Լրահոս
Օրվա լրահոսը

Իրավապաշտպան գործունեությունը՝ շքեղությո՞ւն

Հոկտեմբեր 10,2013 11:51 Share

Փաստաբանները չեն հանդուրժի

2010թ. ԱԺ-ում շրջանառության մեջ դրվեց «Շքեղության հարկի մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որով պետք է լրացուցիչ հարկվեին որոշակի չափաքանակներ եւ արժեք ունեցող, շքեղ համարվող գույքի սեփականատերերը, իսկ հարկված գումարներն ուղղվեին սոցիալապես անապահով անձանց կարիքները բավարարելուն, ինչն էլ կնպաստեր սոցիալական արդարության հաստատմանը:

Այդ օրենքի նախագիծը, սակայն, շրջանառությունից հանվել է, բնականաբար, որպեսզի շքեղություն սիրող կոռումպացված պաշտոնյաներն ու նրանց հետ փոխկապակցված օլիգարխները լրացուցիչ չհարկվեն:

Արդարադատության նախարարությունը, սակայն, որոշեց, որ Հայաստանում շքեղություն է իրավապաշտպան գործունեությունն ու քաղաքացիական հասարակության ինստիտուտ լինելը, ինչի համար էլ լրացուցիչ պետք է հարկվեն իրավապաշտպան փաստաբանները, անունն էլ դնելով պետական տուրք եւ նախարարության կայքում 04.10.2013թ.-ից շրջանառության մեջ է դրվել «Փաստաբանության մասին» ու «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքներում փոփոխություն կատարելու մասին նախագծերը:

Նախ ասեմ, որ «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքով է սահմանված, որ փաստաբանական գործունեությունը իրավապաշտպան գործունեություն է, իսկ փաստաբանությունը` քաղաքացիական հասարակության ինստիտուտ, որը չի մտնում պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների համակարգի մեջ, այլ գործում է անկախության, ինքնակառավարման եւ այլ սկզբունքների հիման վրա։

Իրավապաշտպան փաստաբանները, սակայն, մեր երկրում չունեն հարկային որեւէ արտոնություն, վճարում են բոլոր այն հարկատեսակները, որը վճարում է ցանկացած ձեռնարկատեր, ցանկացած օլիգարխ, սակայն պարզվում է, որ դա քիչ է եւ փաստաբանները տարեկան լրացուցիչ պետք է վճարեն եւս 60.000 դրամ, որն էլ, ըստ օրենքի նախագծի հիմնավորման, պետք է ուղղվի հանրային պաշտպանի գրասենյակի ֆինանսավորմանը: Սա այն դեպքում, երբ Սահմանադրության 1-ին եւ 20-րդ հոդվածների ու «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 6-րդ եւ 45-րդ հոդվածների համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իրավաբանական օգնություն ստանալու իրավունք, իսկ պետությունը պարտավոր է պետական բյուջեի հաշվին ապահովել սոցիալապես անապահով անձանց` անվճար իրավաբանական օգնություն ստանալու իրավունքը:

Բայց դե պետությունը հո օլիգարխներից հարկվող շքեղության եւ այլ հարկերի   հաշվին չի՞ ապահովելու անապահով անձանց, դա պետք է արվի իրավապաշտպանների հաշվին, քանի որ մեր մոտ իրավապաշտպանությունն է դառնում շքեղություն:

Նշված օրենքների ընդունումը մեծ հարված կհասցնի իրավապաշտպան  փաստաբաններին ու քաղաքացիական հասարակությանը եւ ցածր վարձատրվող շատ փաստաբաններ, որոնք, ի դեպ, սպասարկում են ցածր վճարունակություն ունեցող անձանց, ի վիճակի չլինելով վճարել շքեղության այդ տուրքը, պարզապես կհրաժարվեն իրենց արտոնագրերից, իրենց հաճախորդներին թողնելով առանց իրավական օգնության եւ դաշտում կմնան միայն բարձր վարձատրվող փաստաբանները, որոնք, սակայն, չեն կարող եւ չեն սպասարկի ցածր վճարունակություն ունեցողներին:

Մենք դա թույլ չենք տա:

ԿԱՐԵՆ ՄԵԺԼՈՒՄՅԱՆ

փաստաբան

Հ.Գ. Հնարավոր է, որ հոկտեմբերի 4-ին շրջանառության մեջ դրված եւ որեւէ ողջամիտ հիմնավորում չունեցող օրենքների նախագծերը կապված են Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության հետ եւ այդ կապակցությամբ ընդունվելիք շուրջ 40 օրենքների մասն է կազմում, տվյալ դեպքում խնդիր ունենալով իրավապաշտպանությունը Հայաստանում հասցնել Բելառուսի մակարդակին:

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031