Լրահոս
Օրվա լրահոսը

Երևանի քաղաքապետը աշխատանքային շրջայց է կատարել Էրեբունի վարչական շրջանում

Օգոստոս 30,2013 10:15

010_AԷրեբունի վարչական շրջան կատարած հերթական աշխատանքային շրջայցի շրջանակում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը բնակիչների հետ միասին նախ հանդիսավորությամբ բացել է Արցախի 10 և 18 հասցեների բակերը: Քաղաքապետը շրջել է բակերում, ծանոթացել կատարված աշխատանքներին, զրուցել բնակիչների հետ: Տասնյակ տարիներ անխնամ մնացած բակային տարածքներն այսօր այլևս համալրել են մայրաքաղաքի հարյուրավոր բարեկարգ բակերի շարքը: Գեղեցիկ զրուցարաններով, նստարաններով, մանուկների համար խաղահրապարակներով, ֆուտբոլի դաշտով կահավորված հանգստի հարմարավետ այս գոտիները բնակիչների հավաստմամբ սպասված ու ցանկալի նվեր էին, որոնց համար նրանք իրենց շնորհակալությունն են հայտնել քաղաքապետին: Տարոն Մարգարյանն էլ` ներկայացնելով Երևանի քաղաքապետարանի այս տարվա ծրագրերն ու իր մոտեցումները, վստահեցրել է, որ քաղաքապետարանի նախաձեռնած բակերի համալիր բարեկարգման ծրագրերը լինելու են շարունակական. «Մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում լայն թափով շարունակվում են բակերի համալիր բարեկարգման աշխատանքները: Միայն Էրեբունում այս տարի շուրջ 50 մեծ և փոքր բակերում իրականացվել և իրականացվում են տարածքների բարեկարգման, խաղահրապարակների ու մարզական գույքով կահավորման աշխատանքներ: Առաջիկայում հերթական բարեկարգ բակերի բացումներ կունենանք նաև Քանաքեռ-Զեյթուն, Դավթաշեն և Շենգավիթ վարչական շրջաններում: Հուսով եմ, որ մինչև նոյեմբերի սկիզբ այս տարվա բակերի բարեկարգման ծրագրով նախատեսված աշխատանքները կավարտենք: Վստահեցնում եմ, որ այս ծրագիրը լինելու է շարունակական, ինչի արդյունքում մի քանի տարիների ընթացքում Երևանում անբարեկարգ բակեր այլևս չենք ունենա»,- ընդգծել է քաղաքապետը: 
Առողջ ապրելակերպին ուղղված տարբեր ծրագրերն ու միջոցառումները նույնպես քաղաքապետ Տարոն Մարգարյանի գործունեության ծրագրային առաջնահերթություններից են և բակերի համալիր բարեկարգման ծրագրերում այս տարի ևս առանձնակի ուշադրություն է դարձվել նաև ֆուտբոլի փոքր խաղադաշտերի կառուցմանն ու բակերում մարզական գույքի ավելացմանը. «Մայրաքաղաքի սպորտային կյանքն աշխուժացնելու, առողջ ապրելակերպը խթանելու և ֆուտբոլի մասսայականացման նպատակով, փորձելու ենք բոլոր այն տարածքներում, որտեղ հնարավոր է, կառուցենք ֆուտբոլի դաշտեր և կահավորենք մարզական գույքով: Ի դեպ, այս տարի 18 ֆուտբոլի դաշտեր ենք կառուցել, իսկ նախորդ երեք տարիների ընթացքում մայրաքաղաքի բակերը համալրվել են ֆուտբոլի շուրջ 60 հարմարավետ խաղադաշտերով»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը:
Էրեբունի վարչական շրջանում սպասված հերթական բակի բացումը սեփական տնատիրություններից կազմված Ազատամարտիկների փողոցի 1-ին նրբանցքի հարակից տարածքում էր: Շուրջ 6000 քմ տարածք զբաղեցնող հատվածում կառուցվել է նոր պուրակ: Շնորհակալություն հայտնելով քաղաքապետ Տարոն Մարգարյանին մայրաքաղաքն օրեցօր առավել հարմարավետ դարձնելու համար, թաղամասի բնակիչները նշել են, որ նորաստեղծ հանգստի գոտու տարածքը տասնամյակներ շարունակ եղել է ամայի ու անբարեկարգ: Իսկ այսօր, ընդամենը մի քանի ամսում, բնակիչների հանգստի կազմակերպման համար ստեղծվել են անհրաժեշտ բոլոր պայմանները: Տարածքի բարեկարգման շրջանակում տեղադրվել են գեղարվեստական ձևավորմամբ բետոնե սալեր, եզրաքարեր, կառուցվել է փոքրիկ շատրվանային համալիր: Բնակիչների հանգիստը հավուր պատշաճի կազմակերպելու նպատակով տարածքը կահավորվել է նստարաններով, բաց և փակ զրուցարաններով, անցկացվել է արտաքին լուսավորության և ոռոգման նոր համակարգ: Հանգստի գոտին ձևավորվել է նաև ծաղկային կոմպոզիցիաներով:
Շրջայցի շրջանակում քաղաքապետ Տարոն Մարգարյանը այցելել է նաև Վարդաշեն և Մուշական թաղամասեր, որտեղ ևս մայրաքաղաքի համաչափ զարգացման համատեքստում այս տարվա բակերի բարեկարգման ծրագրով իրականացվել են համալիր աշխատանքներ:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031