Լրահոս
Օրվա լրահոսը

«ֆուտբոլային» դիվանագիտությունն ու Մաքսային միությանն անդամակցությունը

Սեպտեմբեր 21,2013 14:15

ՀՀ նախագահի նախկին թեկնածու Արման Մելիքյանի կարծիքով՝ Մաքսային միությանն անդամակցության վերաբերյալ հանրաքվեն իշխանություններին հնարավորություն կտա թաքնվել ժողովրդի ետեւում:

– Սեպտեմբերի 3-ից՝ նախագահի մոսկովյան հայտարարությունից, արդեն բավականին ժամանակ է անցել, կարծես առավել սթափ գնահատականների ժամանակն է: Ձեր տպավորությամբ՝ այնուհանդերձ, ինչո՞վ էր պայմանավորված նախագահ Սարգսյանի մոսկովյան անակնկալ հայտարարությունը:

– Հայտարարությունն անակնկալ չէր եւ միանգամայն համահունչ էր Հայաստանում քաղաքական որոշումներ կայացնելու ոլորտում ձեւավորված ավանդույթին: Որոշ առումով իր ձեւով սա «ֆուտբոլային» դիվանագիտության հռչակման հանգամանքները կրկնող հերթական դրվագն է` պարոն Սերժ Սարգսյանը Մոսկվայից Հայաստանի ժողովրդին «անակնկալ» է մատուցում: Կարծում եմ, այնուամենայնիվ, սա մարտավարական քայլ էր, որը կատարվեց Ալիեւ-Պուտին օգոստոսյան հանդիպման եւ Ադրբեջանում անցկացվելիք նախագահական ընտրությունների միջակայքում Ռուսաստանի նախաձեռնությամբ` ադրբեջանական իշխանական կլանը սթափեցնելու նպատակով: Հայաստանի գործող իշխանության համար գոյություն չունի Եվրամիություն-Մաքսային միություն երկընտրանքի խնդիր` նախապատվությունն ի սկզբանե տրված է եղել Մաքսային միությանը, ավելի ճիշտ կլինի ասել` Ռուսաստանին: Այլ հարց է, որ ունենալով այս նախապատվությունը՝ ՀՀ իշխանական վերնախավը ամենեւին դեմ չի լինի առավելագույնը ստանալ Եվրոպայից:

– Ի՞նչ տեղ, դիրք կամ չափաբաժին ունի Մաքսային միությանն անդամակցության այս ամբողջ պատմության մեջ ԼՂ խնդիրը, քանի որ ի հավելումն Հայաստանի անվտանգության հարցի՝ իշխանության ներկայացուցիչները բերում են նաեւ ԼՂ խնդրի չկարգավորվածության հանգամանքը: Այն ողջ ընթացքում՝ չորս տարի, որ ԵՄ-ի հետ բանակցություններ էին վարվում, այդ խնդիրները չկայի՞ն, թե՞ մեր իշխանավորները չէին պատկերացնում, որ դրանք լուրջ են:

– Ամեն դեպքում պետք է հաշվի առնենք այն, որ Սերժ Սարգսյանի կողմից հնչեցված Մաքսային միությանը միանալու ցանկության մասին հայտարարությունն ու իրական միացումը նույն բանը չեն: Չի բացառվում, որ վերը հիշատակված ավանդույթի ուժով վերջին պահին որոշվի, որ առաջնայինն, այնուամենայնիվ, Եվրամիության հետ ասոցացումն է:
Ինչ վերաբերում է Արցախի խնդրին` Հայաստանի այսօրվա իշխանական օղակներում շատ քիչ են այն մարդիկ, ովքեր պատկերացում ունեն այս հիմնահարցի նրբությունների մասին, եւ է՛լ ավելի քիչ են նրանք, ովքեր հասկանում են, թե իրականում ինչպես են կայացվում Հայաստանի համար բախտորոշ որոշումները:

– Ընդդիմադիր դաշտի շատ գործիչներ տեսակետ են արտահայտում, որ Սերժ Սարգսյանը պետք է համարձակություն դրսեւորի եւ Մաքսային միությանն անդամակցելու հարցը հանրաքվեի դնի: Կարծում եք՝ դա ստեղծված իրավիճակից ե՞լք է:

– Այդ առաջարկով հանդես եկողները մոռացել են, որ Հայաստանում ժողովրդի կամարտահայտությունը ԿԸՀ-ի պաշտոնական տվյալների միջոցով վերածվում է «կամարտահայտության»: Հանրաքվեն այս հանգամանքներում պարզապես թույլ կտա պատասխանատուներին թաքնվել ժողովրդի թիկունքում եւ վերջինիս վրա բարդել արված «ընտրության» պատասխանատվությունը: Բայց քավ լիցի, Ձեր նշած գործիչներից շատերն առաջին անգամը չէ, որ այսօրինակ ծառայություն են մատուցում:

– Եվրոպացի պաշտոնյաների՝ Շտեֆան Ֆյուլեի գլխավորությամբ, այցը Հայաստան եւ Երեւանում նրանց արած հայտարարությունները կարծես հստակություն մտցրին Հայաստան-ԵՄ հետագա հնարավոր համագործակցության հարթակների մասով, թեեւ ՀՀԿ-ականներն այսօր էլ շարունակում են պնդել, որ Ասոցացման համաձայնագրի ուղղությամբ աշխատանքները շարունակվում են, եւ ակնկալում են, որ Վիլնյուսում, այնուհանդերձ, ինչ-որ բան կստորագրվի: Կհաջողվի՞ մեր դիվանագետներին այնքան ճկունություն դրսեւորել, որ առավելագույն օգուտները մեր երկրի համար հնարավոր լինի կորզել՝ Մաքսային միությունից եւ ԵՄ-ից:

– Հայաստանը, չունենալով տնտեսական պատշաճ ներուժ, հանդիսանում է տարածաշրջանային կարեւոր ռազմաքաղաքական դերակատար, եւ ես չեմ կարծում, որ ԵՄ-ն կդադարեցնի այստեղ իր ազդեցությունն ավելացնելուն ուղղված ջանքերը: Նախկին մարտավարությունը ներառում էր ընտրությունների արդյունքների պաշտպանություն եւ հաստատում` արդյունքում Սերժ Սարգսյանը հայտնեց Մաքսային միությանը միանալու իր ցանկության մասին: Կհանգեցնի՞ դա արդյոք եվրոպական մարտավարության փոփոխությանը, թե՞ ոչ` ժամանակը ցույց կտա:

– Արդեն մի քանի օր է՝ տնտեսական հաշվարկներ են ներկայացվում առ այն, որ Մաքսային միությանն անդամակցության պարագայում գազը, այլ էներգակիրներ Հայաստանին կտրամադրվեն ներռուսական գներով, խոսվում է տեսանելի ապագայում՝ մինչեւ հինգ տարվա ընթացքում, Աբխազական երկաթուղու վերաբացման մասին եւ այլն: Նման ակնկալիքները հուսադրո՞ղ են:

– Այս պահին այդ բոլոր հաշվարկները հարմարեցվում են քաղաքական իրողություններին եւ շատ հեռակա կապ ունեն իրականության հետ: Ովքեր խոսում են Աբխազական երկաթուղու շուտափույթ բացման մասին, իրական պատկերացում չունեն աբխազական իրողությունների մասին, եւ նրանց հույսն այն է, որ եթե ռուսները ցանկանան, աբխազները անհապաղ երկաթուղին կբացեն: Պարզունակ լուծումները գայթակղիչ են հնչում, բայց սովորաբար իրականության հետ կապ չունեն:

Զրույցը`  ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Maxim says:

    Երբ մի մարու ողջ կենսագրությունը շաղախված է դավադրություններով, հնարավոր չի այդ մարդուց
    սպասել ուրշ բան, քան սեփական շահը դասել ամեն ինչից վեր՝, ազգից, ժողովրդից, երկրից:

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30