Հակակոռուպցիոն դատարանում՝ դատավոր Վահե Դոլմազյանի նախագահությամբ, Սամվել Կարապետյանի և մյուսների գործով դատական նիստի ընթացքում այսօր հարցաքննվեց Արցախի ներդրումային հիմնադրամի նախկին տնօրեն Էռնեստ Գրիգորյանը։
Վկան գործով մեղադրյալներից ճանաչեց միայն Անդրանիկ Խաչատրյանին՝ նշելով, որ նույն քաղաքից են։ Սամվել Կարապետյանին, նրա խոսքով, ճանաչում է որպես հանրային դեմքի և բարերարի։
Գրիգորյանը հիմնադրամի տնօրեն եղած ժամանակ ստորագրել է վիճահարույց պայմանագիրը, որով կազմակերպությունների պարտավորությունները զիջվել են Արցախի կառավարությանը։ Նրա խոսքով՝ ինքը կապ ունի միայն ցեսիայի պայմանագրի հետ, այսինքն՝ այն ստորագրել է, սակայն որոշումների կայացմանը չի մասնակցել։ Որոշումները, ըստ նրա, կայացվել են խորհրդի կողմից, որի նախագահն Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանն էր, իսկ կազմում ընդգրկված էին ֆինանսների նախարարը և այլ անձինք։
Կարդացեք նաև
«Ոչ մի բանակցային հարցի քննարկման չեմ մասնակցել։ Այդ որոշումն ընդունել է խորհուրդը։ Ընդհանուր պայմանագրերը պարզապես ստորագրել եմ»,- ասաց վկան։
Նա չհիշեց նաև, թե պայմանագրերն ինչի մասին էին և ինչ իրավական հիմքեր ունեին։
«Չեմ կարող հիշել, բայց ինչքան գիտեմ՝ վարկեր կային Արդշինբանկում, տեղափոխվում էին կառավարություն, հետո կառավարությունից եկել են ներդրումային հիմնադրամ։ Քննարկումներից տեղյակ չեմ, որոշումներին ծանոթ չեմ»,- նշեց Գրիգորյանը։
Նա նաև հայտնեց, որ տեղեկություն չունի՝ պարտավորությունների կատարման հետ կապված հայցեր ներկայացվե՞լ են, թե՞ ոչ։ Շեշտեց, որ դա տեղի չի ունեցել իր պաշտոնավարման ընթացքում, ապա հավելեց, որ ցեսիայի պայմանագրի կնքման վերաբերյալ ծանուցում եղել է։
Հանրային մեղադրողը վկային հարցրեց, թե ֆիզիկական անձանց դեպքում մինչև 3 մլն դրամի չափով պարտքերը հատուցելու պարագայում ինչպես պետք է հատուցվեին ՀԷԿ-երը կորցրած անձանց կամ կազմակերպությունների վնասները Վնասների հատուցման կոմիտեի կողմից։
Ի պատասխան՝ Գրիգորյանն ասաց, որ կառավարության որոշմամբ ստեղծվել էր Վնասների հատուցման կոմիտեն, որը կիրառում էր ներման մեխանիզմը։ Ըստ վկայի՝ կոմիտեն գնահատում էր վնասը, իսկ պետությունը՝ հատուցում։
Սամվել Կարապետյանի պաշտպաններից Արշակ Վարդանյանը վկայից հետաքրքրվեց՝ արդյոք որևէ շշուկ, տեղեկություն կամ կասկած ունի՞, որ գործով անցնող կազմակերպությունների հետ Սամվել Կարապետյանն առնչություն ունի։
Վկան պատասխանեց՝ ոչ։
Գործով մեղադրյալների պաշտպանները հարցաքննվող վկայի դատաքննական և նախաքննական ցուցմունքներում հակասություններ նկատեցին և պարբերաբար բարձրաձայնեցին նախաքննական փուլում քննիչի կողմից վկայի նկատմամբ գործադրված ճնշումների մասին։
Սամվել Կարապետյանի պաշտպան Արմեն Ֆերոյանի խոսքով՝ քննիչը նենգափոխել է փաստական տվյալները։
«Քննիչը նենգափոխել է փաստական տվյալները։ Մարդը լրիվ ուրիշ բան է ասել, ինքը տեքստում լրիվ ուրիշ բան է գրել։ Որ տեսնեք՝ ցուցմունքում ոնց է մի տեղ տոնը բարձրացնում, ճնշում գործադրում։ Հարցաքննության 25 րոպեի ընթացքում միայն վկայի ու քննիչի միջև տարաձայնություններ են։ Քննիչը պետք է հարցաքննի, վկան ինչ ասի, պետք է գրի, ոչ թե ասի՝ ոչ, այդպես չի եղել, այսպես է եղել, տոնը բարձրացնի։ Եթե սա նենգափոխություն չէ, սրանից ավելի լավ բառը հուշեք, բայց այսպիսի բան չեն անում։ Ուղղորդված քաղաքական հետապնդումն ակնհայտ է դառնում հենց այդ հարցադրումներից»,- ասաց պաշտպանը։
Հիշեցնենք, որ Սամվել Սարգսի Կարապետյանին մեղադրանք է առաջադրվել առանձնապես խոշոր չափերով՝ շուրջ 1.84 մլրդ դրամի հարկեր վճարելուց խուսափելը կազմակերպելու, ինչպես նաև մի շարք ընկերությունների միջոցով շուրջ 4.97 մլրդ դրամ հափշտակություն կազմակերպելու և հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու համար։
Բացի այդ, Կարապետյանին մեղադրանք է առաջադրվել «Ստրոյպրոյեկտ» ՓԲ ընկերության տնօրենների հետ նախնական համաձայնությամբ հանցավոր ծագում ունեցող և օրինական գործունեությամբ չհիմնավորվող առանձնապես խոշոր չափերի դրամական միջոցներն օրինականացնելու համար։
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ



















































