Լրահոս
Օրվա լրահոսը

«Գուցե տեսուչին ասել են՝ ուզես, չուզես, այդպես կգրես». Կարապետյանի պաշտպանները պահանջում են հարցաքննել ՊԵԿ տեսուչներին

Օգոստոս 06,2026 18:30 Share

«ՊԵԿ տեսուչների հարցաքննությունը չափազանց կարևոր է։ Այս քրեական գործի ապօրինության շղթայում տեսուչների գործողություններն ամենաառանցքային դերակատարումն ունեն։ Ունենք պարտքի զիջման մասին փաստաթուղթ, որով տեղի է ունեցել պարզապես պարտատիրոջ փոփոխություն, բայց տեսուչներն այդ պարտքի զիջման փաստաթուղթը դիտարկել են որպես պարտքի ներման փաստաթուղթ և դրանից բխող հետևություններ են արել։ Ասում են՝ եթե պարտքը ներվել է, առաջանում է հարկ, հարկը չեն վճարել, չվճարված հարկը դիտարկում են որպես հանցավոր ճանապարհով ձեռք բերված գումար և անհիմն տրամաբանությամբ տանում ու մարդկանց վրա բարդում փողերի լվացման հանցակազմ»,- այսօր Հակակոռուպցիոն դատարանում «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի գործով դատական նիստում ասաց նրա պաշտպաններից Արմեն Ֆերոյանը՝ ներկայացնելով այն սխեման, թե ինչպես է Կարապետյանին մեղսագրվել փողերի լվացման դրվագը։

Հիշեցնենք, որ այսօր պաշտպանական թիմը ներկայացրել է ապացույցների ցանկը, որոնք առաջարկում է դատարանին հետազոտել։ Դրանց թվում էր նաև ՊԵԿ-ի երկու տեսուչների հարցաքննությունը։

«Տեսուչին հարցեր պետք է տալ. հարգելի՛ տեսուչ, ինչի՞ց որոշեցիր, որ սա պարտքի ներում է, եթե գրված է՝ պարտքի զիջում։ Պարտավորություններ են թվարկված, որ պարտքը պետք է տաս այսքան ժամկետում… Դու ինչո՞ւ ես պարտքի ներման գործընթացի հաշվարկ իրականացրել, տվել դատախազությանը ու այսքան մարդու գցել թյուրիմացության մեջ»,- հավելեց Ֆերոյանը՝ զարմանալով դատախազի առարկությանը՝ իրենց այդ առաջարկի վերաբերյալ։

Հետո Ֆերոյանը հավելեց. «Ես խիստ անհանգստացած եմ մեղադրող կողմի մոտեցմամբ, որ իրենք համաձայն չեն դրա հետ։ Լրջագույն մտահոգություններ են մոտս առաջանում, որովհետև միգուցե տեսուչը գա ու մեզ ասի՝ այդպես եմ արել, որովհետև այս կամ այն պաշտոնյան զանգել է, ինձ ասել է՝ ընկեր ջան, ուզես-չուզես, այդպես պետք է գրես։ Բա չկանչե՞նք այդ մարդուն, հարցաքննենք։ Ի վերջո, այս գործի հիմքը դա է»։

Պաշտպաններից Արշակ Վարդանյանն էլ նկատեց, որ առանց այն էլ նախաքննության ողջ ընթացքում այս գործով այն աստիճանի կամայականություններ են թույլ տրվել, որոնք խոչընդոտել են իրենց մասնագիտական աշխատանքը և զրկել իրենց վստահորդին իր իրավունքների լիարժեք իրացման հնարավորությունից։ Ինչ վերաբերում է տեսուչների հարցաքննությանը, ապա, ըստ նրա, այն արդիական է և այս պահին անհրաժեշտ։

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31