Լրահոս
Օրվա լրահոսը

Դատապարտվեց ցմահ ազատազրկման

Նոյեմբեր 04,2013 19:32

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արշակ Վարդանյանն աշխատանքային օրվա ավարտից հինգ րոպե առաջ հրապարակեց ՊՆ «Խաչակիրներ» հասարակական կազմակերպության նախագահ Վաղարշակ Աբաջյանի եւ նրա որդու`բժշկական համալսարանի  ուսանող Հակոբ Աբաջյանի դատավճռի եզրափակիչ մասը:Վաղարշակ Աբաջյանը դատապարտվեց ցմահ ազատազրկման, որդին` տասնվեց տարվա ազատազրկման:

Դատավորը դեռ չէր ավարտել հրապարակումը, երբ Վ.Աբաջյանը սկսեց սեռական բնույթի հայհոյանքներ տալ մեղադրանքը պաշտպանած դատախազին` Ա.Հակոբյանին: Նա հեռացվեց նիստերի դահլիճից, իսկ այդ ընթացքում ուշագնաց եղավ նրա կինը:
Աբաջյանները մեղադրվում են ամուսիններ, «Մենք մերոնցով» թերթի գլխավոր խմբագիր Ալվարդ Աբրահամյանին, նրա ամուսնուն` Յուրի Սրապյանին առանձնակի դաժանությամբ սպանելու, խարդախության համար:
Վաղարշակ Աբաջյանը համակարգչային շարվածքով, երեսունվեց էջանոց պաշտպանական ճառով հանդես եկավ, ասելով, որ իրականում տուժողն ինքն է, որ Ալվարդն իր անունից գումարներ է վերցրել տարբեր անձանցից, էժան գներով բնակարաններ գնելու համար:
Նա ասաց, որ Յուրայի հրելու, անզգույշ մահ պատճառելու, հետո դիակը թաքցնելու դրվագն  ընդունում է, բայց Ալվարդի սպանությունն իրենք չեն արել, եւ որդին ինքնախոստովանական ցուցմունքներ է տվել ոստիկանների խոշտանգումների արդյունքում: Ի դեպ, խոշտանգումների գործով իրենց դիմումը մարդու իրավունքների եվրոպական դատարանում է:
Հանգուցյալ Ա.Աբրահամյանի մարմնում փորձագետները հայտնաբերել են սեռական բռնարարքն ապացուցող հետքեր:Ստուգվել են հայր եւ որդին, նրանց արյան մեջ  այլ հետքեր առկա չեն եղել: Ըստ ամբաստանյալի, նախաքննության մարմինը չի պատասխանել.հետմահո՞ւ են բռնաբարել Ա.Աբրահամյանին, թե՞  սպանությունը կատարվել է այլ շարժառիթներով:
Ամբաստանյալն ասաց, որ իրենք մինչեւ Եվրոպա դիմելու են`խոշտանգումներով հարուցված քրեական այս գործի համար:
Ամբաստանյալի պաշտպան Ռուբեն Ռշտունին ասաց, որ ի վիճակի չէ հանդես գալ պաշտպանական ճառով` նկատի ունենալով այն, որ դատական նիստի ավարտին կես ժամ էր մնացել, եւ նաեւ այն, որ ինքը դատարան է ներկայացել հիվանդ: Դատարանը արձանագրեց, որ սեպտեմբերի  չորսից պաշտպանին տրվել է այդ հնարավորությունը, եւ նա չի օգտվել իր այդ իրավունքից: Պաշտպանական ճառով հանդես եկավ Հակոբ Աբաջյանը: Նա խնդրեց, որ արժանահավատ համարվի  դատարանում տրված իր ցուցմունքները:

 

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930