Այսօր «Անի» պլազայում Քաղաքացիական զարգացման եւ համագործակցության հիմնադրամն ու քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներկայացուցիչները ծանոթացրեցին ՔՀԿ կայունության ինդեքսի 16-րդ հրատարակության արդյունքների հետ, ինչպես նաեւ քննարկեցին Հայաստանում քաղաքացիական հասարակության զարգացման միտումները, մարտահրավերները:
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը (ԱՄՆ ՄԶԳ) հրապարակել է ՔՀԿ Կայունության ինդեքսի (ՔՀԿԿԻ) 16-րդ հրատարակությունը՝ տարածաշրջանում ակտիվ մեծաքանակ ոչ առեւտրային քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) ընդգրկման համար։ Այն ուսումնասիրում է քաղաքացիական հասարակության համար ընդհանուր բարենպաստ միջավայրը՝ կենտրոնանալով իրավական դաշտի, կազմակերպչական կարողությունների զարգացման, ֆինանսական կենսունակության, շահերի պաշտպանության, ծառայությունների մատուցման, ենթակառուցվածքների հասարակական ընկալման վրա։
Տարածաշրջանի կտրվածքով, ՔՀԿ-ներն ընդլայնում են իրենց գործունեության ասպարեզը եւ նոր միջոցներ կիրառում՝ քաղաքացիներին եւ կառավարությանը ներգրավելու համար, ինչպես օրինակ շահերի պաշտպանության նոր օրակարգերի խթանումը, առցանց հաղորդակցության արագ աճը: Սակայն դեռեւս առկա են մարտահրավերներ, ներառյալ իրավական սահմանափակումները, շարունակվող ֆինանսական դժվարությունները, թափանցիկության պակասը եւ տարածաշրջանային կտրուկ տարբերությունները, որը սպառնում է կանգնեցնել կամ նույնիսկ ետ մղել ՔՀԿ ընթացիկ դրական զարգացումը:
Միջոցառմանը ներկա էին` ԱՄՆ ՄԶԳ Հայաստանի տնօրեն Քարեն Հիլլիարդը, Արդարադատության փոխնախարար Արամ Օրբելյանը, Քաունթերփարթ Ինթերնեշնլ Հայաստանի տնօրեն Քարել Հոֆստրան, ՔԶՀՀ փորձագետ Տաթեւիկ Մարգարյանը եւ այլք:
Կարդացեք նաև
Քարել Հոֆստրան իր խոսքում նշեց, որ իրենք աջակցում են քաղաքացիական հասարակությանը տարբեր ձեւերով: «Ուրախ ենք տեսնել բարելավումը, դա թեւ փոքրիկ է, բայց ցույց է տալիս, որ քաղաքացիական հասարակությունը գնալով ավելի մեծ ազդեցություն է ունենում հասարակության վրա: Բարելավումն առկա է օգտագործվող տարբեր միջոցներից, հատկապես օնլայն մեդիայի ոլորտում: Օրենսդրական դաշտը եւս բարելավման փուլում է: Այս առումով` արդարադատության նախարարության եւ Արամ Օրբելյանի ղեկավարությամբ աշխատանքային խումբ է ձեւավորվել ու մենք ակնկալում ենք, որ կմշակվեն նախագծեր»:


Եվա ՀԱԿՈԲՅԱՆ


















































