«Ինչպես բոլոր սովետական քանդված երկրներում, այնպես էլ Հայաստանում գիտություն չկա: Քանդվել է եւ պետք է վերանորոգել: Նմանատիպ միջոցառումները օգնում են, որպեսզի ինստիտուտների միջեւ խզված գծերը վերականգնվեն: Հայաստանում եւ Ռուսաստանում գիտնականները քիչ են: Մի մասը արտասահմանում է, մյուսն ընտրել է բիզնեսի միջոցով գումար աշխատելու տարբերակը»,-այսօր Aravot.am-ի հետ զրույցում «Քիմիա և քիմիական տեխնոլոգիաներ» III միջազգային գիտաժողովի մասին նշեց Մոսկվայի Ակադեմիայի գլխավոր գիտաշխատող Արտակ Կոստանյանը:
Նրա խոսքով՝ գիտությունը պետք է ֆինանսավորել, աշխարհի բոլոր զարգացած երկրներում մեծ ուշադրություն են դարձնում գիտությանը, որովհետեւ առանց դրա երկիրը չի զարգանա: Գիտնական չեն դառնում 5 տարում, շատ ու շատ տարիներ են պետք եւ աշխատասիրություն:
Ընդհանուր եւ անօրգանական քիմիայի ինստիտուտի տնօրեն, գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Նիկոլայ Կնյազյանը մեզ հետ զրույցում նշեց, որ արտասահմանից հյուրեր կան, ինչը հայերին պարտավորեցնում է, որ ամեն ինչ կորած չէ.
«Գիտությունը դանդաղ, բայց հաստատուն քայլերով է առաջ շարժվում: Շատ է երիտասարդ գիտնականների թիվը, դա հույս է ներշնչում, որ կլինի մի նոր սերունդ, որը հետաքրքրված կլինի քիմիական արդյունաբերության եւ քիմիայի հարցերով: Գիտաժողովը նպաստում է համագործակցության եղանակներ գտնել արտասահմանցի մեր գործընկերների հետ, հնարավորություն տալով գնահատել արված գործերը, իրադրությունը, ուղղությունները»:
Կարդացեք նաև
Պրն Կնյազյանի համոզմամբ՝ քիմիական գիտություններն այսօր օր օրի զարգանում են, իրենք լուրջ լումա ունեն համաշխարհային գիտությունների զարգացման գործում:
Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ