Լրահոս
Օրվա լրահոսը

«Նեգրը», «իկ»-ը եւ «չիկ»-ը եւ բացասական կոնոտացիան

Նոյեմբեր 11,2013 11:07

 

Ամեն մի բառ ունի իր անմիջական, ծագումնաբանական, այսպես ասած՝ «վերացական» նշանակությունը: Բայց կա նաեւ լրացուցիչ, ոչ անմիջական իմաստ, որը ձեւավորվում է տվյալ լեզվի կրողների գիտակցության մեջ (connotation, կոնոտացիա): Օրինակ, երբ մենք ասում ենք՝ «աքլոր», «աղվես» կամ «ավանակ», ապա կախված համատեքստից, դա կարող է ոչ միայն տվյալ կենդանիների անվանումը լինել, այլեւ մարդկային որոշակի որակների այլաբանություն:

Ամենացայտուն օրինակն, իհարկե, ազգերի անուններն են: Մեզ համար «թուրքը» ոչ միայն էթնոսի անվանում է, այլեւ վայրագ, արյունարբու, բարբարոս մարդու հոմանիշ: Արդեն առիթ եմ ունեցել գրելու, որ կենցաղում դա սովորական բան է, հասարակական-քաղաքական բառապաշարում ես կգերադասեի դրանից խուսափել: «Թուրքը» մեզ համար նաեւ ադբեջանցին է: Ի դեպ, եթե մենք տվյալ ազգության ներկայացուցչին այդպես դիմենք Բաքվում, նա կամ կվիրավորվի կամ՝ ոչ: Բայց խորհորդ չէի տա նույնն անել, ասենք, Թավրիզում՝ շատ փիս կնեղանա: «Ազերին» նույնպես բացասական «կոնոտացիա» ունի, եւ ես իմ ականջով  լսել եմ, թե ինչպես են թուրքերը (ազգությամբ թուրքերը) դեմքի բավականին արհամարհական արտահայտությամբ արտասանում էին այդ բառը:

Երբ ես ասում եմ, որ, օրինակ, «նեգր» կամ «ջհուդ» բառերը գրելը, արտասանելը ռասիզմի դրսեւորում է, ոմանք սկսում են վիճել, թե նման բառերը միանգամայն «անմեղ» ստուգաբանություն ունեն: Այդ վիճողները չեն հասկանում կամ, շատ ավելի հավանական է՝ չեն ուզում հասկանալ, որ այդ բառերը գործածվում եւ ընկալվում են բացասական իմաստով՝ անկախ իրենց ծագումնաբանությունից: Իմ մանկության տարիներին ասում էին՝ «սոխ», նկատի ունենանով, իհարկե, ոչ թե բույսը, այլ ռազմավարական դաշնակիցներին: Ուզում եմ ասել՝ ամենաանմեղ բառը՝ սոցիալական եւ հոգեբանական որշակի կապերի մեջ մտնելով, ստանում է վիրավորական իմաստ:

Ահա այս տեսանկյունից պետք է անդրադառնալ  քաղաքական գործիչների եւ ընդհանրապես հայտնի մարդկանց անունների հետեւից «կպնող» փաղաքշական մասնիկների խնդրին, որն անցած շաբաթ լրջորեն քննարկվել է Ազգային ժողովում: Բայց մինչ բուն հարցին անցնելը, մի փոքրիկ նկատառում. ռաբիս երգիչը, որին հանդիսատեսը ճանաչում է որպես «Արմենչիկ», կամ անձամբ, կամ իր PR մենեջերների միջոցով, ցանկանում է ներկայանալ առանց «չիկ»-ի (չգիտեմ, թե որքանով կհաջողվի այդ «ռեբրենդինգը»): Նրա մասին չեզոք, տեղեկատվական տեքստ գրելիս, մենք կաշխատենք այդպես էլ անել՝ որոշ ժամանակ, սակայն, հիշեցնելով «չիկը», որպեսզի պարզ լինի, թե ում մասին է խոսքը: Այսինքն՝ այս երգչի պարագայում «չիկը» սկզբից չուներ բացասական «կոնոտացիա», բայց հիմա արդեն սկսում է ձեռք բերել;

Բուն խնդրի վերաբերյալ: ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը վրդովվում է, երբ նրան փաղաքշական մասնիկով են դիմում: Եվ երբ նրա քաղաքական հակառակորդներն այդպես են դիմում կամ գրում, հիմքեր կան ենթադրելու, որ նրանք հատուկ վիրավորելու միտում ունեն: Ասում են, որ դա արվում է իր պատասխան ընդդիմադիրների սովորությանը՝ նույն ոճով անվանել Վատիկանում ներկայիս դեսպանին: Դրանից նույնպես, բնականաբար, արժե խոսափել, եթե անձնական հարձակում գործելու նպատակ չկա: Նույնը՝ ՀՀ նախագահի հարցում. անկախ նրանից, թե ինչ էր կամ ինչ է գրված նրա փաստաթղթերում, եթե «իկ» մասնիկը նրան եւ հանրապետականներին դուր չի գալիս, այն պետք չէ գործածել, դարձյալ՝ եթե վիրավորելու հատուկ միտում չկա: Մանավանդ, որ խոսքը, անկախ անձից, երկրի նախագահի մասին է (այդ խնդրին էլ եմ անդրադարձել):

Ընդհանուր սկզբունքը պետք է լինի նույնը: Պետք չէ խորանալ փաստաթղթերի կամ ծագումնաբանության մեջ: Այո, «նեգրը» պարզապես նշանակում է «սեւ»: Բայց եթե այդ գույնի մաշկ ունեցող մարդիկ տվյալ բառից վիրավորվում են, եւ դուք գիտեք դրա մասին, ուրեմն, «նեգր» բառը վիրավորանք է: Ձեւ մի արեք, որ դա չեք հասկանում: Ուրիշ հարց, եթե դուք գիտակցված ցանկանում եք վիրավորել եւ խոստովանում եք ձեր այդ ցանկությունը, չեք թաքցնում այն: Դա արդեն ճաշակի, դաստիարակության, մշակույթի խնդիր է:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. գոհար says:

    Այլևս հնարավոր չի կարդալ այս մեղրածոր հոդվածները

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930