրուցարաններով, անցկացվել է արտաքին լուսավորության և ոռոգման նոր համակարգ: Հանգստի գոտին ձևավորվել է նաև ծաղկային կոմպոզիցիաներով:
Շրջայցի շրջանակում քաղաքապետ Տարոն Մարգարյանը այցելել է նաև Վարդաշեն և Մուշական թաղամասեր, որտեղ ևս մայրաքաղաքի համաչափ զարգացման համատեքստում այս տարվա բակերի բարեկարգման ծրագրով իրականացվել են համալիր աշխատանքներ:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն


















































